Պետությունը պետք է փոխի խնամակալության ամբողջ համակարգը, որպեսզի անձը չզրկվի իր իրավունքներից․Մուշեղ Հովսեփյան | Region

Պետությունը պետք է փոխի խնամակալության ամբողջ համակարգը, որպեսզի անձը չզրկվի իր իրավունքներից․Մուշեղ Հովսեփյան

Հոկտեմբեր 22,2024 10:29

Հայաստանում 2023 թվականին ներդրվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։ Այն ավտոմատացված է: Գործում է էլեկտրոնային հարթակ: Մասնագետներն, ովքեր ընդգրկված են հանձնաժողովներում, գնահատում են տարբեր գործոններ, բանաձևի եւ այս գործոնների հիման վրա որոշվում է անձի ֆունկցիոնալության աստիճանը` 0-100 տոկոսի սահմաններում։ Եթե նախկինում դասակարգվում էր հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ, այժմ` ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակումներ:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը վերջերս կազմակերպել էր  դասընթաց, որի ընթացքում ներկայացվեցին  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիրները, անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդներն ու համակարգի բացերը, ինչպես նաև ներկայացվեցին սկզբունքները՝ մեդիա ներկայացուցիչներիների ներառական մտածելակերպի ձևավորման համար։

Դասընթացի բանախոսներից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանն RegionsTV-ի հետ զրույցում անդրադարձավ հաշմանդամության գնահատման ոլորտի բարեփոխումներին։

Հարցին, թե բարեփոխումների վերաբերյալ ինչ առաջարկներ են արել ՀԿ-երը, որպեսզի  հաշմանդամություն  ունեցող  անձանց կյանքը բարելավվի, Մուշեղ Հովսեփյանը պատասխանեց՝ հասարակական կազմակերպությունները տարբեր ժամանակաշրջանում տարբեր առաջարկներ ու դիտարկումներ են ունեցել, դրանք ինչ որ չափով իրականացվել են, ինչ որ չափով՝ ոչ․«Կախված կոնկրետ այդ պահի հրատապ հարցերից, այդ առաջարկները պարբերաբար փոխվում են»:

Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ հիմնական խնդիրները վերաբերում են մատչելիությանը, աղքատությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության սահմանման գործընթացին և այլն, այսինքն մարդիկ իրենց կյանքի բոլոր ոլորտներում դժվարությունների են հանդիպում ու հասարակական կազմակերպությունների առաջարկներն էլ հիմնականում բխում են հենց այդ խնդիրներից:

Մեզ հետ զրույցում Հովսեփյանն ասաց, որ խնդրահարույց է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամակալության համակարգը։

Նա բացատրեց՝ մեր օրենսդրության համաձայն՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամակալը տվյալ մարդու վերաբերյալ ու նրա փոխարեն որոշում է կայացնում․«Այսինքն՝ անձը զրկվում է իր իրավունքներից, ճանաչվում է ամբողջությամբ անգործունակ, և իր փոխարեն որոշումներ են կայացնում այլ մարդիկ՝ հիմնականում ընտանիքի անդամները: Այս մոտեցումը հիմնականում հակասում է 2010 թվականի Հայաստանի կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային: Պետությունը պետք է փոխի խնամակալության ամբողջ համակարգը, որպեսզի ոչ թե անձը զրկվի իր իրավունքներից, այլ եթե անձը դժվարանում է որոշումներ կայացնել, աջակցել իր որոշումների կայացման գործընթացին։ Մեր օրենսդրությունը փաստացի անձին զրկում է բոլոր քաղաքացիական իրավունքերից, այդ թվում ընտրելու իրավունք, պայմանագրեր ստորագրելու իրավունք, հետևաբար կրթություն ստանալու և աշխատելու իրավունք, և ընդհանուր առմամբ, սա բերում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների»։

Մինչդեռ, ինչպես ասաց Մուշեղ Հովսեփյանը, կոնվենցիան առաջարկում է, որպեսզի պետությունն աջակցի անձին որոշումներ կայացնելու գործընթացում։ Օրինակ՝ եթե անձը դժվարանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ապա նա պետք է ունենա անձնական օգնական, ոչ թե անձի փոխարեն որոշում կայացնող, այսինքն՝ աջակցող, որպեսզի մարդու կամքն ու ցանկությունն արտահայտվի:

