«Մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը»․ Աշոտ Դանիելյան | Region

«Մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը»․ Աշոտ Դանիելյան

Դեկտեմբեր 10,2025 13:55

Արցախի ներկայացուցչությունում, Արցախում անկախության հանրաքվեի տարեդարձի օրվան նվիրված այսօրվա միջոցառման ժամանակ Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի բռնազավթումը բոլորովին էլ չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ Նա նշեց, որ Արցախի ժողովրդի իրավունքների համար պայքարը, հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ այլ ելք չկա, քան վերադարձը Արցախ։

Նրա խոսքով՝ 2020 և 2023 թվականների ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան, որոնց ընթացքում կիրառվել են արգելված զինատեսակներ, վարձկաններ,  իրականացվել ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, նպատակ ունենային ոչնչացնել Արցախի ժողովրդին ոչնչացնելու նպատակով էր․« Այդ հանցագործությունների հետևանքով մեր ժողովուրդը ստիպված եղավ ապաստան գտնել մայր Հայաստանում, սակայն անկախ պետականություն ունեցող Արցախի Հանրապետությունը, որն ավելի քան երեք տասնամյակ եղել է մեր ժողովրդի ազատ կամքի արտահայտությունը, այսօր էլ շարունակում է իր գոյությունը, թեև ժամանակավորապես օկուպացված է մեր երկիրը, նախկին ղեկավարությունը գերեվարված։ Մեր ժողովուրդը ծանր փորձությունների միջոցով անցավ։ Ոմանք չդիմանալով հեռացան մայր Հայաստանից, քանի որ Հայաստանի իշխանությունը չստեղծեցին կենսապահովման նվազագույն պայմաններ, դեռ ավելին, ենթարկեցին նրանց հալածանքների։ Այդ անարդար մոտեցման զուգահեռ տեսանք նաև հայաստանցի և սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների բարոյական ու նյութական աջակցությունը, որի համար շնորհակալ ենք»։

Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը, այդուհանդերձ, ինչ նա նշեց՝ չենք մոռանալու Արցախը․«Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքական օրակարգից հանում են իրենց հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, մենք պարտավոր ենք ընդդիմանալ այդ մոտեցմանը։ Մեր մտորումների և գործողությունների առանցքը լինելու է մեր իրավունքների վերականգնումը և մեր ժողովրդի անվտանգ վերադարձը Արցախ՝ այլևս երբեք թույլ չտալու համար աղետի կրկնությունը»։

Նա հիշեցրեց Արցախի Հանրապետության նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանագիրը, որոց հաստատվել է Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանման և գործունեության շարունակականության ապահովման ռազմավարությունը, և որ այն նպատակ ունի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել Արցախի վերադարձն ու պետականության շարունակականությունը։

«Այս ռազմավարությունը ծրագրային համընդգրկում փաստաթուղթ է, որը ներառում է բարդ աշխատանքներ բոլոր ուղղություններում, հատկապես արտաքին հարաբերություններում։ Մենք Արցախի պետական ինստիտուտների քաղաքական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներս պետք է լինենք առաջամարտիկները, ունենալով Հայաստանի և սփյուռքի կարևոր աջակցությունը։

Այս լսումներով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր փուլը։ Այս փուլում որոշ դրույթներ մեր ուշադրության կենտրոնում են՝

1-ին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, Եվրոպայի խորհուրդ։ Նրանք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիմնարար սկզբունքների հիման վրա։

2-րդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է առանց Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ որևէ խորհրդակցության կամ համաձայնության։ Սա այն դեպքում, երբ հենց այդ կառույցներն են սահմանել Լեռնային Ղարաբաղի ընտրած ղեկավարության, հակամարտության կարգավորման գործընթացին լիարժեք մասնակցելու իրավունքը և տարիներ շարունակ տարածաշրջան այցելությունների ժամանակ անպայման հանդիպումներ էին ունենում Ստեփանակերտում Արցախի նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Մինսկի խմբի լուծարումը իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա։ Այդ դիմումը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը ու էթնիկ զտումը և անտեսում է 150000 մարդու սեփական հայրենիք վերադառնալու վերադառնալու և ինքնորոշվելու անօտարելի իրավունքը։

Այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների երկար տարիներ ձգտումներին, որոնց պարզապես կանաչ լույս վառեցին Հայաստանի իշխանությունները, զրկելով հայկական կողմից հակամարտության կարգավորման միջազգայնորեն մանդատավորված միակ կառույցից։

3-րդ՝ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ։ Ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագրեսիայի հետևանքով՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը։

4-րդ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքը իրացրած ժողովրդի նկատմամբ ռազմական ագրեսիա, էթնիկ զտումներ ու ցեղասպանություն կիրառող պետությունը հանցագործ է, և միջազգային ատյաններում պետք է ստանա համապատասխան գնահատականներ:

5-րդ՝ մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, այնտեղ անվտանգ ապրել և ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը։

6-րդ՝ Արցախի ժողովրդի անունից հանդես գալու լիազորություն ունեն միայն Արցախի իշխանությունները։

Անհրաժեշտ ենք համարում համապետական ընտրությունների կազմակերպում, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը, սակայն ելնելով ներկայիս իրավիճակից, այն կազմակերպելը հնարավոր չէ։ Ընտրություններ կկազմակերպվեն առաջին իսկ հնարավորության դեպքում։

7-րդ՝ մենք միշտ ցանկացել ենք խաղաղություն չնայած բազմիցս ենթարկվել ենք ռազմական ագրեսիայի այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցություններ լուծել խնդիրները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

Սիրելի հայրենակիցներ այս լսումներով մենք միասին բացում ենք պայքարի նոր էջ։ Վստահ եմ, ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր հայ ժողովրդի միասնական պայքարի շնորհիվ կհաղթահարենք բոլոր դժվարությունները։

Շնորհավոր Արցախի Հանրապետության Սահմանադրության օրը, փառք ու պատիվ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ընթացքում զոհված նահատակներին, Արցախը ապրում է, Արցախը վերադառնալու է»:

 

 

Նորություններ