Մասունք, գինու անոթ, սուր․ ինչ նվերներ են ստացել Փաշինյանը, Վարդապետյանն ու այլ պաշտոնյաները
ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ այլ երկրներ պաշտոնական այցերի ու օտարերկրյա տարբեր պաշտոնյաների ընդունելությունների ժամանակ հաճախ նվերներ են ստանում։ ՀՀ պաշտոնյաներն, ըստ օրենսդրության, պարտավոր են այդ նվերները հայտարարագրել։ Դրանք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) պաշտոնական կայքէջում։
Այս տարի ՀՀ պետական պաշտոնյաները բազմաթիվ նվերներ են ստացել ու հաշվառել դրանք։ Այս հոդվածում առանձնացրել են 2025 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտարարագրված ամենահետաքրքիր նվերները:
Այսպիսով, սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է երկու տասնյակից ավելի նվերներ: Սեպտեմբերի 2-ին «Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական բանկ»-ի նախագահ Լիցզյուն Ծին ՀՀ վարչապետին նվիրել է, ինչպես նշված է նվերների հայտարարագրում, դեկորատիվ համայնապատկերային նկար՝ կատարված ոսկեգույն ֆոնի վրա, որի արժեքը՝ 428 հազար 624 դրամ է:
Չինաստանի նախագահից ստացած նվերն էլ հետաքրքիր է, սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ Փաշինյանը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինից նվեր է ստացել «Միասին խաղաղության համար» անունը կրող էմալապատ անոթ՝ զուն։ Հին չինական ավանդական գինու այս անոթը՝ զունը, պատրաստված է կլուազոնե (զարդանախշման հին տեխնիկա) և փորագրության տեխնիկայով։ Գինու անթոը պատրաստված է պղնձից, փայտից, էմալից։ Զունը գնահատվել է 403 հազար 820 դրամ։
Սի Ծինփինից ստացած մեկ այլ նվեր էլ՝ «Խաղաղություն և ներդաշնակություն» անունը կրող ծաղկամանն է, այն գնահատվել է 370 հազար 550 դրամ։
Սեպտեմբերին Փաշինյանը հայտարարագրել է Ալմաթիի քաղաքապետ Ամանգելդի Սաթիբադիի ստացած նվերը՝ նկարիչ Նադիր Բաբումուրատովի «Սպիտակ յուրտ լեռներում» վերնագով կտավը, որը գնահատվել է 365 հազար 826 դրամ:
Հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարագրել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովիից ստացած հուշանվերը՝ արծաթե փոքրիկ ամֆորա, որը գնահատել է 119 հազար 92 դրամ:
Հոկտեմբերին Փաշինյանը Վատիկան այցի ժամանակ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-րդից 309 հազար 379 դրամանոց բարձրաքանդակն է նվեր ստացել, այն պատրաստված է ոսկեզօծ գիպսաքարե հիմքի վրա:
Նոյեմբերին Փաշինյանը հայտարարագրել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանից (Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքություն) ստացած նվերը՝ սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որն օգտագործվում է պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Այս նվերը գնահատվել է 317 հազար 658 դրամ։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ևս վերջին ամսիներին բազմաթիվ նվերներ է հաշվառել:
Հատկանշական է, որ գլխավոր դատախազի կողմից հոկտեմբեր-նոյեմբերին հաշվառած բոլոր նվերները նույն արժեքի են։ Այսինքն՝ նվերները տարբեր երկրների պաշտոնյաներից է ստացել ու տարբեր նվերներ են, սակայն դրանց բոլորի արժեքը հայտարարագրում նշված է ուղիղ 60 հազար դրամ, ոչ մի լումա ավել կամ պակաս:
Ամենաշատ նվերները նա հաշվառել է հոկտեմբեր ամսին:
Դրանք են՝ 1 փայտյա ոսկեզոծ նկար Ղազախստանի Ազգային անվտանության կոմիտեի կողմից, 1 հուշանվեր ափսե՝ Ղրղզտանի գլխավոր դատախազությունից, 1 հուշանվեր ափսե և 1 դաշույն՝ Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունից, 1 սուրճի բաժակի հավաքածու և ՌԴ գլխավոր դատախազությունը խորհրդանշող 1 նկարներ շարք՝ տեղի գլխավոր դատախազությունից:
Վարդապետյանը Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունից նվեր է ստացել 1 ոսկեզոծ քանդակ, 1 նռան պատկերով ոսկեզոծ նկար, 2 հուշանվեր մետաղադրամ, 2 հուշանվեր գիրք և 1 ոսկեզօծ ափսե։
Տաջիստանի նախագահ Սուլթանզոդա Սուլեյմանից ստացել է կաշվե ձեռքի ժամացույց՝ անձամբ, իսկ Բելառուսի գլխավոր դատախազությունից ստացել է 1 հուշանվեր մետաղադրամ, 1 ասեղնագործ սփռոց և 1 հուշանվեր կախազարդ։
ՀՀ գլխավոր դատախազն այս ամիս ուշագրավ նվեր է հայտարարագրել։ Նա Տաջիկստանի գլխավոր դաախազ Հաբիբուլլո Վոխիդզոդանից ստացել է երկու հուշանվեր սուր՝ կաշվե պատյաններով: Ինչպես նշել էինք՝ այս բոլոր նվերների արժեքը 60 հազար դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առանձնանում է նոյեմբեր ամսին իր հաշվառած նվերների քանակով: Նախ, նա ազգային գորգ է նվեր ստացել ԻԻՀ-ի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, որի արժեքը գնահատել է 148 հազար 70 դրամ, այնուհետև արդեն Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության բաժինը նրան է նվիրել 167 հազար 134 դրամ գնահատված Sapagat մակնիշի հատուկ թողարկման թեյի ճենապակյա սպասքի «ոսկե հավաքածու»:
ԻԻՀ-ի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների կողմից նվիրված ազգային զարդանախշերով պղնձե ծաղկամանների հավաքածուն, ասեղնագործ սեղանի սփռոցի հետ միասին ավելի թանկ է՝ 227 հազար 574 դրամ:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից հետաքրքիր նվեր է հաշվառվել սեպտեմբեր ամսին: Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըրչի նվիրած զարդանախշերով ապակե թասը գնահատվել է 73 հազար 473 դրամ:
Քըլըրչը նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին է նվեր տվել 101 հազար 228 դրամ արժողությամբ զարդանախշերով արծաթապատ ափսե:
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը սեպտեմբերի 1-ին 171 հազար 997 դրամ արժողությամբ «Գնեմոն» ֆիրմայի 925 հարգի արծաթե ժամացույց է նվեր ստացել հենց Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեից:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նվերներ է հաշվառել դեկտեմբեր ամսվա առաջին կեսին: Իր հաշվառած հինգ նվերներից երեքը նա ստացել է ԻԻՀ տարբեր պաշտոնյաների կողմից, մեկական նվեր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովից՝ 119 հազար 800 դրամ գնահատված ձեռագործ նկար, և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արբաս Ձաբր Ալ-Ալավիից՝ արձանիկ՝ 65 հազար 300 դրամ արժեքով:
Նիկոլ Մարգարյան
