Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում ռուսական հացահատիկով բեռնված 8 վագոններ | Region

Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում ռուսական հացահատիկով բեռնված 8 վագոններ

Դեկտեմբեր 23,2025 15:08

Ռուսական հացահատիկով բեռնված 8 վագոններն ուղևորվել են Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալության մոսկովյան բյուրոն։  Հացահատիկով վագոնները տեղափոխվում են Վոլգոգրադի մարզից։

Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 հացահատիկային վագոն, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է երկու հազար տոննան։

Վոլգոգրադի մարզի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոր լոգիստիկ ծառայության ստեղծումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջոցով Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումները վերսկսելու որոշման շնորհիվ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Հայաստան ներկրվեց ղազախական ցորենի առաջին խմբաքանակը, այն ՀՀ հասավ երկաթուղով՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

Օրերս էլ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը։ Ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է, բենզիը կվաճառվի «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում 440 դրամով։

 

Նորություններ