«Ես նման խոսակցությունների մասին չեմ լսել։ Թե որ ընկերությունները պետք է ներգրավվեն, կորոշեն երկու կողմերը»․փոխնարարարը TRIPP-ում թուրքական ընկերության հնարավոր ներգրավման մասին
«Այս պայմանագիրը Հայաստանին տալիս է հնարավորություն ստանալու հրավեր ու որոշել՝ մասնակցել այդ առաքելություններին կամ չմասնակցել։ Այս պահին վաղաժամ է մանրամասնել, թե որտեղ Հայաստանը կմասնակցի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելուն, և զուգահռ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը։
Փոխնախարարը նշեց՝ ճիշտ է, Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն չի խոչընդոտելու նաև որոշումների և փաստաթղթերի ընդունմանը։
Հարցին, ի՞նչով է պայմանավորված Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս չգալը այս պայմանններում, Սաֆարյանը պատասխանեց․«Այս փուլում մեր քաղաքականությունը այսպիսին է՝ Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը վարում է ըստ ձևավորվող իրավիճակի, իր շահերի հիման վրա։ Արդեն հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Եթե լինի հավելյալ տեղեկատվություն, մենք կտեղեկացնենք»։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետներին՝ Մնացական Սաֆարյանը հիշեցրեց, որ այդ մասին նախարարն ավելիվաղ մանրամասներ է ներկայացրել․«Այս փուլում ավելացնելու բան չունեմ։ Գործընթացը նորմալ շարունակվում է, և մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այդ առումով կան անընդհատ շփումներ, բայց հստակ ժամկետներ չեմ կարող նշել»։
Անդրադառնալով TRIPP նախագծին, մասնավորապես, մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նախագծում բացի Հայաստանից և ԱՄՆ-ից, ներգրավվելու է նաև, երրորդ երկրից ընկերություն՝ թուրքական, փոխնախարարն ասաց․«Այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, ես նման խոսակցությունների մասին չեմ լսել։ Այլ մանրամասներ այժմ չկան։ Թե որ ընկերությունները պետք է ներգրավվեն, կորոշվի երկու կողմերի խորհրդակցության արդյունքում։ Բնականաբար, ընկերությունների ընտրությունը պետք է համապատասխանի երկու կողմերի շահերին, ու առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերությունը։ Այս պահին քնննարկումները հենց դրա վերաբերյալ են»։
Նիկոլ Մարգարյան
