«Եթե Փաշինյանն ուզում է բանակցությունների ամբողջական պատկերը տալ, թող ասի, թե ինչ է քննարկել Ալիեւի հետ տետ-ա-տետ՝ առանց օտար աչքերի եւ ականջների»․ Խաչատրյան | Region

«Եթե Փաշինյանն ուզում է բանակցությունների ամբողջական պատկերը տալ, թող ասի, թե ինչ է քննարկել Ալիեւի հետ տետ-ա-տետ՝ առանց օտար աչքերի եւ ականջների»․ Խաչատրյան

Դեկտեմբեր 05,2025 16:34

«Եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետք է հարուցվի այդ գործով, ոչ թե ջեբը պլան գցելու։ Դա ուղղակի վիրավորանք է ոչ միայն եկեղեցու, այլ նաեւ ժողովրդի նկատմամբ»,-այս մասին այսօր խորհրդարանում  ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը։

Նրա խոսքով՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքները ծաղր են մարդկային բանականության եւ սեփական ժողովրդի դեմ․« Իշխանությունների մոտեցումն է։ Անում եմ այն, ինչ ուզում եմ։ Չե՞ս ուզում։ Դե, ուրեմն արա այն, ինչ ուզում ես։ Հենց սա է այն սկզբունքը, որով գործում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները սկզբում ձգտում էին վարկաբեկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, հետո տեսան, որ նա հաստատակամ է, ուժեղ եւ կանգնած է կաթողիկոսի թիկունքին, իսկ կաթողիկոսը կանգնած է նրա թիկունքին․ «Արդյունքում՝ ծնվեց այս անհեթեթ մեղադրանքը։ Իսկ «գրպանում թմրանյութեր դնելը»  այլ կառույցներին բնորոշ ոճ է»։

Անդրադառնալով ԱԱԾ աշխատակիցների՝ հոգևորականներին ցուցում տալուն՝ պատարագի ժամանակ վեհափառի անունը չհնչեցնեն, պատգամավորն ասաց․«Այո, ԱԱԾ-ին կուղարկեն, որ եկեղեցականների հետ զրուցեն, չեմ բացառում, որ կուղարկեն, որ լրատվամիջոցների հետ զրուցեն։ Փաշինյանը փորձում է եկեղեցու միջի սատանաներին գտնել, որ Վեհափառի անունը զեղչեն»։

ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային փաստաթղթերի հրապարակման մասին էլ ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց՝ ի՞նչ էր բանակցել Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ Դուշանբեում, Աշխաբադում, Դավոսում, Մյունխենում․ «Դրա մասին որոշակի տեղեկություններ տվել է Ալիեւը պատերազմից մի քանի օր առաջ։ Նիկոլ Փաշինյանը չի հերքել, ուղղակի դժգոհել է, թե ինչո՞ւ եք գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպում։ Հետեւաբար, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է բանակցությունների ամբողջական պատկերը տալ, թող նաև նշի, թե ինչ է ինքը քննարկել Ալիեւի հետ տետ-ա-տետ՝ առանց օտար աչքերի եւ ականջների»։

 Տիրուն Մարգարյան

Նորություններ