Ո՞ր դեպքում ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից․մինչ ԱԺ-ում քննարկում են ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը, ՌԴ-ից դրա վերաբերալ արձագանքներ են հնչում | Region

Ո՞ր դեպքում ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից․մինչ ԱԺ-ում քննարկում են ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը, ՌԴ-ից դրա վերաբերալ արձագանքներ են հնչում

Փետրվար 11,2025 18:06

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն արձագանքում են՝ ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծն ընդունելը նշանակում է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու մեկնարկ

Խորհրդարանում այսօր Եվրամիությանը ՀՀ-ին անդամակցելու  գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց, թե որ դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

«Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս կգա միայն այն դեպքում, եթե Եվրամիության հետ ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր»,-հայտարարեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն այս օրենքը  ընդունելու դեպքում, եթե անի իր հաջորդ քայլը դեպի ԵՄ, այսօրվա մեր իրավապայմանագրային բազային գումարած ևս մեկ քայլ պետք է անի, դա պետք է լինի ազատ առևտրի համաձայնագիրը։

«Շատ դասական փաստաթուղթ, որի շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր տարիներ շարունակ, և որը չստորագրվեց հայտնի պատճառներով։ Ահա, եթե նման փաստաթուղթ ստորագրվի Եվրամիության հետ և այն օրը, երբ այդ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու լինի, Հայաստանը այլևս չի կարող լինել ԵԱՏՄ անդամ։ Եթե խոսում ենք դասական ազատ առևտրի համաձայնագրից, այլ ոչ թե չորս կողմից կտրտած և հիբրիդային փաստաթղթից։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց դա ճանապարհ է, որը պետք է անցնենք և չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակում»,- ասաց Եղոյանը։

Նախագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախագծի հիմնավորումները, պնդեց՝ ԵՄ-ին անդամակցությունը կմեծացնի Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Նա նաև հայտարարեց, որ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ, նշելով՝ ԵԱՏՄ 185 միլիոնանոց շուկայից դուրս գալու խնդիր դրված չէ, այլ՝ այն ԵՄ 450 միլիոնանոց շուկայով լրացնելու։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն էլ հայտարարեց՝ օրինագծի ընդունումը ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հայտ, այն ամրագրում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, ՀՀ-ի մոտեցումները նոր մակարդակի հասցնելու և ՀՀ քաղաքացիների ձգտումը։

Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծն ընդունելը նշանակում է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու մեկնարկ։ Այսպ իսի հայտարարություններ են հնչում ռուսական կողմից։   ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում  հայտարարել է․« Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է աստիճանաբար լինի, եւ որ Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այսպես թե այնպես դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին եւ Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնել»։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ ասել էր՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության սկիզբը կնշանակի ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու սկիզբ։

Նորություններ