Ճանապարհորդություն դեպի Հայաստանի հարավային դարպաս. բրիտանացու տպավորությունները Մեղրիից | Region

Ճանապարհորդություն դեպի Հայաստանի հարավային դարպաս. բրիտանացու տպավորությունները Մեղրիից

Հոկտեմբեր 31,2024 11:50

Վերջերս Birthright Armenia-ի (Դեպի Հայք)  կամավորների և կազմակերպիչների հետ մեկնել էինք Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի քաղաք, որը սահմանակցում է Ադրբեջանին և Իրանին։

Birthright Armenia-ն գրեթե ամեն շաբաթ-կիրակի կազմակերպում է հետաքրքիր ճամփորդություններ, իսկ իր կամավորների համար տարին ընդամենը երկու-երեք անգամ է ճամփորդություններ կազմակերպում, այն էլ երկու կամ երեք օրով։ Ուստի, երբ լսեցի նորից ճանապարհորդելու և Հայաստանը հյուսիսից հարավ անցնելու այս հնարավորության մասին (Սյունիքի մարզ իմ առաջին ուղևորության մասին կարդացեք  այստեղ), անմիջապես գրանցվեցի և նոր տպավորությունների ակնկալիքով սկսեցի անհամբեր սպասել այդ օրվան։

Մեզ՝ Գյումրու Դեպի Հայքի կամավորներիս համար (նրանցից մի քանիսի մասին կարդացեք  Կամավորները «Դեպի Հայք»-ից. ինչպես են նրանք օգնում Գյումրիին, Գյումրին՝ նրանց), ճամփորդությունը սկսվեց ուրբաթ օրը՝ վաղ առավոտից։ Սկզբում գնացինք Երեւան, որտեղ միացանք մեր երեւանցի կամավորներին, հետո մի քանի միկրոավտոբուսներով շարժվեցինք դեպի հարավ։

Երեկոյան Մեղրի հասնելուն պես գնացինք քաղաքի Երիտասարդական կենտրոն, հանդիպեցինք տեղի երիտասարդների հետ, նրանցից ոմանք իրենց մասին պատմեցին, հետո մեր կամավորները կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով։

Երեկոյան արդեն շատ հոգնած էինք, այնպես որ, այդ օրն այլևս ոչինչ չէինք ուզում անել, միայն՝ ճաշել և որքան հնարավոր է շուտ քնել։

Ինչպես Գյումրիում, Վանաձորում կամ Երևանում, այնպես էլ Մեղրիում,  կամավորները գիշերեցին հյուրընկալող ընտանիքներում: Մենք 3-5 հոգանոց խմբերի էինք բաժանվել, այդպես էին որոշել  Birthright Armenia-ի կազմակերպիչները։ Մեղրի մեկնելու ընթացքում մենք «քույրեր կամ եղբայրներ» էինք։ Իմ ընտանիքում յոթ հոգի էինք՝ հյուրընկալող ընտանիքի հայրը, մայրը, ես՝ Բրիտանիայից, երկուսը՝ ԱՄՆ-ից, մեկը՝ Ռուսաստանից, մեկը՝ Ավստրալիայից։ Անչափ հետաքրքիր էր Հայաստանում ձեռք բերված եզակի փորձով կիսվել մարդկանց հետ, ովքեր այստեղ են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից։

Մեր հյուրընկալող ընտանիքը շատ բարեհամբյուր և հյուրընկալ էր: Ընտանիքի անդամները մեզ վերաբերվում էին ինչպես հին ծանոթների։  Ընթրիքին տանտերերը մեզ հյուրասիրեցին համեղ հարիսայով ու տնական օղիով, սեղանի շուրջ հետաքրքիր ու ընկերական զրույց ծավալվեց։ Մեր նորաստեղծ մեղրեցի ընտանիքի հայրը բնիկ մեղրեցի է։ Ինձ համար շատ հետաքրքիր էր նրա բանակային պատմությունը։ ասաց, որ Խորհրդային տարիներին ծառայել է Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքում։ Թեև ես երբեք չեմ եղել Ռուսաստանում, հատկապես Մուրմանսկում, բայց պատկերացնում եմ՝ Հյուսիսային բևեռային շրջանից ներս գտնվող այդ քաղաքը շատ է տարբերվում հարավային արևով շոյված Մեղրիի։ Բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող էր զգալ 18-ամյա տղան, երբ իր հայրենի Մեղրիից հասավ Մուրմանսկ, որտեղ ձմեռները շատ դաժան են։ Հետո զրույցն ասյտիճանաբար հոսեց բոլորս անհանգստացնող թեմայի ուղղությամբ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Տանտիրոջը հարցրի՝ վախենո՞ւմ է Սյունիքի մարզի վրա հարձակումից, ինչին նախկին զինվորականն առանց վարանելու պատասխանեց՝ ոչ, ու հավելեց՝ մեղրեցիները գիտեն, որ սա իրենց քաղաքն է, իրենց հողն է, իրենք պատրաստ են մինչև վերջ պաշտպանել այն։

