«Պետք է դառնանք այնպիսի պետություն, որ եթե հանկարծ մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի»․նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա։ Նա Ամուլսարի հանքի շահագործման մասին էլ նշել է՝ եթե 150 մլն դոլարի ֆինանսավորումը հաջողվի, ապա գարնանը հանքի շինաշխատանքները կսկսեն
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա նշել է, որ եվրամիության անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, ՀՀ կառավարության խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ՝ տնտեսության դիմակայունությունն ու մրցունակությունը բարձրացնելը։
Նրա խոսքով՝ էական չէ՝ Հայաստանը կլինի ԵԱՏՄ-ում, թե՝ ԵՄ-ում, տնտեսությունը պետք է մրցունակությունն ավելացնի։ Հայսաստանը, ինչպես ասել է Պապոյանը, պետք է հնարավորինս շատ բարդ ապրանքներ արտադրի, հնարավորինս բարձր եւ մրցունակ ծառայություններ մատուցի, և որտեղ էլ լինի ՀՀ-ն, նրա ապրանքները պետք է լինեն ամենամրցունակը կամ ամենամրցունակներից մեկը։
Նախարարը նշել է՝ որեւէ պահի մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով․« Մենք պետք է դառնանք մի պետություն, որ եթե հանկարծ մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի։ Եվ այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի»։
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հնարավորությանը, Պապոյանը նշել է՝ կառավարությունը պատվիրել էր բարձր կարգի աուդիտ, որը ցույց է տվել, որ այս նախագիծն ամբողջովին իրագործելի ու եկամտաբեր է․«Կարծում ենք, որ ֆինանսավորման հարցերը մոտ ապագայում կլուծվեն, եւ այդ պրոցեսի ավարտից հետո աշխատանքները կմեկնարկեն։ Այնտեղ 500 մլն դոլար արդեն ներդրված է, 250 մլն-ից 100 մլն դոլարը եւս կազմակերպությունը կներդնի, այնտեղ մնում է 150 մլն դոլար, որը կֆինանսավորեն մեր ֆինանսական կազմակերպությունները։ Եվ այդ պարագայում մենք գարնանն արդեն կսկսենք շինարարական աշխատանքները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին կսկսենք արդյունահանումը»։
Պապոյանի խոսքով՝ Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան1% լրացուցիչ կաճի, պետությունը լրացուցիչ 120 մլն դոլար հարկ կստանա, կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները լրացուցիչ դոտացիաներ կստանան․«Այս առումով Ամուլսարի աշխատելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։ Հաջորդ տարվա համար թիրախ ենք դրել 5,5% շրջակայքում տնտեսական աճ ունենալ»: