Գևորգ Օսկանյան․Թուրքիան վախենում է մեծ հակամարտությունից, իսկ Ադրբեջանը կարող է այս հակամարտությունը դիտարկել որպես Սյունիքի միջանցքին հասնելու հնարավորություն | Region

Գևորգ Օսկանյան․Թուրքիան վախենում է մեծ հակամարտությունից, իսկ Ադրբեջանը կարող է այս հակամարտությունը դիտարկել որպես Սյունիքի միջանցքին հասնելու հնարավորություն

Հոկտեմբեր 22,2024 14:54

Լուսանկարը՝ Էքսետերի համալսարանի պաշտոնական կայքից

Մերձավոր Արևելքում իրավիճակը, մասնավորապես Լիբանանում և Գազայում, մնում է լարված: Իրավիճակն ավելի սրվեց, երբ Իրանը հրթիռներ արձակեց   Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի հակահարվածը երկար սպասեցնել չտվեց: Իսրայելը ոչնչացրեց ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլա»-ի առաջնորդներին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից  ահաբեկչական ճանաչված այս խմբավորումների նոր առաջնորդներ են նշանակվում ու հայտարարում Իսրայելի դեմ պայքարի նոր, ավելի դաժան փուլի մասին:

Արդյոք անխուսափելի է տարածաշրջանային պատերազմը: Ի՞նչ զարգացումների սպասել, տարածաշրջանային պատերազմն ինչ հետևանքներ կթողնի Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա: RegionsTV-ի այս և այլ հարցերին  պատասխանում է Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության պրոֆեսոր Գևորգ Օսկանյանը:

-Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Մերձավոր Արևելքում, և ըստ Ձեզ, մոտ ապագայում իրավիճակը կվերածվի՞ լայնածավալ պատերազմի Իրանի և Իսրայելի միջև

-Այժմ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ իրադարձություններն աստիճանաբար վերաճում են մի բանի, որը իրականում կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի: Այժմ իրական հակամարտությունը հիմնականում ընթանում է ՀԱՄԱՍ-ի հետ՝ Գազայի հատվածում և Հեզբոլլահի հետ՝ Լիբանանում: Իսրայելի պաշտպանության բանակը, իհարկե, ունի մի քանի առավելություններ. նա, անկասկած, վերահսկում է երկինքը, Իսրայելն այժմ բավականին լավ պաշտպանված է հրթիռներից և այլ հարձակումներից: Պարզ է, որ Իսրայելի պաշտպանության բանակը բավականին խորը ներթափանցել է երկու կազմակերպություններ էլ՝ և՛ ՀԱՄԱՍ, և՛ Հեզբոլլահ:  Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է «Հեզբոլլա»-ի բարձրագույն ռազմական ղեկավարության մեծ մասին, ինչպես նաև վերացրել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Հանիեին հենց Թեհրանում: Այս ամենը, անշուշտ, Իսրայելի օգտին է խոսում, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ։

Անշուշտ, Իսրայելն ունի ռազմական ճնշող գերազանցություն մի շարք ոլորտներում: Բայց, նախևառաջ՝ ցամաքային գործողությունները բոլորովին այլ բան են, երկրորդ՝ հայտնի բան է՝ ահաբեկչության դեմ պայքարը հավասար է ուրվականի դեմ պայքարին: Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ 2001 թվականից… Եվ ի՞նչ  արդյունք կա: Կարելի է ասել, որ Իսրայելի պաշտպանության բանակն ունի գերազանցություն, բայց նա, և սա ոչ միայն իմ կարծիքն է, ռազմավարություն չունի: Ո՞րն է նրա հետագա նպատակը: Կրկին կհիշեցնեմ՝ թեև «Հեզբոլլա»-ը կարող է էականորեն թուլացած լինել, բայց սա շատ հզոր պարտիզանական խմբավորում է: Ռազմական գործողությունների ժամանակ, երբ «Հեզբոլլա»-ը կիրառում է պարտիզանական տակտիկա, քանի որ հենց դրանում է նա ուժեղ, նույնիսկ եթե այն մնում է ապակենտրոնացված, ինչպեսև սովորաբար գործում է, երևի կարող է զգալիորեն դիմակայել Իսրայելին:

Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել, բայց ես համոզված եմ, որ Իսրայելը, ինչպես որ եղել է նախկինում, մտնում է երկարատև հակամարտության մեջ Լիբանանում: Այն բոլոր խոսակցությունները Մերձավոր Արևելքի և Լիբանանի վերափոխման մասին, իմ կարծիքով, բացարձակ անհեթեթություն են, և ես կարծում եմ, որ արդյունքում ոչինչ չի ստացվի Լիբանանի վրա իսրայելական հարձակումից։  Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը ներգրավվել է այս գործընթացի մեջ՝ փորձելով Լիբանանին պարտադրել արևմտամետ նախագահ. նախկինում էլ են փորձել,  բայց չի ստացվել: Չի կարելի գործընթացից դուրս թողնել Լիբանանի բնակչության 30% կամ 40%-ին, որը շիաներ են և աջակցում են «Հեզբոլլա»-ին:

Կմոտենա՞նք արդյոք տարածաշրջանային պատերազմի: Մեծ հավանականությամբ՝ այո, այն շատ պարզ պատճառով, որ, նախ, Նեթանյահուն (Իսրայելի վարչապետը,խմբ․ ) հետաքրքրված էսկալացիայով: Հաշվի առնելով նրա քաղաքական կարիերան և անձնական պատճառները, ես չեմ կարծում, որ պատերազմի դադարեցումը նրա շահերից է բխում: Կան բազմաթիվ զեկույցներ, որտեղ ասվում է, որ Նեթանյահուն վարում էր ինչ-որ «բաժանիր և տիրիր» խաղ ՖԱԹՀ-ի (Պաղեստինի ազգային ազատագրական շարժում, խմբ․) և ՀԱՄԱՍ-ի միջև, որը նպաստեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ի կոտորածին: Երկրորդ, հասկանալի է, որ Նեթանյահուն ուզում է, այսպես ասած՝ մաքրել իր համբավը: Բացի այդ, իհարկե, նա մտածում է, որ Իսրայելը գերիշխող դիրքում է գտնում, և պայմանավորված ներկայիս ձեռքբերումներիով՝ նա, ես նույնիսկ կասեի,  ամբարտավան ու ինքնավստահ է։  Նրա կարծիքով Իսրայելը հաղթում է, ուստի նա չի մտածում կանգ առնելու մասին:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանը կորցրել է իր զսպող գործոնը Իսրայելի թիկունքում։ «Հեզբոլլա»-ը Իսրայելին զսպող գլխավոր գործոնն էր: Ես կարծում եմ, որ «Հեզբոլլա»-ն ուներ ավելի քան 100,000 հրթիռ, առնվազն մինչև ընթացիկ պատերազմը, գաղափարն այն էր, որ դա կարող էր զսպել Իսրայելին, բայց, իհարկե, դա այլևս այդպես չէ: Սրանով է բացատրվում նաև այն, որ Իրանը պատմության մեջ առաջին անգամ կատարեց այդ անմիջական հարձակումը Իսրայելի վրա: Իրանական նախորդ հարձակում էլ է եղել․․.եթե չեմ սխալվում, սա պատասխանն էր Հանիեի (Համասի առաջնորդն է եղել, սպանվել է այս տարվա հուլիսին, խմբ․) սպանությանը կամ Իսրայելի՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակմանը: Բայց   այս նախորդ հարձակումները լավ պլանավորված էին, նախապես որոշ ազդակներ էին հղվել։ Ժամեր պահանջվեցին, որպեսզի իրանական անօդաչուները դանդաղ շարժվեն դեպի Իսրայել, և Իսրայելի պաշտպանության բանակը բավականին հեշտությամբ հակազդեց դրանց: Այդ էսկալացիան այլ մակարդակի մի բան էր։

Ես չեմ կարծում, որ Իսրայելը զսպվածություն կցուցաբերի: Իմ կարծիքով, և փորձը   ցույց է տալիս, որ Բայդենը մեծ վերահսկողություն չունի Իսրայելի գործողությունների նկատմամբ: Բացառությամբ այս դեպքի, որ թվում է, թե Իսրայելը կախված է ԱՄՆ-ից իր հակահրթիռային պաշտպանության համակարգը համալրելու հարցում, ուստի ԱՄՆ-ը կարող է ազդել պատասխան քայլերի վրա։ Բայց ես, այնուամենայնիվ, ակնկալում եմ, որ պատասխանը էական կլինի, որը  կարող է դառնալ ևս մեկ քայլ դեպի հետագա էսկալացիան, որովհետև ես չեմ պատկերացնում, որ Իրանին հարվածեն այնպես, ինչպես ակնկալվում է, իսկ ինքը դրան չպատասխանի։

-Ի՞նչ սպասել Իրանից մոտ ապագայում.

