«Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին, Բաքուն այլ պահանջներ կներկայացնի՝ խուսափելու խաղաղության պայմանագիրը ստորագրելուց»․Վարդանյան
«Կարևոր է՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո»: Պետական ծառայողների առջև նոյեմբերի 22-ի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում՝ ինչո՞ւ հենց խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ եթե հանրաքվեով ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեն, ինչպիսի՞ն է լինելու նոր Սահմանադրությունը, արդյոք Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագիրը և դրանում ամրագրված Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը հանվելու է։ Սրա մասին, ի դեպ, վարչապետ Փաշինյանը չի խոսել։
Վարչապետը միայն նշել է, որ «Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը: Սա, ընդ որում, վերաբերվում է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին»։
Նա ասել է, որ Հայաստանի ներքին լեգիտիմությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ նոր Սահմանադրություն։
«Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»,-ասել է Փաշինյանն ու հավելել, որ Հայաստանի քաղաքացիները օտարություն են զգում գործող Սահմանադրության և օրենքների նկատմամբ, քանի որ 1995 թվականից և դրանից հետո քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ Սահմանադրությունը բխում է իր կամքից:
Ըստ նրա՝ սահմանադրական հանրաքվեների արդյունքների նկատմամբ հասարակությունում կասկածներն ավելի շատ են եղել, քան վստահությունը։
«Ինչո՞ւ նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ: Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն․․․ Նոր Սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել՝ ինժեներական խնդիր՝ պայմանականորեն, Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աէրոդինամիկա՝ էլի պայմանական, և աէրոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում՝ ավտոմեքենա՞, ինքնաթի՞ռ, թե՞ տիեզերանավ»։
Նա նշել է, որ կարրոև է, որ 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո լինի հանրաքվեն, որպեսզի այդ ընտրությունները հնարավորություն դառնան մասնակից ուժերի համար նոր Սահմանադրության շուրջ քննարկումներ ծավալելու համար․«․․․ իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համաձայն է Փաշինյանի հետ, որ մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, քանի որ գործող Սահմանադրությունն, ըստ նրա, իրականում ընդունվել է Սերժ Սարգսյանի համար:
RegionsTV-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց՝ 2015 թվականին ընդունված ՀՀ գործող Սահմանադրությունը ստեղծել է նախագահական համակարգ, որը փաստացի ամբողջ իշխանությունը փոխանցել է մեկ անձի:
Նրա խոսքով՝ այս Սահմանադրությունն ունի բազմաթիվ թերություններ, քանի որ մենք տեսնում ենք, որ հակակշիռների և զսպումների համակարգը չի գործում, իրավապահ և դատական մարմինները մեծապես կախված են իշխանություններից, և կառավարությունն ունի չափազանց շատ լիազորություններ․«Հետևաբար, մեզ անհրաժեշտ է ավելի հավասարակշռված Սահմանադրություն, որտեղ հակակշիռների և զսպումների համակարգը լիովին կգործի: 2026 թվականի ընտրություններից հետո նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն հնարավորություն է շտկելու այդ թերությունները և ստեղծելու ավելի ժողովրդավարական և արդար կառավարման համակարգ: Ահա թե ինչու եմ կարծում, որ մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն»:
Սակայն Արմեն Վարդանյանը համաձայն չէ Փաշինյանի այն պնդման հետ, որ կառավարության լեգիտիմությունը կախված է նոր Սահմանադրության արդյունքից։ Նրա կարծիքով՝ այս Սահմանադրությունն ընդունվել է լեգիտիմորեն․ «Չնայած ընտրություններն ու հանրաքվեն կեղծվել են, բայց ես հավատում եմ, որ մեր կառավարությունն իսկապես լեգիտիմ է։ Կառավարության լեգիտիմությունը կախված չէ Սահմանադրությունից, և սահմանադրական բարեփոխումը չպետք է դիտարկել որպես քաղաքական իշխանության լեգիտիմությունը բարձրացնելու կամ հաստատելու գործիք»։
Վարդանյանը համամիտ է Փաշինյանի հետ՝ խորհրդարան մտնող բոլոր քաղաքական ուժերը պետք է արտահայտեն իրենց կարծիքն ու դիրքորոշումը նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ։
«Փաշինյանը կարծում է, որ սա թույլ կտա երկրի քաղաքական ուժերին հանրությանը փոխանցել իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և հաղթող կուսակցությունը կունենա վերջնական խոսքը երկրի նոր Սահմանադրության մշակման գործում։ Սակայն նա լավ գիտի, որ եթե իշխանությունները ընտրություններից առաջ նոր Սահմանադրության ընդունման հարցը դնեն հանրաքվեի, ապա ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դեմ կքվեարկի դրան, քանի որ ՀՀ ընդդիմությունը կասի՝ տեսեք, ՀՀ քաղաքացիներ, սրանք Իլհամ Ալիևի պահանջներն են, և իշխանությունները կատարում են Ալիևի հրամաններն ու պահանջները։ Բնականաբար, ՀՀ բնակչության մեծամասնությունը կհավատա ընդդիմությանը և դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը, և հարցը կրկին կմտնի փակուղի»,-նկատեց Վարդանյանը։
Սակայն կա մեկ «բայց», ինչպես քաղաքագետն ասաց՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Փաշինյանը և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհաղթեն ընտրություններում, կամ որ Փաշինյանը կվերընտրվի ևս մեկ ժամկետով․ «Հետևաբար, շատ անպատասխան հարցեր են մնում»։
Վարդանյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում. Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական պայմանն է։
«Ես կարծում եմ (և ես արդեն մի քանի անգամ ասել եմ), որ Իլհամ Ալիևը չի ուզում խաղաղություն, և սա ընդամենը պատրվակ է խաղաղության գործընթացը խափանելու համար։ Նա չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ուստի շարունակում է արդարանալ։ Ես վստահ եմ, չնայած ես տեսականորեն ասացի, որ եթե հայ հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին, ապա Ադրբեջանը այլ պահանջներ կներկայացնի՝ խուսափելու այս խաղաղության պայմանագիրը ստորագրելուց։ Հետևաբար, ես կարծում եմ, որ սա ընդամենը պատրվակ է», – ընդգծեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Զաբելա Ավագյան
