2027 թվականից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը | Region

2027 թվականից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը

Նոյեմբեր 14,2025 15:05

2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի:

«Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա: Սա փաստացի գործող կարգավորում է: Որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում. որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։

Սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, առաջին անգամ՝ նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100-150 հազար դրամ տուգանք:

Նորություններ