«Այս քրեական հետապնդումների նպատակը մարդկանց լռեցնելն ու վախեցնել է» իրավապաշտպան | Region

«Այս քրեական հետապնդումների նպատակը մարդկանց լռեցնելն ու վախեցնել է» իրավապաշտպան

Հոկտեմբեր 08,2026 22:07

«Վերջին տարիներին Հայաստանում ֆեյսբուքյան գրառումների հետ կապված քրեական գործեր են հարուցում և մարդկանց հանրային հետապնդում իրականացնում»,- Regions TV-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով «Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի կալանքին։

Հիշեցնենք, որ նախօրեին դատարանի որոշմամբ Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ Դանիելյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար, որը պատժվում է տուգանքից մինչև 2-5 տարի ազատազրկմամբ: Կոմիտեն չի մանրամասնում, թե կոնկրետ որ գրառման համար են Դանիելյանին մեղադրանք առաջադրել:

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ Դանիելյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ (բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար։

Դանիելյանը մշտապես կոշտ ու երբեմն վիրավորական բառերով է արտահայտվում է իշխանության հասցեին։ «Ֆեյսբուք»-ի վերջին գրառումում  նա «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով վարչապետի Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակման մասին մեկնաբանությունը: Բացի այս, Դանիելյանն ավելի վաղ պնդում էր արել, թե  Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը միայնալ չի եղել, նա պնդել էր, թե «դիվերսիոն խմբի երկու անդամները բարեհաջող լքել են Հայաստանի տարածքը»: Մինչդեռ ՀՀ իշխանությունները վստահեցնում են, որ դա դիվերսիոն ներթափանցում չէ։

Վերջերս էլ իրավապահների ուշադրության կենտրոնում էր գրող Վահրամ Սահակյանը, որը նույնպես իշխանության հասցեին կոշտ բառապաշարով է քննադատում։ Կրկին Ֆեյսբուքում գրառման համար Սահակյանը ձերբակալվեց, նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ իրավապահների,  « ֆեյսբուքյան իր էջում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարելու համար»: Իրավապահները նրան մեղադրյալի կարգավիճակ են տվել դեռ մեկուկես տարի առաջ կատարած գրառման համար։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ նախկինում ևս եղել են քաղաքական հետապնդումներ, որոնք ավարտվել են ձերբակալություններով․«Նախկին հետապնդումները, որքան ես հիշում եմ, դատական հանգուցալուծում չեն էլ ստացել, բայց միևնույն է, իշխանությունները շարունակում են այդ պրակտիկան, և Արթուր Դանիելյանի գործը, հավանաբար հենց այդ պրակտիկայի շարունակություններից է։ Մարդը գրում է իր կարծիքը, իր տեսակետները, որքանով են դրանք հիմնավոր, որքանով հիմնավոր չեն, էական չէ, բայց հետապնդումները տեղի են ունենում ոչ միայն իր նկատմամբ, այլ ցանկացած մարդու, ով ընդդիմադիր հայացքներ ունի»։

Հարությունյանի կարծիքով՝ նմանատիպ գործողությունները օրենքից դուրս է․« Եթե գրառում կատարողը ընդդիմադիր գործիչ է, ապա նրա նկատմամբ հետապնդումներ լինում են, որովհետև իշխանամետ գործիչները նույնպես անցանկալի, դատապարտելի գրառումներ են անում, սակայն նրանց չեն հետապնդում»։

Այս մեղադրանքներն ու հետապնդումներն, ըստ իրավապաշտպանի, «մարդկանց լռեցնելու ու վախեցնելու նպատակով է, որպեսզի մյուսները ևս «դաս քաղեն» և, իրենց կարծիքն արտահայտելիս, ենթարկվեն ինքնագրաքննության»։

Նշենք նաև, որ Երևանի մամուկի ակումբի ղեկավար Արթուր Պապյանն էլ  գրառում է կատարել, որտեղ նշում է, որ Արթուր Դանիելյանի կալանավորումն ու Վահրամ Սահակյանի ձերբակալություն պատահական կամ առանձին դրվագներ չեն․ սա հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողություն է։

«Երկու դեպքում էլ տեսնում ենք նույն վտանգավոր ձեռագիրը․ մեջտեղ են բերվում ամիսներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումներ, ինչը փաստում է, որ իրավապահ համակարգը ոչ թե օպերատիվ արձագանքում է իրական վտանգներին, այլ «պահեստավորում» է քննադատների խոսքերը՝ հարմար պահին քաղաքական պատվերով շրջանառության մեջ դնելու համար։

Կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառվում է սոցցանցային տեքստերի համար, այն դեպքում, երբ ընդդիմադիրների նկատմամբ հնչող բացահայտ սպառնալիքներն ու ատելության խոսքը մնում են բացարձակ անպատիժ։

Երբ քննադատական խոսքը քրեականացվում է, խոսքի ազատությունը վերածվում է ֆիկցիայի, իսկ պետությունը կորցնում է իր ժողովրդավարական դեմքը։

Իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային կառույցները պետք է հստակ ու աներկբա գնահատական տան այս  ոտնձգություններին։ Եթե այսօր համակերպվենք նման նախադեպերի հետ, վաղը ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի»։

Տիրուն Մարգարյան

 

Նորություններ