-Կախված է սպասել Իսրայելի պատասխանից, որքան լուրջ լինի  պատասխանն, այնքան լուրջ կլինեն Իրանի պատասխան գործողությունները։ Կարծում եմ, որ Իրանը հակամարտությունն ավելի կսրի, մասամբ այն պատճառով, որ, իր կարծիքով, զսպվել է արտաքին ճնշման տակ: Եղան մի շարք միջամտությունները, վերջինը՝ դիվանագիտականն էր այսպես ասած՝ հաշվեհարդարի ժամանակ։

Բայց ես չեմ կարծում, որ դա այժմ որևէ ազդեցություն կունենա, քանի որ Իրանի կառավարությունը կարծում է, որ պետք է բավական ագրեսիվ արձագանքի, և դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի էսկալացիաների ցիկլի։ Թե ինչ աստիճանի կհասնի այս էսկալացիան, շատ դժվար է կանխատեսել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք տարածաշրջանային պետությունները կներգրավվեն այս գործընթացում։ Օրինակ՝ Պարսից ծոցի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն Իրանի հարձակումից իրենց տարածքների վրա։ Այլ հարց է, թե Իսրայելը կօգտագործի՞ Պարսից ծոցի երկրների օդային տարածքը Իրանի վրա հարձակվելու համար։ Կան մի շարք սցենարներ՝  արդյոք իսրայելական ռազմական ինքնաթիռները կարող են թռչել Սիրիայի կամ Իրաքի տարածքով, թե ավելի երկար ճանապարհով կանցնեն՝ Եմենի շուրջ Արաբական ծովով, ուստի հնարավոր է, որ պատասխան գործողություն չլինի Պարսից ծոցի երկրների դեմ: Բայց Իրանի իշխանությունները, եթե իսկապես զգան, որ ճնշումների տակ են, կարող են արգելափակել Հորմուզի նեղուցը, իսկ դա կունենա գլոբալ հետեւանքներ։

-Ինչպե՞ս ստեղծվեց նման թշնամական իրավիճակ, որո՞նք են հիմնական պատճառները։

-Շուրջբոլորը ռադիկալացում է։ Եվ ուրեմն  ի՞նչը հրահրեց դրան։ Մի կողմից Պաղեստինում էր արմատականացումը, Պաղեստինի բնակչությունը հիասթափվել է խաղաղ գործընթացից։ Վերջին 20 տարիների ընթացքում պաղեստինցիները խաղաղության գործընթացը միայն թղթի վրա են տեսել, միևնույն ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափում բնակավայրերն ընդլայնվում էին, իսկ Գազայի հատվածը մնում էր շրջափակման մեջ և այլն: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին  սարսափելի կոտորածով, բայց որպեսզի այն դասենք անիամստ ահաբեկչության շարքին, պետք դիտարկենք համատեքստը, իսկ այս դեպքում այն կար։  Կար լրացուցիչ համատեքստ՝ պաղեստինցիները, մասնավորապես ՀԱՄԱՍ-ը, զգում էին, որ մարգինալացված են բոլորի կողմից: Ինչպես գիտեք, եղել է Աբրահամի համաձայնագիրը (Արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկկողմանի համաձայնագրեր, խմբ․)  Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղության հասնելու փորձ էր։ Հավանաբար հոկտեմբերի 7-ը  ՀԱՄԱՍ-ի փորձն էր իր ներկայությունը հնարավորինս դաժանորեն ի ցույց դնելու։ Մյուս կողմից էլ Իսրայելում էր արմատականացում։ Մարդիկ հաճախ անտեսում են այն ​​փաստը, որ սա Իսրայելի պատմության մեջ սա ծայրահեղ աջական պետությունն է: Կան այնպիսի պետական ​​գործիչներ, ինչպիսիք են Բեցալել Սմոտրիչը և Իտամար Բեն-Գվիրը, որոնց ելույթներում ցեղասպանական հռետորաբանություն էր: Նրանցից մեկը ֆինանսների նախարարն էր, մյուսը՝ Ազգային անվտանգության նախարարը, այնպես որ երկուսն էլ ազդեցություն ունեն Արևմտյան ափում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Բայց հարկ է նշել, որ նմանատիպ հռետորաբանություն հնչել է նաև հոկտեմբերի 7-ից առաջ։

