«Պետք է հրապարակվեն բոլորին վերաբերող փաստաթղթերը, այլ ոչ թե միայն իշխանության թիրախում գտնվողներինը»․իրավապաշտպանը կաթողիկոսի եղբորն առնչվող փաստաթղթի մասին | Region

«Պետք է հրապարակվեն բոլորին վերաբերող փաստաթղթերը, այլ ոչ թե միայն իշխանության թիրախում գտնվողներինը»․իրավապաշտպանը կաթողիկոսի եղբորն առնչվող փաստաթղթի մասին

Դեկտեմբեր 21,2025 13:37

Օրերս հրապարակված փաստաթուղթը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԿԳԲ-ի հետ և կրել է Կարո ծածկանունը, մեծ աղմուկ է բարձրացրել:

Շատերը կասկածի տակ են դնում այդ փաստաթուղթը, մանավանդ, որ այն հրապարակել է  իշխող ուժին պատկանող լրատվամիջոցը՝ Civic.am-ը, որը,  ՀՀ ԱԱԾ-ին հարցում է ուղարկել ու ստացել տվյալ փաստաթուղթը։ Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ մինչև իշխանական լրատվամիջոցի կողմից այս փաստաթղթի ստանալը, ԱԱԾ-ն Civilnet.am-ին մերժել էր Եզրաս Ներսիսյանի՝ գործակալ լինելու մասով տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով պետական և անձնական գաղտնիքով։

«ԱԱԾ փոխանցմամբ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,-գրել է իշխանական լրատվամիջոցը։

Ուշագրավ է, որ այս փաստաթուղթը հրապարակվում է եկեղեցու դեմ իշխանության արշավի ընթացքում ու Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած՝ «Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային միության ժամանակ» հայտարարությունից մեկ օր անց։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի մոտ ևս կասկածներ կան այդ փաստաթղթի արժանահավատության վերաբերյալ։

RegionsTV-ի հետ զրույցում Վարդան Հարությունյանն ասում է՝  որոշ  հանգամանքներ կան, որոնք փաստում են, որ իրականացված քայլերը կանխամտածված են.«Այն, որ նման փաստաթուղթը հրապարակվում է այսօր, երբ ընթանում է իշխանություն-եկեղեցի հակամարտությունը, կասկածի տեղիք է տալիս: Եթե պետք է հրապարակվեն, թող հրապարակվեն բոլորին վերաբերող փաստաթղթերը, այլ ոչ թե ընտրովի, միայն այն մարդկանց մասին, ովքեր իշխանության թիրախում են գտնվում»:

Փաստաթղթի արժանահավատության մասին էլ Հարությունյանն ասում է․«Դրա րժանահավատության մասով միանշանակ բան ասել չեմ կարող, բայց միայն այն, որ փաստաթուղթը հայերեն է, արդեն կասկածներ է թողնում, որովհետև Խորհրդային շրջանում պետական անվտանգության կոմիտեի գրագրությունը ռուսերեն էր: Չնայած դրան, ավելի վստահելի կարծիք կարող են հայտնել մասնագետները»:

Նրա կարծիքով՝ Հայաստանում համընդհանուր լյուստրացիայի անհրաժեշտություն կա, այդ հարցը տարիներ շարունակ հնչել է, որպեսզի բացահայտվեն Խորհրդային տարիների պետական անվտանգության արխիվները գործակալների մասով, ինչպես արվել է մերձբալթյան հանրապետություններում․«Հարցը բարձրացվել է և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին, սակայն մշտապես մերժվել է իշխանությունների ու ԱԱԾ կողմից»։

Ըստ իրավապաշտպանի՝ լյուստրացիան շատ լուրջ գործընթաց է, որով ժողովրդավարության ուղի դուրս բռնած երկրները պարտադիր պետք է իրականացնեն․« Այն տեղի է ունենում հաշտեցման նպատակով,  և վստահ եմ, որ կգա մի օր, ու Հայաստանում ևս դա տեղի կունենա»:

Հարությունյանն ասում է՝ այն երկրները, որտեղ լյուստրացիա է տեղի ունեցել, ժողովրդավարության առումով շատ ավելի մեծ հաջողություններ են գրանցել, քան նույն Հայաստանը կամ Ռուսաստանը․«Լյուստրացիայի պատճառով դեռևս  ոչ մի ճչացող դեպք, հանցագործություն տեղի չի ունեցել: Ընդհակառակը, դա հասարակական հաշտեցմանն ուղղված քայլ է, որը պարզապես պետք է ճիշտ մշակվի ու մատուցվի: Հաջողված օրինակներ կան և´ բալկանյան երկրներում, և´ Լեհաստանում, և´ մերձբալթյան երկրներում»:

Անդրադառնալով իշխանություն-եկեղեցի «հակամարտությանը», իրավապաշտպանը նշում է՝ իշխանությունը ընդհանրապես գործ չունի եկեղեցու նորոգման գործում․« Դա եկեղեցու խնդիրն է, եկեղեցին՝ իր, իսկ իշխանությունն իր  բարենորոգումներով պետք է զբաղվի: Այդ սահմանները չպետք է խաչվեն, կամ հակադրվեն: Իշխանություններին չպետք է վերաբերի, թե որ եկեղեցում ինչ աղոթք կկարդան, ինչպես կկարդան կամ ինչ կանոնակարգով կկարդան: Այդ հարցում նրանց մասնակցությունը միմիայն կարելի է դատապարտելի համարել»։

  Նիկոլ Մարգարյան

Նորություններ