«Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ»․նախարարը Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին
«Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ։ Եթե խոսքը վերաբերվում է անձի առողջությանը, ընդամենը պետք է, որ անձը դիմում ներկայացնի, դիմումը կքննարկվի և կներկայացվի համապատասխան մարմիններ և կձեռնարկվեն միջոցներ՝ ուղղված առողջության պահպանմանը»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ճամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։
Նախարարի խոսքով․ «Այն դիմումը, որը պետք էր ներկայացնել, չի ներկայացվել։ Ես հանձնարարել եմ որպեսզի, եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պիտի ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանն այսօր մոտենա և դիմումը վերցնի ու ներկայացնի ՊՈԱԿ։ Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես՝ արձանագրված։ Ես խոսում եմ փաստերի մասին, ես այն մարդն եմ՝ ով գիտի և պետք է իմանա այդ ոլորտի, և այնտեղ պահվող անձանց մասին և ես ձեզ տեղեկացնում եմ, որ բոլորի առողջական վիճակները գնահատվում է և մինչ այս պահը սուր խնդիր չի արձանագրվել։ Ցանկացած անձի առողջությունը, պետության հոգածության ներքո է, ով գտնվում է անազատության մեջ՝ անկախ նրանից, թե անձը ով է»։
Լրագրողների դիտարկմանը՝ վերջին մեկ տարվա ընթացքում անազատության մեջ գտնվող անձանց մահերի թիվն ավելացել է, այս տարի 23 մահ է գրանցվել, Գալյանը այլ ցուցանիշներ ներկայացրեց՝ մահերի ամենաբարձր ցուցանիշը 30 տարիների ընթացքում գրանցվել է 2014-2016 թվականներին։
«Սա ամենևին փաստարկ չէ ասելու, թե մահերը քիչ են։ Ոչ, մահերը շատ են և մահերը ունեն տարբեր պատճառներ։ Դրանցից ութը ինքնասպանություններ են, հիմնկան մասը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողներ են, ութը տեղի են ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում այսինքն՝ առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրանք տեղաոխվել են համապատախան բուժհաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել իսկ մյուսների մասով կարող եմ ասել, որ առավելապես կապված են եղել որոշակի առողջական խնդիրների հետ»։
Անդրադառնալով Աժ-ում օրենսդրական փոփոխություններին, ասաց, որ այսօր քննարկել են, որ անհրաժեշտ է արագացնել կառավարության որոշումների փոփոխության կատարումները, ըստ որի՝ սահմանվում է պատժի կրման և կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը․«Մենք դա փոփոխում ենք և առողջապահության նախարարության գործընկերների հետ աշխատանք արդեն արել ենք հանձնաժողովների փոփոխման մասով, որոնք արդեն գործում են։ Փորձելու ենք այնպիսի մոտեցում ունենալ, որպեսզի առանձին դեպքերում այն հիվանդությունները, որոնք չեն հատում այն շեմը, որոնք համապատասխանում են այդ ցանկի կոնկրետ հիվանդությանը, հնարավոր լինի գնահատել նաև հիվանդությունների համակցությունը, որպսզի այդ հիվանդությունների առկայության դեպքում անձինք կարողանան հավակնել չկրել պատիժը կամ խափանման միջոցը»։
Տիրուն Մարգարյան
