«Հատուկ ջոկատայինները ծեծում էին մարդկանց, որոնք չէին կարողանում ոտքի կանգնել, քանի որ թունավորվել էին շմոլ գազից կամ վիրավորվել մահակներով ու ոտքերով հարվածներից»․Վրաստանում իրավիճակը լարված է | Region

«Հատուկ ջոկատայինները ծեծում էին մարդկանց, որոնք չէին կարողանում ոտքի կանգնել, քանի որ թունավորվել էին շմոլ գազից կամ վիրավորվել մահակներով ու ոտքերով հարվածներից»․Վրաստանում իրավիճակը լարված է

Նոյեմբեր 30,2024 11:42

Գիշերվա ցույցերի ժամանակ Թբիլիսիում 107 քաղաքացի է բերման ենթարկվել, վրացական լրատվամիջոցները գրում են, որ ոստիկանությունը դաժանաբար ցրել է ցույցը

Թբիլիսիում նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի մոտ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցը դաժանորեն ցրելու ժամանակ բերման է ենթարկվել առնվազն 107 մարդ։ Արդեն երկրորդ գիշերը տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում էին Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու կառավարության որոշման դեմ։

Jam-news-ի  գրում է՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկու օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 150 քաղաքացի։

Լրատվամիջոցի փոխանցմմաբ՝ ամենայն հավանականությամբ, սա վերջնական տվյալներ չեն։ Ներքին գործերի նախարարությունը, ինչպես և նախկինում, ասում է, որ ուսումնասիրում է ցույցերի ընթացքում արված լուսանկարներն ու տեսանյութերը, և առաջիկա օրերին շատերը կարող են բերման ենթարկվել կամ ծանուցումներ ստանալ։

Ցույցը ցրելու ժամանակ հատուկ ջոկատայինները կիրառել են ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։ Տասնյակ վիրավորներ և քիմիական այրվածքներ ստացած մարդկանց  տեղափոխել են շտապօգնության մեքենաներ, որոնք հերթապահում էին բողոքի ցույցի մոտ։ Տեղեկություններ կան, որ ՕՄՕՆ-ը նաև ռետինե փամփուշտներ է արձակել ցուցարարների ուղղությամբ:

Վրաստանի իրավապահները հայտնում են, որ  «ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում» տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ Հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում տուժած ցուցարարների մասին։

«Նոյեմբերի 29-ի գիշերը տասնյակ հազարավոր ցուցարարներին դաժան ճնշումից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրապարակավ շնորհակալություն է հայտնել ուժայիններին։ Երկրորդ գիշերը ոստիկանությունն ավելի դաժան էր»,-գրում է Jam-news-ը։

Վրացական լրատվամիջոցներում կան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ հատուկ ջոկատայինները ֆիզիկական կոշտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիների։

Jam-news-ը գրում է․ «Մարդկանց խմբերով բռնում էին ու ասֆալտի երկայնքով քարշ տալիս ոստիկանական մեքենաների մոտ։ Բազմաթիվ կադրեր կան, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ծեծում մարդկանց, ովքեր արդեն գետնին պառկած էին և չէին կարողանում ոտքի կանգնել, քանի որ թունավորվել էին շմոլ գազից կամ վիրավորվել մահակներով ու ոտքերով հարվածներից»։

Հիշեցնենք,  Վրաստանում տևական ժամանակ է՝ բողոքի ցույցեր են, ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքները, ըստ որի հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։ Սակայն նախօրեին բողոքի ալիքն էլ ավելի մեծացավ, երբ երկրի վարչապետը հայտարարեց, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականի տարեվերջ։

 

Նորություններ