Համեմատած Վարդերի հեղափոխության հետ, այս անգամ բողոքի ցույցերը երկար կտևեն․վրացի փորձագետն՝ ընդդիմության և նրա աջակիցների՝ Վրաստանի իշխանության դեմ պայքարի մասին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն 13-րդ օրն է՝ բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցուցարարները բողոքում են մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին կառավարության որոշման դեմ։ Նրանք նաև պահանջում են նոր ընտրություններ նշանակել և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բոլոր բերման ենթարկվածներին։
«Քաղաքացիական համաձայնություն» հասարակական շարժման հիմնադիր Շմագի Սամխարաձեն Թբիլիսիում մասնակցում է բողոքի ցույցերին և REGIONSTV-ի հետ զրույցում պատմում է Վրաստանում տիրող իրավիճակի, ընդդիմության տրամադրությունների և ցուցարարների ակնկալիքների մասին։
Վրաստանում արդեն երկրորդ շաբաթն է բողոքի ցույցեր են ընթանում։ Ո՞րն է ցուցարարների նպատակը, ի՞նչ փոփոխություններ են ուզում տեսնել երկրում։
Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցերի ամենակարեւոր պատճառը նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր, որ Վրաստանը պաշտոնապես դադարեցնում է Եվրամիության հետ բանակցությունները մինչեւ 2028 թվականը։ Սա նշանակում է, որ մենք ամեն ինչ հետաձգում ենք 4 տարով։ Ահա սա էր պատճառը, որը մի ակնթարթում դրդեց հավաքվել բոլորին, այդ թվում՝ երիտասարդներին։ 13 օր փողոցում ենք։ Ի դեպ, Վրաստանի Սահմանադրության մեջ կա 78-րդ կետը, որտեղ ասվում է, որ բոլոր պետական մարմինները պետք է ամեն ինչ անեն եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը հակասում է Սահմանադրությանը։ Հիմա մարդիկ պահանջում են շարունակել եվրաինտեգրումը, և առնվազն՝ կառավարության հրաժարականը, նոր ընտրությունների նշանակումը, և որ Վրաստանում ռուսական ազդեցության մեծացում չլինի։
Նմանատիպ բողոքի ակցիաներ անցկացվո՞ւմ են Վրաստանի այլ քաղաքներում։
Այո, և զարմանալին այն է, որ զանգվածային բողոքի ակցիաները դարձել են նույնքան լայնածավալ, որքան վերջին անգամ նկատվել են Վարդերի հեղափոխության ժամանակ: Դրանք տեղի են ունենում Զուգդիդիում, Գորիում, Քութայիսիում, Բաթումիում, Խաշուրիում։ Սրանք ամենազանգվածային բողոքի ցույցերն են այդ շրջանների համար, որոնք իրենց կյանքում երբեք չեն բողոքել: Հիմնականում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում արևմտյան Վրաստանում և Թբիլիսիում։
Այս բողոքի ցուցն առաջնորդ ո՞ւնի։ Ի՞նչ կասեք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մասին։
Ընդդիմադիր կուսակցությունները ստորագրել են նախագահի նախաձեռնած վրացական կանոնադրությունը, որտեղ ասվում է, որ պետք է արդար ընտրություններ անցկացնել և բանակցություններ սկսել Եվրամիության հետ։ Ընդդիմության մեջ կան առաջնորդներ, բայց ոչ մեկին չի հաջողվում համախմբել բոլորին, ուստի նախագահը դառնում է այդպիսի միավորող խորհրդանիշ։ Նրա պաշտոնավարման ժամկետն այժմ ավարտվում է, բայց նա դեռևս մնում է եվրաինտեգրման այս ամբողջ շարժման միասնության խորհրդանիշը։ Զուրաբիշիլին Ֆրանսիայից է, նա ժառանգն է նրանց, ովքեր ժամանակին պաքարել են ժողովրդավարական Վրաստանի, առաջին ժողովրդավարական հանրապետության համար, հետևաբար, այս ամենը խորհրդանշական է, ժողովրդի և ընդդիմադիր ուժերի միջև այս հարցում միասնականություն կա, նախագահը ընդունելի է բոլորի համար՝ ընդդիմադիրների և ժողովրդի համար, այսինքն՝ նրան խորհրդանշականորեն կարելի է առաջնորդ անվանել։
Լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքի ցույցերի ժամանակ ուժայինները բիրտ ուժ են կիրառել։ Դուք ինքներդ դրա ականատեսը եղե՞լ եք։
Այո, ինձ քիչ էր մնում բերման ենթարկեին։ Նրանք, իսկապես, շատ տարբեր միջոցներ են օգտագործում, օրինակ՝ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, այն էլ՝ ընդամենը 8 օրում։ Ես անձամբ եմ շնչել այդ գազը․․․ 300-400-ից ավելի բերման են ենթարկվածներ կան, 250 ցուցարար բռնության է ենթարկվել։ Կան դրանց ապացույցները՝ լուսանկարներ, տեսանյութեր։ կառավարությունը, ոստիկանությունն ասում են, թե նրանք ինչ-որ ռադիկալներ են, բայց իրականում նրանք երիտասարդներ են, նրանք սովորական մարդիկ են, լրագրողներ, ակտիվիստներ, նույնիսկ հայտնի մարդիկ։ Այդ լուսանկարները տարածվում են աշխարհով մեկ:
Նրանք սկզբում ուզում էին ահաբեկել ժողովրդին, և դա ակնհայտ էր։ Հիշում եմ՝ մի անգամ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, մի անգամ նույնիսկ մինչև ժամը 9-ը, 10-ը մեզ հետապնդում էին Ռուսթավելիի պողոտայի ողջ երկայնքով մինչև Վակեի այգի, ավելի լավ պատկերացնելու համար ասեմ՝ դա մոտ 10 կմ է։ Սա առաջին օրերին էր, բայց արդեն ամսի 4-5-ին ուժայինները ցույցը չցրեցին՝ պատճառաբանելով, որ արդեն չեզոքացրել են նրանց, ովքեր իրավիճակը սրում էին՝ նկատի ունենալով ճայթուցիկներ, հրավառություն օգտագործողներին։ Նրանք փակել են բոլոր խանութները, բոլոր մատակարարներից առգրավել են այդ տեսակ ապրանքը, հիմա էլ արգելել են այդ ապրանքների ներմուծումը երկիր։ Բայց ամեն դեպքում ուժայինների ագրեսիվությունը չի վերացել։ Իրենք էլ են հոգնել, քանի որ փողոցներում շատ մարդիկ կան, ուժայիններից ոմանք հրաժարականի դիմումներ են գրել։ Նրանք նույնպես ճնշում են զգում, քանի որ արվեստի ներկայացուցիչները, մտավորականությունը, հասարակ մարդիկ, մայրերը, որոնք հիմա փողոցում են, բարոյական ճնշում են գործադրում նրանց վրա։ Մենք ստացել ենք նրանց ցուցակները։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ճնշում է գործադրվում նրանց ընտանիքների վրա, ուստի ուժայինները հասկացան, որ այժմ մեծ ռիսկի են դիմում: Այլևս ուժ չեն կիրառում՝ պատճառաբանելով, որ ժողովուրդն ավելի քիչ ագրեսիվ է դարձել։ Իրականում դա այդպես չէ, պարզապես նրանք հասկանում են, որ ինչքան շատ ագրեսիա գործադրեն, այնքան ավելի շատ մարդ դուրս կգա փողոց։
Դուք լավատե՞ս եք: Ի՞նչ եք կարծում, այս բողոքի ցույցերը Վրաստանին կբերե՞ն ցանկալի փոփոխություններ։
Վրաստանը փոքր երկիր է, կա մտավախություն ռուսական զորքերի առկայությունից և ռուսական ագրեսիայից։ Մյուս կողմից, կան այլ փաստարկներ, որոնք ասում են, որ Ռուսաստանը Սիրիայում բավարար մարդ չունի, Ուկրաինայում բավարար մարդ չունի, նրանք պետք է դիմեն Հյուսիսային Կորեայի օգնությանը։ Կարծիք կա, որ եթե Ռուսաստանը հիմա որոշի գնալ նոր արկածախնդրության, եթե, օրինակ մեզ մոտ հանկարծ իշխանափոխություն լինի, նրան առնվազն 150 կամ 200 հազարանոց բանակ է պետք, ուստի սա արդեն շատերին չի վախեցնում։ Ինչ վերաբերում է լավատեսությանը, ես ընդհանրապես հոգեբանորեն արդեն պատրաստ եմ այն փաստին, որ սա կարող է տևել մի քանի ամիս, ուստի ես տրամադրվել եմ դրան։ Ոմանք հիասթափված են, ուզում էին, որ ամեն ինչ լինի միանգամից՝ 2, 3, 5 օրվա ընթացքում։ Նրանք հիասթափվում են, հետո ուշքի են գալիս, բայց ես անձամբ կարծում եմ, որ սա կտևի 3 ամիս։ Սա երկար գործընթաց է՝ համեմատած Վարդերի հեղափոխության հետ։ Հիմա ուժայիններն այլ բյուջե ունեն, այլ կերպ են հագեցած, հավելյալ գումարներ ունեն, օլիգարխների աջակցությունն ունեն, համակարգը ավելի կոշտ է, ուղղահայաց և ավելի շատ միջոցներ ունի, հանրահավաքները ցրող ոստիկաններին էլ լավ ֆինանսավորում են:
Ի՞նչ եք կարծում, կառավարությունը շարունակո՞ւմ է «սեղմել պտուտակները»։
Այդ գործընթացը շարունակվելու է, բայց ես լավատես եմ, քանի որ այս կողմում ամեն ինչ մոբիլիզացված է։ Միջազգային աջակցություն կա, նախագահ կա, մարդիկ կան, մենք էլ գործ ենք անում, կամաց-կամաց իրենց կողմից կարդկանց ենք «տանում»։ Օրինակ, եղել է մի դեպք, երբ շատ հայտնի քարոզիչներից մեկի որդին հրապարակայնորեն հրաժարվել է հորից, նա գրել է, որ չի ողջունում իր հոր ամենօրյա աշխատանքը՝ Վրաստանում ռուսական քարոզչության համար։ Սա հասնում է ընտանիքներին, հարևաններին և տարբեր գերատեսչություններին, ուստի ես դեռ հավատում եմ, որ լավատեսական սցենարներ կան: Բայց կա նաև հոռետեսական սցենար, ինչպես եղավ Բելառուսում, երբ նրանց հաջողվեց պահպանել իշխանությունը։ Տեսնենք, չեմ կարծում, որ դա այստեղ կստացվի։
Քրիստոֆեր Քրոուսըն