Ինչպես ակտիվացնել բնակիչների մասնակցությունը համայնքային բյուջեի ձևավորման հարցում. մոդել է մշակվել
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները գործում են ավելի քան 25 տարի: Այս ընթացքում այդ համակարգը ոչ միայն լիարժեք չկայացավ, այլև շարունակում է գործունեությունը՝ բնակիչներից մեկուսացած: Համայնքների բնակիչները չեն մասնակցում համայնքապետարանների աշխատանքներին, վստահ չեն, որ ՏԻՄ-ն իրենց խնդիրներին լուծում տվող է:
«Այնինչ, երկրի սահմանադրությամբ բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել ՏԻՄ-ի կառավարմանը»,-ասում է տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը:
Ըստ նրա, համայնքի բյուջեի կազմման գործընթացին մասնակից լինելու համար պետությունը գործիքներ սահմանել է. բնակիչները մինչև 2023 թվականը կարող էին ներառվել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում, հանրային լսումներին կամ քննարկումներին մասնակցել և իրենց նախաձեռնությունը ներկայացնել և այն ընդգրկել ավագանու նիստի օրակարգ: Ներկայումս նշված գործիքների շրջանակն ընդլայնվել է։ Ըստ Կարինե Հարությունյանի, 2023 թ.-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սահմանած նոր մոդելը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղակիորեն մասնակից դառնալ բյուջեի ձևավորմանը՝ առաջարկելով համայնքային ծրագրեր և իրենց քվեարկությամբ ընտրել ֆինանսավորվող ծրագիրը։
Բնակիչներն իրենց նախաձեռնած այս կամ այն ծրագրի օգտին կարող են քվեարկել օնլայն: Այս մոդելը 2023 թվականին փորձարկվել է Աշտարակ, Արմավիր, Աբովյան և Ջերմուկ համայնքներում: 4 համայնքապետարանները տեղական բյուջեից որոշակի գումար են տրամադրել, օրինակ 1-10 մլն դրամ, բնակիչների առաջարկած ծրագրերի իրագործման համար:
Փորձնական այս ծրագրին համայնքները պետք է միանան կամավոր սկզբունքով: Ըստ Կարինե Հարությունյանի, համայնքների մասնակցությունը պասիվ է եղել: Այս տարի ծրագրի 2-րդ փուլն է մեկնարկել, որը դարձյալ փորձնական է ու նշված 4 համայնքների համար է:
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ Լիլիթ Հակոբյանի խոսքով, կառավարությունն այս փուլում պետական բյուջեից համայնքներին սուբվենցիոն ֆինանսավորում է հատկացնելու, կհամաֆինանսավորվեն նշված 4 համայնքների բնակիչների կողմից առաջադրված և ընտրված համայնքային զարգացման ծրագրերը։ Ընդ որում, ֆինանսավորվելու են միայն կապիտալ շինարարության ծրագրերը, կառավարության մասնաբաժինը կազմելու է ծրագրի ընդհանուր արժեքի 80 տոկոսը, մյուս 20 տոկոսը համայնքի ներդրումն է լինելու: Ընդ որում, այս դեպքում, գործընթացը հեշտացվել է. ըստ Լիլիթ Հակոբյանի, այս ծրագիրը համայնքն անմիջապես ներկայացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ շրջանցելով մարզպետարանը:
«Այս գործիքով համայնքները հնարավորություն ունեն բավականին մեծ ռեսուրսներ ներգրավել իրենց բնակավայրեր: Պետբյուջեից այս տարի 500 մլն դրամ է հատկացվել նշված 4 համայնքների սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը»,-նշում է Լիլիթ Հակոբյանը:
Ի դեպ, այս ծրագրում համայնքներն ընդգրկվում են կամավորության սկզբունքով: Մասնակցային բյուջետավորման խթանման փորձնական ծրագրին այս տարի մասնակցելու ցանկություն են հայտնել Շիրակի մարզից ևս 3 համայնք՝ Գյումրին, Աշոցքն ու Ախուրյանը:
Ըստ բանախոսների, ՏԻՄ-երի ներկայացուցիչները պետք է ջանքեր գործադրեն, որ համայնքների բնակիչները մասնակցեն բյուջեների ձևավորմանը, դրանց վերաբերող հանրային լսումերին, նախաձեռնողականություն ցուցաբերեն համայնքների զարգացման գործին:
Այնինչ, համայնքներում հակառակն է. ՏԻՄ-ը բնակիչներին պատշաճ իրազեկում չի ապահովում ոչ միայն հանրային լսումների, այլև ավագանու նիստերի ժամանակացույցի մասին: Պասիվությունը մեծ է հատկապես խոշորացված համայնքների մաս կազմող փոքր բնակավայրերի բնակիչների մոտ, որոնք ավելի քան վստահ են, որ իրենց մասնակցությունից ոչինչ չի փոխվի, քանի որ ավագանին ու համայնքի ղեկավարը հիմնականում միասին են գործում, միմյանց հակակշիռ չեն, ու մինչև ավագանու նիստ հրավիրելը, արդեն գիտեն՝ տեղական բյուջեի գումարները ինչպես են ծախսելու:
Կարինե Կազարովա