«Մասնավոր սեփականության իրավունքից զրկելու նախադեպ»․Արթուր Մկրտչյանն՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու մասին | Region

«Մասնավոր սեփականության իրավունքից զրկելու նախադեպ»․Արթուր Մկրտչյանն՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու մասին

Նոյեմբեր 22,2025 15:03

«Համենայնդեպս, փորձ է արվել ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու որոշման համար իրավական դաշտ ստեղծելու և այն բավարար հիմնավոր ներկայացնելու համար:  Թե որքանով է ստացվել, կարող ենք իմանալ միայն խորը իրավական վերլուծությունից հետո»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտական գիտությունների թեկածու, դոցենտ Արթուր Մկրտչյանը։

Նոյեմբերի 18-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող ՀԷՑ-ը զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, կառավարությունն ու սեփականատերը՝ «Տաշիր կապիտալն», ըստ օրենքի, երեք ամիս ժամանակ ունեն բանակցելու․ կողմերը կարող են պայմանավորվել ՀԷՑ-ի վաճառքի շուրջ, համաձայնության չգալու դեպքում կառավարությունը կարող է այն  հանրային գերակա շահ ճանաչել։  Իսկ սա նշանակում է, որ պետությունը հսկայական ֆինանսական բեռ է ստանձնելու, բացի ընկերության բուն արժեքը, ազգայնացնելու դեպքում պետությունը նաև ընկերության պարտքերն է իր վրա վերցնելու։

Պարոն Մկրտչյանի խոսքով՝ չնայած Ազգային ժողովի՝ ՀԷՑ-ի մասով ընդունած օրենքը որոշակի իրավական օգուտ տվել է, բայց ամեն դեպքում Կարապետյանների  իրավաբանները բացեր գտնելու, և որոշումը բողոքարկելու են Արբիտրաժային դատարանում:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացմանն ու դրա ռիսկերին, ասաց․«Այս քայլով ստեղծվում է մասնավոր սեփականության իրավունքից զրկելու նախադեպ: Նմանատիպ գործարքը կարող է շատ լուրջ վնասել ներդրումային հետագա գործընթացներին: Այստեղ մեծ ռիսկեր կան: Ցանկացած ոչ ուղղորդված ներդրող  լուրջ անդրադարձ է կատարում, թե ի՞նչպես են տվյալ երկրում վարվում ներդրողների հետ: Արդյունքում նրանք կզգուշանան, որ հնարավոր է իրենց հետ էլ նույն կերպ վարվեն: Կա նաև պետական ներդրումների մասը, որտեղ ևս լուրջ ռիսկեր կառաջանան»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ հնարավոր է Կառավարության միջնորդությամբ մասնավոր ընկերություն ձեռք բերի ՀԷՑ-ը:  Ըստ Մկրտչյանի՝ որքան էլ կառավարությունը փորձի թաքցնել, սա հակառուսական քայլ է, ավելի շատ քաղաքական նպատակներ է հետապնդում, և Ռուսաստանը միանշանակ, վաղ, թե ուշ արձագանքելու է դրան:

Թե ինչպե՞ս կանդրադառնա այս որոշումը Հայաստանի էներգետիկ ոլորտի վրա, և ի՞նչ խնդիրներ կառաջանան համակարգի կատավարման տեսանկյունից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցանկացած կառույց քանդելիս՝ տեղը աղբակույտ է մնում: Մենք խնդրիրներից անմասն չենք մնալու, ու չպետք է պատկերացնենք, որ շատ արագ դրական փոփոխություններ ենք տեսնելու: Դա հնարավոր է  միայն այն դեպքում, երբ միանգամից մեծ ներդրումներ կատարվեն»:

Սակայն այս պահին, ըստ Մկրտչյանի, դա իրատեսական չէ՝ մի քանի պատճառներով. «Հայաստանյան շուկան շատ փոքր է, գնողականությունը շատ ցածր, ու այստեղ մենք պետք է հարցնենք մեզ՝ քանի՞ ներդրող պատրաստ կլինի լուրջ ներդրում անել ՀԷՑ-ում: Պետք է հաշվի առնենք նաև այն, որ էներգառեսուրսներով մենք ուղղակիորեն կախված ենք ռուսական կողմից: Գազը, բենզինը, նաև ատոմակայանն է ռուսական կառավարման ներքո: Մենք պետք է գիտակցենք, թե ի՞նչ քայլերի կարող են մեր դեմ անել: Մյուս կողմից, Հայաստանը դարձել է ռուս-ամերիկյան շահերի բախման կետ, իսկ մեր կառավարությունը, վստահաբար, հավուր պատշաճի չի գնահատել առկա ռիսկերը՝ նրանք չեն տիրապետում ահռելի քանակի ինֆորմացիայի»:

էլեկտրաէներգիայի շուկան ազատականացված է, նոր խաղացողներ են մտնում, նրանք արտադրողներից ուղիղ գնում են էլեկտրաէներգան, մենաշնորհային դիրքը կարծես կոտրվում է, մրցակցություն է առաջանում՝ թեև առայժմ միակ բաշխողը ՀԷՑ- է, արդյոք ազատականացված շուկան ավելի գրավիչ է ՀԷՑ-ի նոր գնորդի համար։

Այս առնչությամբ էլ Արթուր Մկրտչյանն ասաց՝ այդ ամենը երկար չի շարունակվի, շուկայի ազատականացման մասին տարածվող խոսակցությունները նրա կարծիքով՝ լուրջ չեն․«ՀԷՑ-ը ահռելի բաշխիչ ցանց է: Լուրջ չէ մտածելը, որ ինչ-որ մեկը կարող է բաշխիչ ցանց ստեղծել, դա ահռելի գումարների ծախս է պահանջում: Այսօր ՀԷՑ-ը գնահատվում է 350-400 միլիոն դոլար՝ հետխորհրդային ժամանակներից մնացած համակարգերով: Նորը ստեղծել դեպքում այդ գինը էականորեն կաճի: Շուկայում գործում է՝ շահույթ-շահաբաժին-հետգնում համակարգը: Պետք է իրատես լինել, և զերծ մնալ պոպուլիստական հայտարարություններից, ո՞վ պատրաստ կլինի նման ներդրում կատարել: Դրա համար անհրաժեշտ կլինի մի քանի անգամ թանկացնել էլեկտրաէներգիայի գինը, ո՞վ կգնա այդ քայլին»:

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