Ռուբինյան․«Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում»
«Այդ հանդիպման ժամանակ մեր դեսպանը իրանական կողմին ասել է, որ TRIPP–ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության փոխադարձության սկզբունքներով և ոչ, TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ»,-այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ, միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝ ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը։ Վիլայեթին ասել է, որ «TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, Իրանը կտրականապես դեմ է այդ նախագծին, քանի որ այդ միջանցքը կարող է Իրանի սահմանին ՆԱՏՕ-ի ներկայության հիմքեր ստեղծել»։
Ռուբինյանն անդրադառնալով Իրանի դիրքորոշմանն, ասաց, որ ՀՀ-ն մշտապես կապի մեջ է մեր իրանցի գործընկերների հետ․ «Մենք տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները։ Իրենց շահերը հաշվի առնված են, և այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի ԱԳՆ–ն, այդ թվում՝ Իրանի արտգործնախարարը, բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է և նաև հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ սա ուժի մեջ է»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են իրանական կողմից պարբերաբար նման հայտարարություններ հնչում, Ռուբինյանը պատասխանեց՝ ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը, ուստի ՀՀ-ն հիմնվում է Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա․«Մենք կարող ենք ասել հետևյալը՝ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան և այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ»։
Ռուբինյանը նշեց, որ դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ 4–րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի՝ «Թրամփի ուղու» մասին հայտարարությանը՝ «Պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», Ռուբինյանն ասաց․«Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում։ Ուրախ ենք, որ պատրաստ են մեզ հետ քննարկում ունենալ։ Ուզո՞ւմ եք 160 անգամ ասեմ՝ նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»։
Հիշեցնենք, որ Միխայիլ Կալուգինը TRIPP-ի մասին հայտարարել է․«Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարողացել են 2021-2023 թվականներին մշակել մի շարք փոխադարձաբար ընդունելի լուծումներ փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ (Օվերչուկ-Գրիգորյան-Մուստաֆաև) աշխատանքային խմբի շրջանակում։ Այս համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ այսօր։ Դրանց արդիականությունը ճանաչվում է և՛ Բաքվում, և՛ Երևանում, այդ թվում՝ «Թրամփի ճանապարհի»՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան տարանցիկ երթուղու վերաբերյալ՝ Հայաստանի հարավով։ Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Դրա համար կան բավարար հիմքեր։ Ըստ էության, մեր առջև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում համաձայնեցված երթուղու մի հատված է։ Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը։ «Ճանապարհը» մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»։
Նորություններ
