«Ես 7 օր, 8 օր քայլեցի մինչև հասա էստեղ։ Գյումրին, այս հողը օրորոցն է հայ մշակույթի»․ ավելի քան 20 տարվա բացակայությունից հետո Մաեստրո Ճգնավորյանը Գյումրիում էր

Գյումրու Արվեստների ակադեմիայում այսօր մեծ հանդիսավորությամբ դիմավորեցին իրանահայ հայտնի դիրիժոր և երգահան, Մաեստրո Լորիս Ճգնավորյանին։ Նա Գյումրիում չէր եղել մոտ 20 տարի։
Գյումրեցին մաեստրո Ճգնավորյանին սիրեց ու ճանաչեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ նա Միացյալ Նահանգներից տեղափոխվեց Հայաստան ու 1991 թվականին ոտքով քայլելով դեպի Գյումրի՝ դրամահավաք կազմակերպեց։ Հավաքված գումարով նա երկրաշարժից ավերված քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծեց։ Այնտեղ տեղակայվեցին հայաստանյան պետական 3 բուհերի մասնաճյուղեր՝ Կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի ինստիտուտի, նաև՝ Գեղարվեստի ակադեմիայի։ Վերջին անգամ Գյումրիում Լորիս Ճգնավորյանը եղել էր 2000-ականների սկզբին, երբ նրան շնորհվեց «Գյումրու տարվա մարդ» կոչումը։
Արվեստների Ակադեմիա մուտք այսօր գործելիս՝ 88-ամյա Ճգնավորյանը հուզված էր, աչքերում արտասուքի կաթիլներ երևացին։ Արվեստների բուհերի ներկայացուցիչներն իրենց խոնարհումի ու երախտագիտության խոսքերը հնչեցրին Մաեստրոյին։
«Սա Ձեր տունն է, ինչպես Դուք ասացիք, այս շենքը անձամբ նվիրվել է Ձեզ, դա 1991 թվականին էր։ Սա ձեր օջախն է, այն արվեստի օջախը, որտեղ միշտ վառ պահվում է Ձեր և պրոֆեսիոնալ արվեստի ոգին։ Ձեր շնորհիվ այս օջախը դարձել է պրոֆեսիոնալ երաժիշտների դարբնոց»,- իր խոսքում նշեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։
Բուհի կամերային նվագախումբը մեծ երաժշտին դիմավորեց անակնկալով՝ կատարեց Լորիս Ճգնավորյանի «Նոստալգիա» ստեղծագործությունը՝ խնդրելով նրան ղեկավարել կատարումը։ Մաեստրոն մտավախություն ուներ, թե մոռացել է նոտաները, բայց համաձայնեց։
Ծափերը չէին դադարում, Ճգնավորյանը հուզմունքը հազիվ զսպելով էր խոսում։
«Սերը պահանջում է արցունք։ Գյումրին, այս հողը օրորոցն է հայ մշակույթի։ Այս հողի մեջ ծնվել են մեծամեծ կոմպոզիտորներ, մեծամեծ դերասաններ, մեծամեծ մարդիկ։ Եվ ես ամենափոքրն եմ ամենքից։ Եվ կյանքը պետք է սովորել գյումրեցիներից։ Գյումրեցին անմահ է և անմահ էլ կմնա։ Գյումրեցիները հպարտ ժողովուրդ են, և էդ հպարտությունը նրանից է, որ արժեք ունեն, պայքարող են։ Ես ձեզնից շատ բան սովորեցի։ Ես 7 օր, 8 օր, քայլեցի, մինչև հասա էստեղ։ Ամբողջ գյուղերով քայլեցի, հասա, բայց չհարբեցի, էնքան որ խմիչք էին առաջարկում, որոշել էի մի կում անգամ չխմեմ»,- այսպես է հիշում Մաեստրոն 34 տարի առաջ տեղի ունեցած իր ուխտագնացության մասին։
Պատմում է, որ 88-ի երկրաշարժից հետո, երբ Լոս Անջելեսից եկավ, Գյումրու Ակադեմիայի շենքը քարուքանդ էր, խնդրեց, որ այն իրեն նվիրեն։ Ասում է, նվիրեցին, ինքը ընդունեց շենքը, ու գնաց Երևան։ Հետո մտածեց, թե ինչո՞ւ շենքը վերցրեց, ի՞նչ պիտի անի։
