Հայաստանի պարտքերն ու Հունաստանի՝ «հիվանդությամբ տառապելու» հեռանկարը | Region

Հայաստանի պարտքերն ու Հունաստանի՝ «հիվանդությամբ տառապելու» հեռանկարը

Հուլիս 14,2015 15:41

Բրիտանական «Գարդիան» հանդեսն առանձնացրել էր այն երկրների ցանկը, որոնք գտնվում են արտաքին պարտքի ճգնաժամի մեջ: Ըստ հրապարակման, Հունաստանը միակ երկիրը չէ աշխարհում, որը հասցրել է հսկայական պարտքեր կուտակել: Արտաքին պարտքի ճգնաժամի մեջ գտնվող պետությունների ցանկը գլխավորել է Հայաստանը: Այդ ցանկում են հայտնվել նաեւ Բելիզը, Կոստա Ռիկան, Խորվաթիան, Կիպրոսը, Լիբանանը, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Թունիսը, Ուկրաինան եւ մի քանի այլ պետություններ:

Արդյո՞ք Հայաստանին սպառնում է հունական հեռանկարը: Հնարավո՞ր է մի օր Հայաստանը եւս չկարողանա վճարել պարտքերը եւ կանգնի նույն ճգնաժամի առաջ, ինչ Հունաստանն այսօր: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ, ում կարծիքով Հունաստանի եւ Հայաստանի իրավիճակները լիովին տարբերվում է:

-Պարոն Թավադյան, հնարավո՞ր է Հայաստանն էլ կանգնի այն նույն խնդիրների առաջ, որոնք այսօր փորձում է հաղթահարել Հունաստանը:

-Հնարավոր չէ: Խնդիրն այստեղ այլ է: Հայաստանն ու Հունաստանը «հիվանդ են» «տարբեր «հիվանդություններով»: Իհարկե իրենց բյուջեն մեծ է, բայց Հունաստանում ամեն մարդուն մի տասն անգամ ավելի շատ պարտք է բաժին ընկնում, քան մեզ մոտ: Այնտեղ արտաքին պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ն: Այստեղ խնդիրն այլ է, եթե վարկ ես վերցնում, պետք է մտածես դրա արդյունավետության եւ կառուցվածքի մասին: Այդ հարցը կա մեզանում:

-Հայաստանում որքանո՞վ են արդյունավետ ծախսվում վերցված վարկերը: Բազմաթիվ օրինակներ կան, երբ անգամ հարցումներով փորձում ես պարզել՝ որ վարկն ինչ կերպ է ծախսվել, կառավարությունը կոնկրետ չի էլ կարողանում հստակեցնել՝ վարկերը մսխվե՞լ են, թե՞ արդյունավետ օգտագործվել՝ ի բարօրություն երկրի տնտեսության: Այս առումով արդյո՞ք ՀՀ իշխանությունները չպետք է զգուշավորություն ցուցաբերեն՝ հունական հեռանկարից խուսափելու համար:

-Այ դա ուրիշ խնդիր է արդեն: Մենք խնդիր ունենք, որպեսզի վերցնենք հստակ, նպատակային վարկեր՝ բարձրացնելու մեր տնտեսության ներուժը: Այո՛, այդ խնդիրն ունենք: Դա դեռեւս լիարժեք լուծված չէ: Ամեն վարկ չէ, որ արդարացված է կամ հեշտ է վերահսկել: Երկրորդ՝ մենք խնդիր ունենք նաեւ հետեւյալ առումով. եթե վարկը վերցնում ենք, շատ ուշադիր պետք է լինենք դրա կառուցվածքին, որովհետեւ կարող է արտաքնապես դա լինի արտոնյալ վարկ, բայց իրականում կառուցվածքն այնպես լինի՝ խորհրդատվությունների տոկոսը կամ անհասկանալի ծախսերի տոկոսն այնքան բարձր լինի, որ այդ վարկը դառնա ոչ արդյունավետ: Սրա մասին է խոսքը: Եվ ընդհանրապես, պետական պարտքերը, ի տարբերություն մասնավոր վարկերի, բարձր արդյունավետությամբ չեն լինում, բայց պատշաճ արդյունավետություն ապահովելը պարտադիր խնդիր է:

-Պարոն Թավադյան, Հայաստանն արդյո՞ք արտաքին պարտքի ճգնաժամի մեջ չէ:

-Ո՛չ, մենք վտանգավոր շեմին չենք հասել, ուղղակի մենք պետք է քաղաքականության մեջ ճշգրտումներ անենք՝ վարկերի նպատակի եւ կառուցվածքի առումով, եւ անպայման գնահատվի՝ ինչքանով է վարկը բարձրացնում մեր տնտեսության արդյունավետությունը: Այ այս կարեւոր խնդիրներին պետք է լուծում տրվի: Մե՞ծ է Հայաստանի պարտքը, թե՞ ոչ: Մեծ չէ պարտքը, բայց խնդիր կա արդյունավետ վարկեր վերցնելու եւ արդյունավետությունը հստակ գնահատելու առումով: Դրամավարկային քաղաքականություն ենք, չէ՞, վարում… Տեսեք ինչ տեղի ունեցավ, փոխարժեքը բարձրացավ 550 դ., հետո իջավ 470: Մենք հասանք դրան ի՞նչ գնով: Դրա համար թանկ ես վճարում, իսկ մենք վճարեցինք հետեւյալ կերպ. տարադրամային պահուստների 1/3-ը պակասեց՝ 2,2 մլրդ.-ից դարձավ 1,5 մլրդ.: Մենք արտահանման էական նվազում ունեցանք դեպի Ռուսաստան, էապես, եւ երրորդ՝ ստիպված եղանք, որպեսզի պարբերաբար մեր կայունությունն ապահովվեր, մեր պարտքը մեծացնել: Պետական պարտքերն ի նկատի ունեմ, Կենտրոնական բանկը բավականին մեծ գումարներ է վերցնում, որպեսզի ապահովի այդ կայունությունը:

Փաստորեն մենք խախտեցինք մեր հիմնական տնտեսական գործընկերոջ հետ մեր փոխհարաբերությունները եւ հարված հասցրեցինք մեր արտահանմանը: Կայունությունը դրան բերեց: Կարելի՞ է վերցնել պարտք, որպեսզի ապահովվի դրամի կայունությունը, կարելի է, բայց եթե այդ գումարը ծախսվի տնտեսությունը հզորացնելու վրա: Առաջին հայացքից դու կայուն ապահովում ես դրամի փոխարժեքը, բայց դրա համար վճարում ես, էական կորուստներ կրում, վճարում ես քո տարադրամային պահուստներով, մեծ հարված ես հասցնում արտահանմանը: Այս հարցում քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտություն կա:

-Խոսակցության սկզբում նշեցիք, որ Հայաստանի եւ Հունաստանի «հիվանդությունները» տարբեր են, որ նրանց պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ն, մերը չի գերազանցում, թեեւ ոչինչ բացառել հնարավոր չէ: Իսկ ո՞րն է Հունաստանի դասը՝ բոլոր այն երկրներին, այդ թվում Հայաստանին, որոնք հսկայական պարտքեր են կուտակել:

-Դաս է, որ չի կարելի հենց այնպես վարկեր վերցնել: Մենք էլ ենք շատ վարկեր վերցրել, որ, այսպես ասած, «սպառել ենք»… վարկն առաջին հերթին պետք է գնա տնտեսական ներուժի բարձրացմանը: Այ դա շատ կարեւոր է: Եթե դուք վարկ եք վերցնում, գնահատվում է, թե ինչքան է մեծացնում ձեր համախառն ներքին արդյունքը, եւ ինչքանո՞վ է լավանում դրա կառուցվածքը, ազդու՞մ է դրա վրա, թե ոչ: Եթե կա էական աճ, դա նշանակում է՝ դուք լրացուցիչ գումարներ կստանաք վաղը եւ դրանով ոչ միայն կփակեք պարտքը, այլ նաեւ կունենաք համապատասխան տնտեսական էֆեկտ: Սա է խնդիրը: Իսկ եթե դուք չեք ունենա ՀՆԱ-ին համապատասխան աճ, ապա նշանակում է՝ այդ վարկը կարող է ուղղակի մեծացնել ձեր պետական պարտքը՝ մինչեւ վտանգավոր սահմանների:

-Այն, որ տնտեսական առաջընթաց չի արձանագրվում, չկա տնտեսական աճ, սա չի՞ խոսում վերցված վարկերի անարդյունավետության մասին:

—Թե ինչու տնտեսական աճ չունենք, դա այլ խնդիր է, կապված չէ վարկերի հետ: Ասեմ, թե ինչ պատճառահետեւանքային կապ եղավ… Ռուսաստանի նկատմամբ կիրառեցին պատժամիջոցներ, տեղի ունեցավ նավթի գնանկում, դրա հետեւանքը հետեւյալն է՝ տարադրամով ՌԴ բյուջեի գումարները պակասեց, ներդրումների առումով ակտիվությունը պակասեց, բնակչության գնողունակությունը նվազեց, մեզ մոտ էականորեն նվազեցին տրանսֆերտները, որոշակի պակասեց տարադրամի ներհոսքը, մեր փոխարժեքը շարժվեց վերեւ, եւ տեղի ունեցավ հետեւյալը՝ անկում արտահանման ոլորտում: Անկում ունեցանք ընդհանրապես Հայաստանի տնտեսական ակտիվության առումով: Փոխարժեքի ոչ համարժեք փոփոխության առումով մեզ պահանջվեցին լրացուցիչ վարկեր, որպեսզի մենք պահեինք կուրսը: Այսքանը: Ամբողջ շղթան սա է:

Ոչ թե Հունաստանի փորձը պետք է հաշվի առնել, այլ մեր սեփական դասերը պետք է քաղենք: Մեր փորձը բավական է եւ պետք է կիրառենք: Մեր առաջնահերթ խնդիրն այսօր այն է, որ մեծացնենք արտահանումը: Մենք փոքր տնտեսությամբ երկիր ենք, եւ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 15 տոկոս, իսկ մեզ պետք է գրեթե կրկնապատկել, որովհետեւ նորմալ զարգացման համար պահանջվում է 30 տոկոս: ՀՀ պետական ապարատի բոլոր քայլերը պետք է դրան ուղղված լինեն, այ սա՛ է հիմնական նպատակը: Ամեն ինչը պետք է փոխկապակցել: Երեք հիմնական խնդիրները պետք է դասակարգել՝ առաջին՝ արտահանման աճ, երկրորդ՝ ՀՆԱ-ի աճ եւ կառուցվածքի փոփոխություն, եւ երրորդ՝ գործազրկության կրճատում: Սա՛ է շղթան: Կառուցվածք եւ նպատակ… եթե դա պահպանվի, եթե այդ խնդիրները հստակ դրվեն եւ այդ ամենը ներկայացվի հանրությանը, մենք որեւէ խնդիր չենք ունենա:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