Շաբաթ օրը նախաճաշից հետո Birthright Armenia-ի կամավորների հետ գնացինք արշավի դեպի Դավիթ Բեկի ամրոց։ Այն  ժայռի գագաթին է, որտեղից բացվում է քաղաքի հրաշալի տեսարանն ու բնության գեղեցիկ պատկերը: Մարդու շունչ է կտրվում ժայռերի, չոր ու նարնջագույն երանգի հողի տեսարանից։ Ինձ կրկին անգամ ապշեցրեց Հայաստանի բնության բազմազանությունը։  Դժվար էր հավատալ, որ բնությամբ իրարից այդքան տարբերվող Սյունիքի ու Շիրակի մարզերը նույն երկրում են։

Ասում են, որ մեղմ կլիմայի շնորհիվ Մեղրիում գրեթե բոլոր տեսակի մրգերն աճում են։

Թելերի վրա շարված արևի տակ չորացող խուրման (արքայանարինջ) համարյա բոլորի տներում կար, դրսում ամեն երկրորդ ծառը ճկվում էր հասունությունից պայթող ալ կարմիր նռնենիներից, որոնք, կարծես գերում էին մեզ ու հաղորդում իմ հեռավոր նախնիների երկրի իրական զգացողություն։ Նուռն ու խաղողը Հայաստանի խոսուն խորհրդանիշն են։

Հինավուրց ամրոցի մոտ կանգնած ես նայում էի քաղաքին, որի տները տեղակայված են ժայռերի ստորոտում՝ ստեղծելով բնական պատնեշ թշնամիների համար։ Մինչ Հայաստան գալս ես չգիտեի, որ այս զարմանահրաշ երկրում նման քաղաքներ կան։ Իմ առջև բացվող բնապատկերից և Մեղրիի տեսարանից այնպիսի տպավորություն էր, կարծես գտնվում եմ Միջերկրական ծովի երկրներից մեկում։ Մեղրին, անկասկած,  Հայաստանում իմ տեսած ամենահետաքրքիր ու եզակի քաղաքներից է, այստեղ միախռնվել են պատմությունն ու ներկան։

Ամրոցի մոտ մեզ ուղեկցող տեղացին պատմեց, այս տարածքը հարուստ է հանքանյութերով, հատկապես լիթիումով։ Մենք իմացանք, որ տեղի բնակչության մի մասը Խորհրդային տարիներին աշխատել է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում, շատերը՝ հիմա էլ։

Մեզ ուղեկցող տեղացին պատմեց այս տարածքի ա հնագույն պատմության ու ծանր  ճակատագրի մասին, այս տարածաշրջանը դարեր ի վեր հետաքրքրել է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տերություններին։ Շատերն ուզում էին, և հիմա էլ ուզում են իրենց ազդեցության տակ վերցնել հայերի համար սրբազան այս հողը… Աչքերիս առաջ  հայտնվեցին հազարավոր բանակներ, նրանց հեծելազորը, նրանց մարտիկների սրերի ու կռվի ձայները… հպարտություն զգացի, որ հայերը կարողացել են պահպանել իրենց հայրենիքն ու իրենց ավանդույթները,  և որ իմ փառապանծ նախնիների արյունը, թեկուզ մի փոքր,  հոսում է իմ երակներում։

Շարունակեմ պատմել մեր ճամփորդության մասին․ հետո մենք բարձրացանք ինչ-որ բարձր տեղ, այդտեղից  երեւում էր Իրանի հետ սահմանը։ Երբ կանգնած նայում էինք սահմանին, ես չէի կարող չմտածել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Հենց այս շաբաթ RegionsTV-ն հրապարակեց հոդված, որտեղ ես և Գևորգ Օսկանյանը՝ Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության պրոֆեսորը, խոսել ենք Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ու դրա՝ Հարավային Կովկասի վրա ազդեցության մասին: Մեր զրույցի ընթացքում պրոֆեսոր Օսկանյանը մտահոգություն հայտնեց, որ «Ադրբեջանը կարող է օգտվել Իրան- Իսրայել հակամարտությունից և հարձակվել Սյունիքի մարզ՝ միջանցքին ռազմական ուժով հասնելու համար»։

Եվ հիմա, երբ Իրանի և Իսրայելի միջև իրավիճակը շատ թեժ է, Birthright Armenia-ի կամավորները և ես կանգնել էինք Իրանի հետ սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, տասը կիլոմետր՝ Նախիջևանից և քսան կիլոմետր՝ Ադրբեջանից մյուս տարածքից ու  հենց հատվածում, որտեղով, հակառակորդի ծրագրերի համաձայն պետք է անցնի միջանցքը։ Ես հասկացա, որ կանգնած էի մի շատ հետաքրքիր վայրում համաշխարհային պատմության շատ հետաքրքիր ժամանակաշրջանում, և ես հույս ունեի, որ այդ պահին մեր զգացած խաղաղությունը երկար կտևի…