«Մարդս ոչ մի արժեք չի ներկայացնե իրենից, եթե սուրբ հոգին իր հետ չլինի։ Սուրբ հոգու շնորհիվ է ամեն ինչ։ Մի քանի օր անցավ, մտածեցի․ «Լավ, ոտքով քայլեմ, էրթամ փող կհավաքեմ։ Մտածեցի, ոտքով որ քայլեմ, էս բանկը կմտնեմ, էն բանկը կմտնեմ, սկի խելքիս չէր եկել, որ ժողովուրդը կարող է ոգևորվի, միանա ինձ։ Գնացի, էն ժամանակ հեռուստատեսության տնօրենը մի շատ հոյակապ անձնավորություն էր, անունը մոռացա, կներեք, 3 էջ գրել էի, գնացի նրա մոտ, ցույց տվեցի, ասացի, «Ուզում եմ այս խոսքերը գրվեմ»։ Մարդ կանչեց, ասաց՝ լուրերի մեջ կկարդաս։ 3 էջանոցը կարո՞ղ ես լուրերի մեջ կարդալ։ Էդ մարդը կարդալ տվեց և էդտեղից սկսվեց էդ ուխտագնացությունը։ Առավոտ ժամը 10-ին ելա հրապարակ, երբ ուզում էի շարժվել, ճանապարհ ընկնել, իսկի խելքիս չէր եկել, որ ժողովուրդը կարող է հավաքվի հրապարակում։ Մի մարդ եկավ նկարեց, մեկն էլ էկավ, ահագին փող տվեց, որ երաժշտական գործիքներ գնենք։ Երբ որ դուրս եկա, հազարավոր մարդիկ դուրսը սպասում էին և միացանք։ Հայ մարդիկ ամեն տարածքներից եկան, և փող հավաքեցին։ Ես, որ կարծում էի, թե պիտի երթամ մարդկանց դռները ծեծեմ, մարդիկ եկան, իրենք իմ դուռը ծեծեցին։ Ես ոչ մեկի դուռը չեմ ծեծել»,- այդ օրերի մասին այսպես է պատմում Մաեստրոն։
7 տարի տևեց շենքի շինարարությունը, ասում է՝ այս 7 տարվա մեջ հրաշք էր, որ «մութ ու ցուրտ» օրերին շինարարությունը չկանգնեց։
«Իրական սերը աշխարհում երկկողմանի է, միակողմանի չի լինում։ Երբևիցե մոմը չի վառվում առանց լուցկու։ Ես մոմն էի, դուք վառեցիք ինձ»,-շարունակում է Ճգնավորյանը։
Մաեստրոն օրեր առաջ իր հեռուստաելույթներից մեկի ժամանակ ասել էր, որ ուզում է ապրել Հայաստանում։ Առաջարկեցին նրան տեղափոխվել Գյումրի։ Սիրով համաձայնեց, նշելով՝ Գյումրիում մի անկյուն ունենալը իր երազանքն է եղել ու խոստացավ, որ այդ անկյունը կստեղծի։ Թե քաղաքն ինչպես է կառուցապատվել, նա դեռ չի տեսել, բայց ասաց, որ իր ուխտագնացությունից 34 տարի անց էլ, ժողովուրդը նույնն է մնացել, առաջվա նման ջերմ, տաք, մեծ սիրտ ունեցող։
«Ինձ պարզապես Աստված հովանավորեց ու ժողովրդի սերը օգնեց։ Ես ինքս մի գործիք էի, ոնց որ էս ջութակը, որ նվագում են։ Ճիշտ է, մարդիկ ինձ շատ մեծարում են, բայց իրականության մեջ ես ոչ մի առավելություն էս ջութակից չեմ ունեցել։ Աստված, էս ժողովրդի սերը ինձ նվագել են տվել և ես կատարել եմ էն, ինչ հրամայել են ինձ, և սերն է ինձ ներշնչել։ Չգիտեմ, ամեն ինչ երազային էր։ Եվ ոչ մի մարդ ոչինչ չի կարող անել, ոչ մի երազ չի կարող իրականացնել առանց սիրո։ Էդ սերը գալիս է ժողովրդից, ընտանիքից, ընկերներից և իհարկե, վերևից»,- ասում է Ճգնավորյանը։
Ուխտագնացությունից Ճգնավորյանի ամենատպավորված հուշը 7-օրյա շրջագայությունից հետո իր մուտքն էր դեպի Գյումրի ու իրեն դիմավորող մարդկանց ցնծությունը։