Ինչ վերաբերում է «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» լուծմանը, որին Նեթանյահուն միշտ դեմ է եղել ու հստակ արտահայտել է իր անհամաձայնությունը։ Հակամարտության վերաբերյալ այս ծայրահեղ մոտեցումը մասամբ գալիս է Նեթանյահուից։ Եվ ես միակը չեմ, ով ասում է սա. այս մասին ես լսել եմ Միացյալ Թագավորության նախկին արտգործնախարար Ջեք Սթրոուից, ով շատ հստակ հայտարարեց, որ Նեթանյահուն գրգռում էր ՀԱՄԱՍ-ին, որպեսզի թուլացնի ՖԱԹՀ-ին։ Եվ դա բացարձակապես տրամաբանական կլիներ, քանի որ հաճախ տեսնում ենք, որ խրախուսում են ծայրահեղականներին՝ թուլացնելով չափավոր հայացքներ ունեցողներին, այնպես որ խաղաղ բնակչության մոտ ընտրության հնարավորություն չի մնում։ Ո՞ւմ եք ընտրելու, պատրաստվու՞մ եք աջակցել ՀԱՄԱՍ-ին։ Ոչ: Կարևոր է նաև ընդգծել, որ այս խաղում Նեթանյահուն մինչև հոկտեմբերի 7-ը թույլ է տվել միլիարդավոր քաթարական դոլարներ հոսել Գազայի հատված։

Ին՞չ դիրքորոշում ունեն ԱՄՆ-ն ու եվրոպական տարբեր երկրները  Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ինչ ազդեցություն ունեն տարածաշրջանում։

-Տեսականորեն՝ մեծ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը միլիարդներով ֆինանսավորում է Իսրայելին և զենք մատակարարում։ Նաև Գերմանիան է զենք մատակարարում ամենատարբեր պատճառներով,  Գերմանիան երկրորդ խոշոր մատակարարն է։ Բայց ԱՄՆ- ն, տեսականորեն, կարող էր ավելի մեծ  ազդեցություն ունենալ այնտեղ, պարզապես նրանք պատրաստ չեն ինչ որ բան անել՝ տարբեր պատճառներով։

ԱՄՆ-ն միայն խոսում է միջազգային մարդասիրական իրավունքի մասին, Բայդենը պարբերաբար կարմիր գծեր է քաշում, սակայն Նեթանյահուի կառավարությունն անընդհատ խախտում է դրանք։ Մասնավորապես, Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ միշտ հանգում են Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքի գաղափարին։ Իմ կարծիքով՝ սա կազմակերպված կեղծավորության քաղաքականություն է, Արևմուտքը խոսքով  ընդունում է միջազգային մարդասիրական իրավունքը ու միևնույն ժամանակ թույլ է տալիս, որ տեղի ունենա այն, ինչ կատարվում է Գազայում։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի պատասխանը ՀԱՄԱՍ-ի ներխուժմանը  միանգամայն անհամաչափ էր։ Այո, հոկտեմբերի 7-ին 1400 իսրայելցի խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ Գազայի հատվածում գրեթե 50000 մարդ է զոհվել այնպիսի ​մեթոդներով, որոնք հստակորեն վկայում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին։

Միջազգային հանրությունն ու գերտերությունները կոչ են անում դադարեցնել էսկալացիան և հրադադար կնքել։ Դուք տեսնո՞ւմ եք հրադադար կնքելու հնարավորություն:

-Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ մոտ ապագայում դա հնարավոր է։ Իսրայելը մտավ  Լիբանան ասելով՝ «մենք սրում ենք լարվածությունը դեէսկալացիայի համար»։ Սա ենթադրում է, որ նրանք մտադիր չեն հրադադար կնքել։  Իսրայելը ձգտում է հաղթանակի, չեմ կարծում, թե դա հրադադարի տեղ է թողնում՝ եթե իհարկե Իսրայելը չհյուծվի և չկարողանա հասնել իր նպատակին։ Բայց դա դեռ չկա։ Իմ կարծիքով՝ որևէ հաշտություն չի լինի։

