Իրավիճակը Հայաստանում չափազանց տագնապալի է, քանի որ չկան կիբերանվտանգության վերաբերյալ միասնական չափանիշներ․Սամվել Մարտիրոսյան | Region

Իրավիճակը Հայաստանում չափազանց տագնապալի է, քանի որ չկան կիբերանվտանգության վերաբերյալ միասնական չափանիշներ․Սամվել Մարտիրոսյան

Հոկտեմբեր 23,2024 13:55

Ժամանակակից աշխարհն ավելի ու ավելի է կախված ինտերնետից։ Ինտերնետի զարգացմանը զուգընթաց առաջանում են անվտանգության սպառնալիքներ: Գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստանալու համար կիբերհանցագործներն ակտիվորեն օգտագործում են համակարգերի թուլությունները և սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն անհատների, այլ նաև կազմակերպությունների և պետությունների համար։ Ուստի յուրաքանչյուրը  պետք է սովորի, թե ինչպես պետք է պաշտպանվել կիբեր սպառնալիքներից: Այս մասին REGIONSTV-ին տված հարցազրույցում ասաց կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով՝ եթե անդրադառնանք Հայաստանում ընդհանրապես կիբերանվտանգությանն ու թվային անվտանգությանը, ապա իրավիճակն այսպիսին է՝ կա կենտրոն, որը պաշտպանում է պետական ​​հատվածը, սա ինքնաբավ, փակ ու կարևոր կառույց է։

«Եթե խոսենք կիբերանվտանգության մասին ազգային մակարդակում, ապա այս առումով այժմ փոփոխություններ են տեղի ունենում։ Նախ, «Կիբերանվտանգության մասին» օրենքի   նախագիծ կա, եւ երբ այն ուժի մեջ մտնի, շատ բան պետք է փոխվի, քանի որ այս օրինագիծը ներմուծում է «Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ» հասկացությունը։ Սա շատ կարևոր է, հիմա շատ երկրներ են այդ ճանապարհով գնում։ Կառավարությունները իրենց օրենքներում նկարագրում են այն ենթակառուցվածքները, որոնք  կենսական նշանակություն ունեն ազգային անվտանգության համար: Այս կենսական նշանակության ենթակառուցվածքների օբեյկտների համար չափորոշիչներ են սահմանվում ու դրանք պետք է անցնեն աուդիտ և այլն: Դրանք հաճախ ոչ պետական ​​կառույցներ են, օրինակ՝ էներգետիկայի ոլորտը եւ այլն։ Այս կառույցները կարող են ենթարկվել կիբերհարձակումների, իսկ այդ դեպքում հետևանքները շատ լուրջ կլինեն  ողջ երկրի համար։ Ըստ այդմ, մեր երկրում դեռ կանոնակարգված չէ։ Իսկ երբ այս օրենքն ուժի մեջ մտնի, գոնե կիմանանք, որ պետական ​​կամ ոչ պետական ​​այս կառույցները պարտավոր են կիբերանվտանգության չափանիշներին հետևել»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվում են կիբերանվտանգության ազգային կենտրոններ, սա առանձին համակարգ է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո. «Բայց, այս պահին, կարելի է ասել, որ   իրավիճակը Հայաստանում չափազանց տագնապալի է, քանի որ չկան կիբերանվտանգության վերաբերյալ չափանիշներ ու միասնական մոտեցում։ Ուստի մենք ապրում ենք Իլֆի և Պետրովի նման իրավիճակում՝ «спасение утопающего дело рук самих утопающих»։ Ով որ լուրջ է զբաղվում սրանով, նրա մոտ լավ կստացվի, իսկ ով որ ուշադրություն չի դարձնում, կլինի այնպես, ինչպես միշտ։ Կիբերանվտանգության ոլորտում մենք շատ հետ ենք, ուստի Հայաստանն այս առումով շատ խոցելի է։ Ես լավ եմ հիշում, թե ինչպես 2020 թվականի պատերազմի ժամանակ պետական ​​սերվերներից շատ լուրջ տեղեկատվության արտահոսքեր եղան»,- ընդգծեց կիբերանվտանգության մասնագետը։

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այս ամենը նաև պետք է սովորեցնել ողջ ժողովրդին, քանի որ կիբերանվտանգությունը միայն մասնագետների համար չէ։ Այսօր յուրաքանչյուր մարդ խոցելի է և պետք է իմանա՝ ինչպես պաշտպանվել։ Երբ հազարավոր մարդիկ միաժամանակ ենթարկվում են հաքերային հարձակման, դա արդեն սպառնալիք է դառնում ազգային անվտանգության մակարդակով։

Անդրադառնալով Հայաստանի վրա կիբերհարձակումների վիճակագրական տվյալներին՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ մենք տարբերվում ենք միջին վիճակագրական պետություններից նրանով, որ ենթարկվում ենք ոչ միայն միջին վիճակագրական հաքերային հարձակումների,  այլ նաև՝ թիրախային հարձակումների կոնկրետ պետությունների կողմից։

«Նման վիճակագրություն բնության մեջ ընդհանրապես գոյություն չունի, խնդիրն այն է, որ, նախ, այդ հարձակումների մասը տեղի է ունենում բարձր գաղտնիության մակարդակում՝ կիբերլրտեսության, որոնք հաճախ չեն բացահայտվում։ Երկրորդը՝ մասնավոր ընկերությունների կամ անհատների վրա կիբեր​​հարձակումների առումով աշխարհում վիճակագրություն կա՝ նման դեպքում ոստիկանություն և համապատասխան մարմիններ հարյուրից մեկն է դիմել»,-ասաց Մարտիրոսյանը։

Իսկ Հայաստանում իրավիճակն ավելի վատ է՝ հավանաբար, հազարից մեկն է նման հարձակումների դեպքում դիմում համապաստախան մարմիններին, ուստի մենք տեղյակ չենք, թե ինչպիսին է իրական պատկերը եւ իրականում ինչ է կատարվում։

Զաբելա Ավագյան

Նորություններ