ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը հավանության արժանացավ | Region

ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը հավանության արժանացավ

Մարտ 24,2025 12:07

Նախագիծն ընդգրկվեց առաջիկայում մեկնարկելիք քառօրյա նիստերի օրակարգ

Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։

Հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվեց՝ օրինագծի վերջին քննարկումից անցել է 3 շաբաթ,  այս նախաձեռնությանը ԵՄ գործադիր մարմիններից պաշտոնական արձագանքե՞լ են,  ինչին ի պատասխան արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց՝ պաշտոնական արձագանքը միայն Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի ընդունած որոշումներում է․«Բրյուսելում, ըստ երևույթին, սպասում են երկրորդ ընթերցմամբ օրենքի ընդունմանը, ապա պետք է ակնկալել արձագանք։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից պաշտոնապես հայտնել են, որ սպասում են օրենքի ընդունմանը»։

Հիշեցնենք, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը Ազգային ժողով է բերվել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է  փետրվարի 12-ին:

Նկատենք, որ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, սա, ինչպես նշում են իշխանությունները,   «քաղաքական կամք դրսևորելու մասին է»:

Նորություններ