Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ․ փաստաբանները պնդում են՝ գործի նյութերը չեն հիմնավորում մեղադրանքը | Region

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ․ փաստաբանները պնդում են՝ գործի նյութերը չեն հիմնավորում մեղադրանքը

Նոյեմբեր 26,2026 10:41

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է ՊՆ նախկին պաշտոնատար անձի օժանդակությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Ըստ հակակոուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝  կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դավիթ Տոնոյանը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Դ. Տ.-ն Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով մատակարարման ենթակա 18.000 կոշտ բալիստիկ ներդիրները տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, առանց բավարար հիմքերի, առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու, համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող վերը նշված ապրանքը, որը 2020 թվականի հուլիսի 20-ին մատակարարվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությանը:

Նախկին պաշտոնատար անձի հանցավոր արարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերին հատկացվել են պայմանագրի տեխնիկական բնութագրից տարբերվող և որակյալ չհամարվող 18.000 կոշտ բալիստիկ ներդիրներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20.268.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դ. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրան օժանդակած պաշտոնատար անձին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 20.268.000 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-հայտնում են կոմիտեից:

Սա երկրորդ քրեական գործն է, որով անցնում է 2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը: Նա  2021 թվականից անցնում է «անպիտան հրթիռների» գործով։

2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի (4,7 մլն

) հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Տոնոյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբանական թիմն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ. զինված ուժերի համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։ Նախաքննական մարմնի նշանակած համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։

«Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն։ Դա կապացուցվի դատաքննության ընթացքում՝ ապացույցների հրապարակային հետազոտմամբ։

Դավիթ Տոնոյանին ներկայացված մեղադրանքի անհիմնության մեջ դույզն-ինչ կասկածող բոլոր անձանց հրավիրում ենք Հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստերին ներկա գտնվելու։ Առաջին դատալսման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին հարգել անմեղության կանխավարկածը»,-հայտարարել է Տոնոյանի փաստաբանական թիմը։

 

Նորություններ