ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը միայն նպաստում է խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի հայտարարությանը | Region

ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը միայն նպաստում է խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի հայտարարությանը

Դեկտեմբեր 10,2025 16:37

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բաքվի հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա․«Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին»:

Բադալյանը հավելել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցությունները, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղություն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:

«Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահայտված աջակցության, ԵՄ-ն ողջունել է այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե օրերս Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե «փաստաթղթի նախաբանում և դրա մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, որ վերաբերում է Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո կամավոր կերպով Հայաստան տեղափոխված մարդկանց, ինչպես նաև այս հարցի ընդգրկումը ԵՄ և Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում, այդ մարդկանց բնորոշումը որպես «փախստականների», Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է։ Բացի այդ, փաստաթղթի այն հոդվածում, որ նվիրված է հարաբերությունների կարգավորմանը ԵՄ ներդրմանը, նշվում է Միջազգային դատարանի վճիռների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարման մասին։ Որևէ կասկած չկա, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է»։
Բաքուն պնդում է, թե փոխադարձ հայցերի թեման «բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ բողոքում  է, որ ադրբեջանական բանտերում պահվող հայերին Երևանի և Բրյուսելի մեջ ստորագրված փաստաթղթում անվանում են «գերեվարված անձինք»։

Բաքուն մտահոգություն է հայտնում, որ ԵՄ–Հայաստան փաստաթղթում մեծ անդրադարձ կա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, նշելով, որ անտեսվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին համաձայնեցված «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագիծը՝ կարևոր տարածաշրջանային նշանակությամբ

Բաքուն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին նշում է որպես «տարածաշրջանային կոնեսնսուսից զուրկ հայկական նախագիծ»։

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածով կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով, հավելյալ անհանգստություն է առաջացնում, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչական գործիք օգտագործվող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը դադարեցնելու փոխարեն Երևանն ու Բրյուսելը այդ առաքելության ներկայության պահպանումը և դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ Բաքվի՝ «հիշատակված առաջնահերթություններից բացի, ռազմական և պաշտպանական թեմաների շեշտադրումը նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային»։

 

Նորություններ