Անմոռանալի տպավորություններով վերադարձանք Մեղրի։  Այդ ժամանակ այնտեղ Նռան փառատոն էր, կարելի էր գնել նռան գինի, հյութ ու նռից պատրաստված այլ ապրանքներ։ Փառատոնին հարևա Իրանից էլ մասնակիցներ կային, նրանք խորոված էին անում, արևելյան քաղցրավենիք վաճառում։ Տեղացի երեխաները հայկական ազգային երգեր էին երգում, պարում,   ջերմ և ուրախ մթնոլորտ էր։ Որպես ( իմ ընտանիքի պատմությունը՝)բրիտանացի՝ ես հազվադեպ եմ տեսնում Իրանի քաղաքացիների, ուստի չափազանց հետաքրքրված էի իրանցի զբոսաշրջիկներով: Մեր բախտը բերել էր, որ մենք այդ շրջանում այցելեցինք Մեղրի: Ի՜նչ եզակի փորձ է մեզ՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած կամավորների համար Իրանի հետ սահմանակից հայկական փոքրիկ քաղաքում մասնակցել Նռան փառատոնին։

Ինձ համար այս ճամփորդության ամենահետաքրքիր օրը մեր այցելության երկրորդ օրվա երեկոն էր։  Կրկին Birthright Armenia-ի կազմակերպիչները մեզ բաժանեցին հինգ հոգանոց խմբերի, խմբերի անդամներից երկուսը կամ երեքը հայերեն խոսողներ էին։ Ու ամեն խմբին տվեցին մեկական շիշ գինի և ուղարկեցին  մարդկանց տներ։ Մենք պետք է թակեիքն պատահական տան դուռ, ապա ներկայանալ նրանց, որ մենք Birthright Armenia-ի կամավորներ ենք, որ ուզում ենք  ծանոթանալ տեղի բնակիչների հետ, ապա պետք է նրանց խնդրեինք մեզ գինի խմեն։ Մեր խմբում չորս աղջիկ կար, որոնցից երկուսը վարժ խոսում էին հայերեն։ Birthright Armenia-ի կազմակերպիչների այս խաղը սկզբում մեզ շատ անտեղի թվաց՝ ծանոթանալու համար թակել անծանոթների դռները, մեզ համար մի տեսակ անհարմար բան էր։  Շատ էինք անհանգստանում ու կասկածում, որ մեզ կհրավիրեն ներս, քանի որ մեր երկրներում, որտեղից եկել ենք, այս խաղն ընդհանրապես չէր ստացվի։

Այնուամենայնիվ, մենք արագ գտանք ընտանիք, որը մեզ հրավիրեց տուն։ Հայախոս աղջիկները մեզ դեռ չներկայացրած՝ երիտասարդ տղան ու իր ծնողները մեզ ներս հրավիրեցին։ Մեզ անմիջապես նստեցրին սեղանի մոտ, տան տանտիրուհին խոհանոց գնաց-եկավ ու ասես կախարդանքով սեղանին հայտնվեցին մրգեր, քաղցրավենիք, աղանդեր։ Անմիջական զրույց սկսվեց, վայելեցինք համեղ հյուրասիրությունը, իհարկե, համեղ գինին։ Մենք՝  հայերեն վատ խոսողներս, փորձում էինք հնարավորինս շատ խոսել այս սուրբ լեզվով, տեղ-տեղ օգնության էին հասնում մեր խմբի հայալեզու խոսող աղջիկները, անհասկանալի բառերը թարգմանում, այնպես որ շփումն անցավ առանց խնդիրների։ Այս ընտանիքի հետ մեր ծանոթությունն այնքան ջերմ ու ուրախ էր, որ ընտանիքի հայրը չէր ուզում մեզ բաց թողնել։ Մենք նույնիսկ զանգահարեցինք Birthright Armenia կազմակերպիչներից մեկին, որպեսզի տանտիրոջը համոզի, որ մեզ բաց թողնի: Բայց հեռախոսով ոչինչ չստացվեց, ուստի կազմակերպիչներից երկուսը ստիպված եղան գալ մեր հետևից։ Մի քանի րոպե ձգվող երախտագիտության և գնահատանքի խոսքերից հետո հրաժեշտ տվեցինք այս հիանալի ընտանիքին: Վստահաբար, մենք գտել էինք ամենաուրախ ընտանիքը, և այո, մեր խումբը հաղթեց այս զարմանալի խաղում: Եվս մեկ իսկական հայկական փորձ և, անկասկած, իմ կյանքի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։

Կիրակի օրը մեր հյուրընկալ ընտանիքի հետ նախաճաշից ու նրանց հրաժեշտ տալուց հետո բռնեցինք հետդարձի ճանապարհը՝ սկզբում դեպի Երևան,  հետո՝ Գյումրի։ Շատ ուրախ եմ, որ  հնարավորություն ունեցա վերադառնալ սիրուն Սյունիք։ Շնորհակալ եմ Birthright Armenia-ին այս հիանալի և անմոռանալի ճամփորդության համար:

Քրիստոֆեր Քրոուսըն

Նորություններ