Էրդողանը գնում է դեպի լիովին ավտորիտար ռեժիմի հաստատման՝ խոչընդոտելով Իմամօղլուի և նրա նման այլ ընդդիմադիրների ակտիվ մասնակցությունը Թուրքիայի քաղաքական կյանքին. Նելլի Մինասյան
Նոյեմբերի 11-ին Թուրքիայի դատախազությունը մեղադրանք առաջադրեց Ստամբուլի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուին 142 կետով՝ պահանջելով 2352 տարվա ազատազրկման դատապարտել հանցագործությունների համար։
Իմամօղլուն մեղադրվում է պետությանը 160 միլիարդ լիրա (3,8 միլիարդ դոլար) վնաս պատճառած կոռուպցիոն լայնածավալ ցանց ղեկավարելու մեջ։ Մեղադրական եզրակացությունը ներկայացվել է անցյալ երեքշաբթի։
Թուրք քաղաքական գործիչը բանտում է մարտ ամսից։ Նրա ձերբակալությունը հանգեցրեց Թուրքիայի ամենադաժան փողոցային ցույցերի ու անկարգությունների։ Մարտի սկզբին, դատախազի խնդրանքով, Ստամբուլի համալսարանը չեղյալ հայտարարեց քաղաքական գործչի դիպլոմը։ Դիպլոմային խարդախության գործով հետաքննության շրջանակներում դատախազները պահանջում են Իմամօղլուի համար գրեթե ինը տարվա ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք: Հուլիսին Իմամօղլուն դատապարտվեց մեկ տարի ութ ամիս ազատազրկման՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքին վիրավորելու և սպառնալու համար:
Սա վտանգում է նրա՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունները:
Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2027 թվականի ընտրություններում։
Թուրքագետ Նելլի Մինասյանը RegionsTV-ի հետ զրույցում նշում է՝ Էքրեմ Իմամօղլուն լուրջ ընդդիմադիր գործիչ է և Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքական մրցակիցը։ Նա համարվում է միակ քաղաքական գործիչը, որը կարող է էրդողանին հաղթել ընտրություններում, և, հետևաբար, նրա քաղաքական գործունեության բոլոր հնարավորությունները Թուրքիայի իշխանությունը փակում է։
«Քաղաքական հակառակորդների նկատմամբ այս տեսակի վերաբերմունքը նորություն չէ Թուրքիայում։ Հարկ է նշել, որ Էրդողանը գնում է դեպի լիովին ավտորիտար ռեժիմի հաստատման՝ խոչընդոտելով Իմամօղլուին և նրա նման քաղաքական այլ հակառակորդներին ակտիվորեն մասնակցելու Թուրքիայի քաղաքական կյանքին»,-ասում է Նելլի Մինասյանը։
Ստամբուլի դատախազը դիմել է բարձրագույն դատարան՝ Իմամօղլուի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) փակման հարցը քննարկելու համար։ Դիտորդները կարծում են, որ այս կուսակցության դեմ գործողությունները կարող են կապված լինել առաջիկա քաղաքային ընտրությունների հետ։ Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդին հեռացնելը թույլ կտա իշխող կուսակցությանը ամրապնդել իր դիրքերը Ստամբուլի և Անկարայի նման կարևոր քաղաքներում, որտեղ ԺՀԿ-ն ավանդաբար մեծ աջակցություն է վայելում։
Նելլի Մինասյանը կարծում է, որ ԺՀԿ-ի դեմ գործողությունները լուրջ ազդեցություն կունենան ներքաղաքական կյանքի վրա:
«Նախ, այն Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր և ինստիտուցիոնալ ուժն է: Երկրորդ, այն քեմալիստական սկզբունքների կողմնակից է, մասնավորապես՝ աշխարհիկության և արևմտյան արժեքների առումով: Էրդողանը մեծ նշանակություն է տալիս իսլամին և «նոր Թուրքիային», որտեղ իսլամը կարևոր դեր է խաղում: Նրա կառավարման ընթացքում իսլամը ամրապնդել է իր դիրքերը թուրքական ներքաղաքական կյանքում, նույնիսկ զինված ուժերում, որոնք պատմականորեն քեմալիզմի հենարանն են եղել: Այս կուսակցության դեմ գործողությունները լուրջ ազդեցություն կունենան ներքաղաքական կյանքի վրա: Ամենից առաջ, կարծում եմ, որ սա կապված է սահմանադրական բարեփոխումների հարցի հետ, որը Էրդողանը փորձում է իրականացնել»,-նշում է թուրքագետը:
Նելլի Մինասյանի խոսքով՝ վերջերս Թուրքիայում նախագահական ընտրությունները դարձել են ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, կարծիքներ կան նույնիսկ 2027 թվականին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին․« Այդ դեպքում Էրդողանը կունենա վերընտրվելու իրավունք։ Սակայն, եթե ընտրությունները տեղի ունենան ըստ ժամանակացույցի, այսինքն՝ 2028 թվականին, Էրդողանը չի կարողանա առաջադրվել, և տեղի կունենա իշխանության փոխանցում։ Կարծում եմ՝ դեռ վաղ է այս մասին խոսելու համար. պետք է սպասենք և տեսնենք»։
Զաբելա Ավագյան