«Դա նշանակում է, որ ընտրությունն ու որոշումն իր կյանքի վերաբերյալ հարգվում է, որովհետև հիմա գիտենք, որ գործունակության ինստիտուտը հատկապես հաճախ օգտագործվում է գույքին տնօրինելու նպատակով. մարդուն ճանաչում են անգործունակ, որպեսզի սեփականության իրավունքից զրկվի և խնամակալը դառնա սեփականատեր ու կարողանա վաճառել կամ տնօրինել գույքը այլ կերպ»,-ասաց Հովսեփյանը։

Մեր հարցին՝ ովքե՞ր  կարող են լինել խնամակալ,  փորձագետը պատասխանեց՝ հարազատներից որևէ մեկը, եթե հարազատ չկա, ապա ցանկացած այլ մարդ․«Մեր կազմակերպությունն առաջարկներ ներկայացրել է գործունակության իրավունքի, խնամակալության բարեփոխումների վերաբերյալ: Այդ բարեփոխումները պետք է իրականացվեին, և 2021թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել էր խնամակալության համակարգի փոփոխման գործողությունների ծրագիր, որը ցավոք, չընդունվեց, բայց այդ պարտականությունը պետությունը շարունակում է անել և Եվրոպական կոնվենցիայով և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն եվրոպական երկրներում անձն այնքան էլ ինքնուրույնությունից զրկված չէ, և իրենց խնամակալության կարգը տարբե՞ր է մերից, Հովսեփյանը պատասխանեց՝ խնդիրը կա նաև եվրոպական երկրներում, ԵՄ  երկրների մեծ մասի դեպքում խնամակությունը  շարունակում է պահպանվել, բայց իրենք առվազն ձգտում են դա ամբողջությամբ վերացնելու և փոխարինելու այլ ծառայություններով, որոնք մարդուն կաջակցեն, ոչ թե կսահմանափակեն իրավունքը։

Անձի ֆունկցիոնալությունը գնահատելու բանաձևում, ինչպես վստահեցրեց Հովսեփյանը, հաշվի չեն առնվում միջավայրային գործոնները:

«Մինդեռ միջավայրային գործոնները կարող են փոխել վերջնական արդյունքը, թե ֆունկցիոնալության որ աստիճան կսահմանվի և ըստ այդմ կարող են բերել փոփոխության` ամենայն հավանականությամբ հաշմանդամություն ունեցող մարդկանց թվի մեծացմանը, որովհետև, երբ այդ դժվարությունները հաշվի են առնվում ավելի մեծ թվով մարդկանց խնդիրներ են տեսանելի դառնում պետության համար:  Քաղաքացին, պահանջի դեպքում, կարող է ստանալ նաև այն գործոնների ցանկը, որոնք գնահատվել են իր դեպքում, որոնք մոտ 5 տասնյակից ավելին են: Դրանք կարող են շատ տարբեր լինել` ցավի զգացողությունից մինչև քայլելու, գրելու, կարդալու կարողություն և այլն, որոնք մասնագետները գնահատում են, բայց թե որ ֆունկցիաների գնահատման արդյունքներն են, որ հաշվի են առնվում բանաձևում, չգիտենք: Անձը տեղյակ չէ, թե ինչպես է այդ բանաձևն աշխատում։ Դա չհրապարակված բանաձև է։ Նախարարությունը հրաժարվում է այն հրապարակել, դրա համար մեր կազմակերպությունը դիմել է դատարան և հոկտեմբերի 28-ին ակնկալում ենք, որ դատական ակտը կհրապարակվի և կպարզենք՝ արդյոք նախարարությունը գործել է իրավաչափ, թե՝ ոչ»,-ասաց փորձագետը, հավելելով՝ պետությունը պետք է հավելյալ ջանքեր գործադրի, որպեսզի մարդկանց բացատրի հաշմանդամության սահմանման գործընթացը։

Ելենա Ավետիսյան

 

Նորություններ