ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նահանջել։ Այս ամիս Եղիշե Մելիքյանի գլխավորած ընտրանին նահանջել է երկու հորիզոնականով՝ զբաղեցնելով 106-րդ հորիզոնականը։
Մեր ընտրանին ունի ընդհանուր 1196.08 միավոր։ Նոյեմբերին Հայաստանի ընտրանին պարտություններ է կրել Հունգարիայի (0:1) և Պորտուգալիայի (1:9) հետ խաղերում։
Վերջին մեկ տարվա ինֆոգրաֆիկան

Աղյուսակի առաջատարը Իսպանիան է՝ 1877.18 միավորով, թեև նախորդ ցուցանիշի համեմատ հավաքականը կորցրել է 3.58 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Արգենտինան է, որն ունի 1873.33 միավոր և գրանցել է չնչին՝ 0.9 միավորի աճ։ Լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 1870 միավորով, ինչը 7.29-ով ավելին է նախորդ ցուցանիշից։
Չորրորդ տեղում Անգլիան է՝ 1834.12 միավորով։ Լավագույն հնգյակը եզրափակում է Բրազիլիան, որը բարձրացել է 2 հորիզոնականով և այժմ ունի 1760.46 միավոր։
Վեցերորդ տեղում Պորտուգալիան է, որը նահանջել է 1 դիրքով՝ կորցնելով 17.62 միավոր և ունենալով 1760.38 ընդհանուր միավոր։ Նիդերլանդները նույնպես գրանցել է 1 դիրքի անկում՝ հանգրվանելով 7-րդ տեղում (1756.27 միավոր)։ 8-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բելգիան՝ 1730.71 միավորով։
Աղյուսակի վերջին երկու հորիզոնականներում գրանցվել է առաջընթաց․ Գերմանիան բարձրացել է 1 տեղով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը (1724.15 միավոր), իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Խորվաթիան՝ նույնպես 1 դիրք առաջխաղացմամբ և 1716.88 միավորով։
Մալթան ճանաչվել է ամենամեծ առաջընթաց գրանցած հավաքականը՝ բարձրանալով 5 դիրքով։
Ամենաշատ միավորներ վաստակել է Իռլանդիան՝ իր ցուցանիշին ավելացնելով +34.86 միավոր։ Կոսովոն գրանցել է իր պատմության նոր լավագույն արդյունքը՝ հասնելով 80-րդ հորիզոնականին։
Աղյուսակում ամենամեծ անկումը գրանցել է Սալվադորը՝ նահանջելով 6 հորիզոնականով։ Իսկ ամենաշատ միավորներ կորցրած հավաքականը Դանիան է, որի ակտիվից պակասել է -24.27 միավոր։
