«Քանի դեռ Լիդյա Մանթաշյանը մեկուսարանում է, մեր բողոքի ցույցերը շարունակվելու են»․նստացույց գլխավոր դատախազության շենքի դիմաց | Region

«Քանի դեռ Լիդյա Մանթաշյանը մեկուսարանում է, մեր բողոքի ցույցերը շարունակվելու են»․նստացույց գլխավոր դատախազության շենքի դիմաց

Նոյեմբեր 24,2025 13:22

«Հայաստանում կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում հոդվածով: Դա շինծու գործ է, շինծու մեղադրանք, և ես այս ակցիայի միջոցով փորձում եմ հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին, որպեսզի հնարավորինս շուտ ազատություն լինի Լիդյա Մանթաշյանին»,-գլխավոր դատախազության շենքի դիմաց ի աջակցություն Լիդյա Մանթաշյանի բողոքի ցույցի ժամանակ ասաց նստացույցի կազմակերպիչ, մի քանի պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Արման Պետրոսյանը:

 Հիշեցնեք, որ Լիդիա Մանթաշյանը «Սրբազան շարժման» անդամ է: Նա «սրբազան պայքար»-ի գործով կալանավորված միակ կինն է: Ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 26-ին: Նոյեմբերի 20-ին դատարանի որոշմամբ մերժվեց  նրա  պաշտպան՝ Տաթևիկ Սողոյանի կողմից խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ  ներկայացված միջնորդությունը, ու նրա կալանքը երկարացվեց ևս 3 ամսով: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։

Պետրոսյանն ասաց, որ այս նստացույցով ցանկանում են հանրության ուշադրությունը գրավել խնդրի վրա, հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, որոնք, ըստ նրա, լռում են այս հարցի վերաբերյալ,  փորձում են նաև արվեստի բնագավառի ներկայացուցիչների, ԱԺ կին պատգամավորների, ու կին լրագրողների ուշադրությունը. «Այսօր այս խնդրի առաջ կանգնած է Լիդյա Մանթաշյանը, հաջորդը կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրը»։

Նա վստահեցրցեց, որ նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Լիդյա Մանթաշյանը գտնվում է մեկուսարանում, իր խոսքով՝ երկաթե դռներից այն կողմ:

Հարցին, ի՞նչ սպասելիքներ ունեն դատական համակարգից, քրեական գործի արդար քննության հետ կապված, Պետրոսյանը պատասխանեց.«Օրեցօր մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ հավատը մարում է: Դատական գործով անցնում եմ նաև ես, կալանավորվել եմ դատական բռնաճնշումների հետևանքով՝ քաղաքական ենթատեքստից ելնելով: Բայց եթե նրանք բաց թողնեն Լիդյա Մանթաշյանին, ինչ-որ չափով կբարձրացնեն իրենց անունը, ու հասարակության լայն շրջանակներում որոշակի վստահություն կունենան»:

Պետրոսյանը հորդորեց հասարակությանը միանալ իրենց, վստահեցրեց՝ եթե մարդկանց քանակը շատանա, իրենք կկարողանան ճնշել դատական համակարգին ու դատախազությանը, որպեսզի վերջիններս փոխեն իրենց որոշումը:

Ցույցի մյուս մասնակիցներից՝ Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր, հասարակական-քաղաքական  գործիչ Արամայիս Աղաբեկյանը ընդգծեց իշխանության գործելաոճի, քաղաքական պրոցեսնում կանանց օգտագործելու վտանգները.«Սա աննախադեպ վերաբերմունք է: Իշխանությունը ցույց է տալիս, որ մենք կին-տղամարդ չենք նայելու, ու թող չմտածեն, որ իրենք սեռով պաշտպանված են: Այն, ինչ կատարվում է, միանշանակ ցույց է տալիս, որ ժողովրդավարության անվան տակ իշխանության եկածը ոչ միայն հակառակ գործողություններն է իրականացնում, այլև նախկին իշխանություններին կարող է դաս տալ, թե ինչպես կարելի է ճնշել հակառակ թևին: Մի կողմում մարդիկ համացանցում իրենց դեմքերով  կարող են ներազգային ատելություն տարածել ու գտնվել հովանավորության տակ, մյուս կողմում մարդիկ իրենց խոսքի, կամ անգամ կտրտած ինչ-որ բաներ իրար կպցնելու արդյունքում դատապարտվել»:

Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը ըստ Արամայիս Աղաբեկյանի, երկրում իշխանության փոփոխությունն է, մյուս բոլոր հնարավոր լուծումները նրա կարծիքով իրատեսական չեն:

  Նիկոլ Մարգարյան

Նորություններ