«Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին»․ Արմեն Պետրոսյան
«Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին»,-այս մասին ֆեյսբուքում գրել է արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝ «Թրամփի ուղի» ծրագրի մասին հայտարարությանը։
Պետրոսյանը գրել է․«Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպման ընթացքում վերջինի հնչեցրած մտքերը վերահաստատում են այն տեսակետը, որ Թեհրանը որևէ կերպ չի համակերպվել TRIPP նախագծի հանգամանքի հետ։
Ավելին, եթե վերլուծենք Վելայաթիի այն միտքը, թե «Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան… ինչպես ընդդիմացել է «Զանգեզուրի միջանցքին»», ապա ստացվում է, որ «Թրամփի» ուղին մի բան էլ ավելի մեծ ձախողում է Իրանի համար։ Քանի որ, տևական ժամանակ հանդես գալով Իրան-Հայաստան սահմանին հարևանների՝ թյուրքական ներկայության դեմ, փաստացի Թեհրանը չկարողացավ կանխել շատ ավելի մեծ և վտանգավոր հակառակորդի՝ ԱՄՆ-ի դերակատարումը։
Ստեղծված իրավիճակում, նաև հաշվի առնելով Իրան-Ռուսաստան վերջին շփումների ընթացքում տարածվող ուղերձները՝ կանխատեսելի է՝ քանի որ հատկապես Իսրայել-Իրան պատերազմից հետո Թեհրանի հնարավորություններն էականորեն նվազել են թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններում, Իրանն այս պահին բովանդակային քայլերի չի գնա, այլ կբավարարվի պարբերաբար քաղաքական և քարոզչական ուղերձներ հնչեցնելով։
Մինչդեռ հարցին Ռուսաստանի գործնական միջամտության դեպքում, վստահաբար, կարող է գնալ անգամ Մոսկվայի հետ համատեղ գործողությունների»։
Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «TRIPP»-ը նույն «Զամգեզուրի միջանցքն» է, որի անունն է պարզապես փոխվել»
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Տելեգրամի «Իրանն այսօր» ալիքում ներկայացրել է Վիլայաթիի հայտարարությունները։ Ըստ այդմ՝ Վիլայաթին ասել է․, որ «Թրամփի ուղի» նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և Իրանը կտրականապես դեմ է դրան։ Իրանը Զանգեզուրի միջանցքի նախագծի առաջադրման հենց սկզբից ընդդիմացել է դրան՝ սահմանների ցանկացած փոփոխությանը և իր շրջակայքում անվտանգությանը սպառնացող զարգացումներին դեմ լինելու պատճառով։ Այն ժամանակ, երբ Զանգեզուրի միջանցքի նախագիծը առաջ քաշվեց, Իրանն անգամ այն պայմաններում, երբ Ռուսաստանն Ուկրաինայում էր խիստ զբաղված, ՌԴ հետ, թե առանց նրա հայտնել է իր վճռական ընդդիմությունը և կանխարգելել այդ նախագծի իրագործումը։ Իրանը դեմ էր դրան, քանի որ այդ միջանցքը կարող էր Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ներկայության հիմքեր ստեղծել և Իրանի հյուսիսի ու ՌԴ հարավի անվտանգությունը լուրջ մարտահրավերի առաջ կանգնեցնել։ Թրամփի նախագիծն այդ նույն ծրագիրն է, որ միայն անունն է փոխվել և այժմ հետապնդվում է Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության շրջանակներում։ Փորձը ցույց է տվել, որ ամերիկացիները նախ տնտեսական ծրագրերի անվան ներքո մուտք են գործում զգայուն տարածաշրջաններ, բայց հետո նրանց ներկայությունը ռազմական ու անվտանգային ասպեկտներով է ընդլայնվում։ Ցանկացած ծրագրի անվան տակ Իրանի սահմաններին ԱՄՆ ներկայությունը անվտանգային հստակ հետևանքներ ունի»։
Նորություններ