«Երբ մտա Գյումրի, համբուրեցի հողը, կանգնեցի ոտքի, մեկ էլ մի աղավնի եկավ, նստեց գլխիս ու այդպես նստած մնաց։ Դա շատ զարմանալի էր ու նաև ժողովրդի սերը, ինչպես հոյակապ դիմավորեցին։ Երբ հիմա նայում եմ, զարմանում եմ, էդ ինչ սեր էր, ինչ ջերմություն էր, հրաշք էր»,- ասում է նա։
Ավերված քաղաքի մեջ Արվեստների Ակադեմիայի շենքի կառուցումը հույս ու ոգի տվեց ժողովրդին։
Լորիս Ճգնավորյանը հիմա ապրում է Վիեննայում, Թեհրանում, Ամերիկայում։ Ասում է՝ այնտեղ է, որտեղ գործն իրեն տանում է, բայց որոշել է, որ արդեն հաճախ է գալու Հայաստան ու ավելի երկար է մնալու։ Ասում է՝ իր սիրուց բացի, գյումրեցիներին ինքը ոչինչ չի նվիրել։
Մաեստրոյին տեղեկացրինք, որ Հայաստանում Ակադեմիական քաղաք է կառուցվելու, որտեղ միավորվելու են հանրապետության բոլոր բուհերը։ Գուցե այդ քաղաք տեղափոխվեն նաև Մաեստրոյի հանգանակություններով կառուցված շենքում տեղակայված 3 բուհերի մասնաճյուղերը։ REGIONS TV-ի հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվի Մաեստրոն նման սցենարին, պատասխանեց՝ շատ վատ։
«Կտխրեմ, և չեմ կարծում, որ էդ գործը կանեն, որովհետև ուրիշ բուհերը պետությունն է սարքել, էս շենքը ժողովուրդն է սարքել։ Ժամանակին էլ Շիրակի նահանգապետ կար, Գոմցյան էր ազգանունը (Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանին նկատի ունի, հեղ․), ուզում էր գար գրավեր էս շենքը, ես հացադուլ արեցի։ Հացադուլից վախեցավ ինքը, վերջին րոպեին հետ քաշվեց։ Ես իրեն մի բան ասացի՝ «եթե ուզում ես էս շենքը վերցնել, պիտի գնաս, մարդկանց, փոքրից մինչև մեծ, ինչքան որ փող են տվել, էդ գումարները վերադարձնես։ Դու իրավունք չունես էդ շենքը վերցնես, որովհետև դու չես տվել, այն առել»»,- ասաց Ճգնավորյանն ու հիշեցրեց․ «Ժողովուրդը մեկը 1 կոպեկ է տվել, մյուսը՝ 10 կոպեկ, եթե կարող ես էդ մարդկանց գտնել, ապա գնա, իրենց գտիր էդ փողերը ետ տուր, նոր կարող ես շենքը վերցնել։ Հետո որ գնացի հացադուլ արեցի, էդ առավոտը հրապարակում, վախեցած էկավ, հետ տվեց իր ամբողջ առաջարկը։ Էս շենքը ժողովուրդն է սարքել, եթե մեկն ուզում է ժողովրդից էս շենքը վերցնի, ինքը պետք է գումարները հետ տա ժողովրդին, մեկ առ մեկ»։
Մաեստրոն հույս ունի, որ նման մտածելակերպ որևէ մեկի մոտ չի առաջանա, քանի որ պետությունը չի տվել այն փողը, որով շենքը կառուցվել է, ժողովուրդն է տվել։
«Իսկ եթե ժողովուրդն է տվել, ուրեմն պետք է դուք գնաք ռեֆերենդում անեք Հայաստանում, ժողովրդին հարցնեք, թե համաձա՞յն են, որ էս շենքը արվեստին չծառայի։ Գուցե Ակադեմիան տեղափոխեն ուրիշ տեղ, բայց էս շենքը իբրև մշակութային կենտրոն պիտի մնա»,- եզրափակում Ճգնավորյանը։
Մաեստրոյին հուշամեդալ նվիրեցին՝ Կոմիտասի նկարը պատկերված փամփուշտի վրա։ Հեղինակի՝ գյումրեցի Արտակ Թադևոսյանի մակագրությամբ հուշանվերը շատ ուրախացրեց ու զարմացրեց Ճգնավորյանին․«Կոմիտասն էդ փամփուշտից ավելի ուժեղ էր»։
Մաեստրոն Գյումրիում մասնակցեց նաև սիմֆոնիկ նվագախմբի համերգին։ Այս նվագախումբն էլ է ինքը ստեղծել, 1990-ականներին։
Կարինե Կազարովա