Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող Լիդյա Մանթաշյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող Լիդյա Մանթաշյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Նա հունիսի 26-ին կալանավորվել էր 2 ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։
Լիդյա Մանթաշյանի շահերը ներկայացնող փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ ամեն նիստի գալուց առաջ փորփրում է դատական գործը, հատորները՝ հասկանալու, թե ի վերջո ինչու է մեղադրվում Լիդյա Մանթաշյանը, որ մի բան էլ պիտի մնա կալանքի տակ։
«Այս շինծու քրեական գործում ամենավտանգավորը ես եմ, Արթուր Սարգսյանի կալանքը բաց է, Բագրատ սրբազանինը բաց է, ես շատ վտանգավոր անձ եմ, իմը մինչև հիմա բաց չէ»,-դատարանում հեգնանքով հայտարարեց Լիդյա Մանթաշյանը։
Նա ասաց, որ այս գործընթացը «պատժի ձև է։ Ես գիտեմ, թե ինչի համար են ինձ պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ տեղեկություններ են հայտնի դարձել իմ միջոցով, իրենք նեղվում են դրանից; Իրենք կարող էին գործ հարուցել որպես զրպարտություն, բայց քանի որ դա զրպարտություն չի եղել,դրա համար էս գործի մեջ են ինձ խցկել»։
Մանթաշյանի համար տարակուսելի է, ինչպես ինքն ասաց՝ տարօրնակ, որ նույնիսկ Բագրատ սրբազանին շատերը կարող են տեսակցել, սրբազանը կարող է զանգահարել իր մտերիմներին, իսկ ինքը չի կարող․«Նույնիսկ քրեակատարողական հիմնարկում են տարօրինակ համարում, ամեն անգամ զարմանում են՝ո՞նց, քո արգելանքները դեռ չեն հանել»։
Լիդյա Մանթաշյանի փաստաբանն Տաթևիկ Սողոյանը հայտարարեց, որ Մանթաշյանը հինգ ամիս է՝ արտաքին աշխարհից մեկուսացված է, ԱԺ պատգամավորներին էլ թույլ չի տրվում տեսակցել նրան։
«Երբ փորձում եմ խորանալ, հասկանալ, թե ինչ ապացույց կա, ինչ հղում է արվում մեղադրական եզրակացությունում, պարզվում է՝ կա մի խոսակցություն Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի միջև, որտեղ երկուսով գունավոր ծուխ են փորձարկում, նոթատետրեր են, իսկ այս քրեական գործի ընթացքում Լիդյան ավելի մեծ ջանասիրությամբ է սկսել նոթեր գրել, հանցանքի մասին չվկայող և ժողովրդական անցման այդ տխրահռչակ փաստաթուղթը, որը ևս որևէ տվյալ չէր պարունակում բռնի գործողություն կատարելու»։
