«Ս. Սարգսյանը չի շեշտում, թե ինքն ինչ է ուզում. դե ֆակտո անկախությունը դե յուրե՞ դարձնել, թե՞…»
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Բաքու է մեկնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև քննարկվելու են ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցեր:
«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, հարաբերություններն Ադրբեջանի հետ կառուցվում են հավասարության և միմյանց հետաքրքրությունները հարգելու հիման վրա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում: Պաշտոնական Մոսկվան տեղեկացնում է նաև սեպտեմբերին Բաքվում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման մասին, որը տեղի է ունենալու 5-րդ միջազգային հումանիտար ֆորումի շրջանակներում:
Հիշեցնենք, Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահների հանդիպման մասին այսօր խոսել է նաև Ադրբեջանում ՌԴ դեսպանը՝ Վ. Դորոխինը: Դեսպանը հատուկ է շեշտել, թե Պուտինը դատարկաձեռն չի գնա Ադրբեջան, և որ քննարկելու են Ղարաբաղի հարցը:
Նկատենք, որ մինչ այդ Իլհամ Ալիևը հանդիպում էր կազմակերպել Ադրբեջանի կառավարության անդամների հետ: Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջիկայում պետք է կարգավորվի, և ստատուս քվոն կփոխվի: Դրա համար, ըստ Ալիևի, կգործի կարգավորման փուլային տարբերակը, իսկ դրան կհասնի ԵԱՀԿ ՄԽ-ն՝ ճնշումներ գործադրելով Հայաստանի վրա:
Ճիշտ նույն կերպ ստատուս քվոյի փոփոխության մասին հայտարարեց նաև Ս. Սարգսյանը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր ելույթի ժամանակ:
Սարգսյանն ընդգծեց, թե ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը խոսեց Ադրբեջանում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից՝ շեշտելով, որ մինչև Պուտինի՝ Ադրբեջան այցը մի հանդիպում էլ կա, այս անգամ Փարիզում, որին կմասնակցեն Ս. Սարգսյանը և Ի. Ալիևը, ինչը ևս կարևոր է:
«Ղարաբաղի հարցն այն լավագույն հարցն է, որ օգտագործում են ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը, ձգտում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդել: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հարցն օգտագործում է Ադրբեջանին իր կողմը գրավելու՝ առնվազն ԵՏՄ անդամ դարձնելու: Դժվար թե դա տեղի ունենա, սակայն Ադրբեջանը կարևոր դիրք ունի և կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում, և Ղարաբաղի հարցն իսկապես կարևոր է Ռուսաստանի համար:
Ճիշտ նույն կերպ Արևմուտքը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի թեման դարձրեց Ղարաբաղի հարցը՝ դարձյալ ամրապնդելու իր ազդեցությունն այս տարածաշրջանում:
ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը ևս արվում է նույն նպատակով: Ինչքան էլ ՄԽ-ի անդամ երկրների ներկայացուցիչները վստահեցնեն, թե նրանց միջև մրցակցություն չկա, այնուամենայնիվ, նկատելի է, որ հարցի լուծման գործնական փուլի ժամանակ ի հայտ են գալիս լուրջ հակասություններ»:
Ըստ քաղաքագետի՝ նույն համատեքստում պետք է դիտարկել ինչպես ՌԴ նախագահի, ՌԴ ԱԳն Ս. Լավրովի այցն Ադրբեջան, այնպես էլ Փարիզում կազմակերպվելիք հանդիպումը:
Կարևոր է նաև Ի. Ալիևի և Ս. Սարգսյանի կողմից ներկայացված «ստատուս քվոյի փոփոխություն» արտահայտությունը: Կա նման նախատրամադրվածություն, կա ստվերային փոփոխություն ստատուս քվոյի փոփոխության մասով:
«Ստատուս քվոյի փոփոխման մասին խոսում են նաև ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները: ԱՄՆ-ից և Եվրամիությունից ևս մի քանի անգամ խոսել են այդ մասին: Դա էր ապրիլյան պատերազմի իմաստը, ոչ թե այն, որ գրում են, թե ուզում էր Ադրբեջանը բլից-կրիգ անել, Ստեփանակերտը գրավել ու չհաջողվեց, ո՛չ, եթե նայեք ինչ զենքեր են օգտագործել, ապա հասկանալի է, որ նպատակ էր դրված հասնել ստատուս քվոյի փոփոխության:
Այստեղ մի կարևոր քայլ կա. Ս. Սարգսյանի խոսքն անորոշ է, իսկ Ալիևի խոսքը՝ հստակ: Ադրբեջանի նախագահն ասում է, թե իրենք ոնց են պատկերացնում. իրենք պատկերացնում են Արցախն Ադրբեջանի կազմում: Իսկ Ս. Սարգսյանն ինչ ասաց Վարշավայում. նա հայտարարեց՝ «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:
Ի՞նչ է նշանակում «իրավունքի իրացում», դա ինչպե՞ս հասկանալ: Եթե նայենք իրավաբանի աչքերով, ապա նույնիսկ բարձր ինքնավարությունն ինքնորոշման իրավունքի իրացում է: Դա նշանակում է նաև և՛ ինքնավար մարզ, և՛ ինքնավար երկրամաս, և՛ ինքնավար շրջան, և՛ ինքնավար հանրապետություն:
Ինքնավարությունը տարբեր կարգավիճակներ ունի, և Ս. Սարգսյանը չի շեշտում, թե ինքն ինչ է ուզում, ինքն ուզում է դե ֆակտո անկախությունը դե յուրե՞ դարձնել, թե՞ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն:
Հայկական կողմը շատ խեղճ է և չունի հզորություն, չի կարող կոնկրետ պահանջներ դնել, հենց այդ պատճառով շատ անորոշ հայտարարություններ է անում»,- ասում է Բադալյանը:
Քրիստինա Մկրտչյան