Ի՞նչ դեր ունեն Թուրքիան և Ադրբեջանը Իսրայել- Իրան հակամարտությունում, և ինչպիսի՞ն է Անկարայի և Բաքվի վերաբերմունքը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։

-Թուրքիայի հարաբերություններն Իրանի հետ լավը չեն, բայց Թուրքիան վախենում է ապակայունացումից, քանի որ եթե Իրանի վրա հարձակվեն, և հետագա էսկալացիան հանգեցնի ապակայունացման, կարող եք պատկերացնել, թե ինչ կարող է  լինել։ Փախստականների հոսքը զգալիորեն կգերազանցի այն քանակին, որը մենք տեսել ենք Մերձավոր արևելքում վերջին տասնամյակներին։

Հիմա Իսրայելի մասին։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում կա։ Իհարկե, երբ բանը հասնում է Իսրայելին, այդ պառակտումը կլինի։ Թուրքիան ամբողջ ուժով հակադրվում է Իսրայելին, և այս պահին Էրդողանը Իսրայել պետության ամենաբուռն քննադատներից է։ Թեև նա չի արգելափակում նավթի հոսքը Ադրբեջանի և Իսրայելի միջև, այդքան հեռուն չգնաց իր գործողություններով, բայց իր հռետորաբանությամբ խիստ քննադատում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Թուրքիայի հռետորաբանությունը խիստ տարբերվում Ադրբեջանի հռետորաբանությունից։ Ադրբեջանը Իսրայելի գլխավոր դաշնակիցներից մեկն է, միաժամանակ Ադրբեջան-Իրան հարաբերությունները թեև գործնական են, բայց շատ բարդ են։ Այս պատճառով ինչ որ ոգևորություն կա, հատկապես Հայաստանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի կարող է լարվածություն առաջանա։ Տեղի ունեցողի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ Մի կողմից Թուրքիան լուրջ մտահոգված է մեծ հակամարտությունով, մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է այս հակամարտությունը դիտարկել որպես Սյունիքի մարզով միջանցք բացելու հնարավորություն, և դա, իհարկե, այն հիմնական խնդիրներից է, որի վրա պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի կառավարությունն ու հայ հասարակությունը։

Չնայած, դուք իմ հաջորդ հարցին մասամբ անդրադարձաք, բայց այն  հնչեցնեմ՝ ի՞նչ եք կարծում, Իսրայելի և Իրանի միջև աճող լարվածությունը կարո՞ղ է խրախուսել Ադրբեջանին շարունակել ճնշում գործադրել Հայաստանի վրա և, ինչպես Դուք ասացիք, հարձակվել Սյունիքի վրա։

-Այո՛։ Որովհետև Ադրբեջանը միաժամանակ երեք տարբեր խնդիրներ է դիտարկում. նախ՝ իրավիճակը Իրանի և Իսրայելի միջև։ Կասկած չկա, որ Իրանը լուրջ գործոն է Հարավային ԿովկասումԼ Իրանը մտահոգություն է հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»  գաղափարի վերաբերյալ, որ կտրականապես դեմ է եթե Հայաստանը զիջի է ինքնիշխանությունը Սյունիքի մի մասի կամ նույնիսկ ամբողջ Սյունիքի նկատմամբ։  Իհարկե, եթե Իրանը հայտնվի Իսրայելի հետ հակամարտության մեջ, իրավիճակը լրջանա, ու Իրանն էականորեն թուլանա, ապա դա մեծ հնարավորություն է Ադբեջանի համար։

Բաքուն հաշվի է առնում նաև այլ բաներ՝ նախ՝ նոյեմբերի ընտրությունները ԱՄՆ-ում, և երկրորդ՝ Թրամփի պես գործարքային նախագահի առկայությունը, որին առանձնապես չի մտահոգում Հարավային Կովկասը կամ ընդհանրապես հումանիտար հարցերը։ Գիտեք, Սպիտակ տունը կարող է ևս մեկ գործոն լինել, որը կդրդի Ադրբեջանին ներխուժել Հայաստանի հարավ: Եվ երրորդ՝ Ուկրաինայում պատերազմ է, և Ուկրաինայում պատերազմի ընթացքը, թե որքանով է Ռուսաստանը կամ Արևմուտքը «հաղթում» կամ վերահսկում իրավիճակը, ազդում է Ադրբեջանի վարքագծի վրա։ Եթե ​​ուշադրություն դարձնեք Ադրբեջանի հռետորաբանությանը, ապա կարող եք նկատել, թե ինչպես է այն փոխվում ուկրաինական շփման գծի փոփոխություններին զուգահեռ։ Ադրբեջանը հաճախ հավասարակշռում է ուկրաինամետ հայտարարությունները ռուսամետ հայտարարությունների հետ։ Վերջին շրջանում, հատկապես վերջին երկու տարիներին Ադրբեջանն ավելի ռուսամետ է դարձել։ Սա լավ արտացոլում է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Արդյունքում, եթե այս երեք գործոնները միավորվեն, Հայաստանը կհայտնվի ծայրահեղ վտանգի առջեւ։ Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակն, անխոս, կրկին կլինի հօգուտ Ադրբեջանի։ Կան կարծիքներ, թե Ադրբեջանը չներխուժեց  Սյունիքի մարզ, քանի որ նման գործողությունը կհանգեցներ Ադրբեջանի մեկուսացմանը, կախվածության մեջ կգցեր Ռուսաստանից։ Բայց ես վստահ չեմ՝ նախևառաջ վերջին իրադարձությունները հաշվի առնելով․ Արևմուտքը կրկին սահմանել է մի շարք կարմիր գծեր: Հիշում եմ, երբ նրանք խոսում էին Լեռնային Ղարաբաղի մասին, Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի անցյալ տարվա շրջափակման մասին, նրանք իրավիճակը բնութագրում էին ուղղակի «ամեն ինչ կարգին չէ,  գործերը սովորականի պես չեն» խոսույթով, եթե տեղի բնակչությունը արտաքսվեր, դա որոշակի հետևանքներ կունենար Ադրբեջանի համար․․, վտարվեցին. Եվ ի՞նչ։ Հիմա Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները գրեթե վերադարձել են բնականոն հուն: Ադրբեջանը պահպանում է իր ճնշումը՝ հակազդելով Ֆրանսիային՝ լինելով բավականին բարդ հաճախորդ, երբ խոսքը վերաբերում է արևմուտքի ներգրավվածությանը։ Մյուս հանգամանքն այն է, որ եթե Ալիևը դառնա թյուրքական աշխարհի միավորողը, իր կարծիքքով, նա կկարողանա բարձրացնել իր հեղինակությունը երկրի ներսում և դրսում: Եվ իհարկե, նա միշտ կարող է ապավինել Թուրքիային: Նա երբեք լիակատար մեկուսացման մեջ չի լինի, քանի որ Թուրքիան կպաշտպանի նրան: Այնպես որ այն կարծիքները, թե Ադրբեջանը զերծ կմնա ներխուժելուց կամ դրա փորձից, եթե աշխարհաքաղաքական աստղերը համընկնեն, սխալ է: Պետք է ենթադրել, որ նրանք անպայման կփորձեն, եթե կարծեն, որ դա անպատիժ կմնա, և կան լուրջ հիմքեր, որ նրանք իսկապես կարծում են, թե անպատիժ կմնան:

Կարելի է ասել, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները ջերմ են։ Սա որևէ նշանակություն ունի՞ այս իրավիճակում: Ի՞նչ եք կարծում, Իրանը կմիջամտի՞ կամ կպաշտպանի՞ Հայաստանին, եթե Ադրբեջանը ներխուժի Սյունիք։

Ես գաղափար չունեմ, հակված եմ մտածելու՝ ոչ: Իրանը բազմիցս ակնարկել է,  որ կմիջամտի, բայց արդյոք իրականում ուղղակիորեն կմիջա՞մտի։ Սա մեկ միլիոն դոլարանոց հարց է․․․ ։ Սա ամենադժվար հարցն է։ Իհարկե, եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա, անշուշտ, Իրանի միջամտելու հնարավորությունը կնվազի։ Ես բաց կխուսափեմ պատասխանել այս հարցին, քանի որ չեմ կարող իմանալ, թե Իրանի ղեկավարությունը ինչ է մտածում և ինչի է պատրաստ.․ . Միայն կարող եմ ասել, որ  դա ավելի քիչ հավանական կլինի, եթե Իսրայելն ու Իրանն ավելի խորը առճակատման մեջ մտնեն։

Քրիստոֆեր Քրոուսըն

Նորություններ