Ինչ հետևանքներ կլինեն, եթե կառավարությունը չկատարի Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը․կարծիքներ մասնագետներից

«Ընդունվածը միջազգային տրիբունալի որոշում է, որը պարտադիր ենթակա է կատարման: Որոշումը դեռ վճիռ չէ, այն չի վերաբերվում վեճի առարկային այլ ժամանակավոր հրատապ միջոց կիրառելու մասին որոշում է՝ այն հիմքով, որ միջոցները չկիրառվելու դեպքում հետագայում անհնար կլինի դատական ակտի կատարումը»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշմանը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր, կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը դիմել էր միջազգային ատյան ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀԷՑ-ի պետականացման գործով։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն էր տարածել, պնդելով, թե միջազգային ատյանում հաղթել են կառավարությանը։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը, ինչպես գրել են հայկական լրատվամիջոցները՝ հղում անելով որոշմանը, Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝ «չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն, չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը, չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին, չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները, չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ, չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։ Որեւէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը»:
Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե ՀՀ կառավարությունը հնարավորություն ունի չկատարել միջազգային արբիտրաժի որոշումը՝ եթե դա հակասում է հանրային կարգին:

Արա Ղազարյան
Արա Ղազարյանն անդրադառնալով նախարարի պնդմանն, ասաց՝ հանրային կարգ հասկացությունն անորոշ է ու մեծ հաշվով երբեք չի կիրառվել.«Հանրային կարգին հակասում է օրինակ այն դատական ակտը, որի մեջ կա բռնության կոչ, կամ փառաբանում: Սակայն այս կարճ որոշման մեջ ընդամենը ՀՀ Կառավարությանը տրված է մի քանի կետանոց ցուցում: Որպես այդպիսին, այն չի կարող հակասել հանրային կարգին։ Այնպես որ, այդ հայտարարության տակ կոնկրետ փատեր չկան»։
Թե ի՞նչ հնարավոր հետևանքներ կլինեն, եթե կառավարությունը չկատարի միջազգային արբիտրի որոշումը, Ղազարյանն այս հարցին ի պատասխան ասաց․«Հայաստանը կպարտվի այս դատական գործը, կամ էլ մի կերպ կկարողանա պայմանավորվել հաշտությամբ հարցը լուծելու ուղղությամբ: Սրանք դեռ ապագայի հարցեր են, բայց ամեն դեպքում նշանկվող դատավորները հաշվի կառնեն այդ փաստը, և դա կազդի ընդունվելիք հիմնական որոշման վրա»։

Արայիկ Պապյան
RegionTV-ի հետ զրույցում «Միջազգային անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի» փորձագետ, միջազգային տնտեսական իրավաբան Արայիկ Պապյանն էլ նշեց, որ ընդունվել է միջանկյալ որոշում, որը դեռ արբիտրաժային վճիռ չէ, սակայն ըստ կանոնադրության, պարտադիր է իրականացման համար:
Նա հավելեց, որ չնայած պարտադիր կատարման ենթակա լինելուն, նմանատիպ միջանկյալ վճիռներն ունեն նաև իրենց թույլ կողմերն ու բացերը։
«Եթե պետությունը կամավոր կերպով չիրականացնի պահանջը, միակ ելքը Նյու Յորքյան կոնվենցիայի ու ներպետական օրենսդրության համաձայն՝ հայաստանյան ատյաններն են: Դատարանների միջոցով վճիռը պետք է ճանաչել տալ, և ուժի մեջ դնել: Այս պարագայում առաջանում են էական բարդություններ: Վճիռը ուժի մեջ դնելու համար կարող է տարիներ պահանջվել: Նման խնդիրներ պրակտիկայում շատ կան»,-ասաց Պապյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է կատարել մինչև 2034 թվականի պլանային ներևդրումային ծրագիրն՝ անկախ այն հանգամանքից, որ կառավարության կողմից նշանակվել է ժամանակավոր կառավարիչ:
Այս առնչությամբ էլ Արայիկ Պապյանը ասաց.«ՀԷՑ-ը փակ բաժնետիարկան ընկերություն է, որն ունի իր կառավարման մարմինները: Նոր նշանակումը կատարվել է գործադիր մարմնում: Մյուս մարմիններում որևէ փոփոխություն չի կատարվել, ու ներկայումս չի պլանավորվում: Ընկերության բարձրագույն կառավարման մարմինները մնացել են անփոփոխ: Կարծում եմ՝ ղեկավարման որակը առանձնապես չի տուժել»։
Նիկոլ Մարգարյան