Գյումրիում քվեարկության արդյունքներն ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը․«Անկախ դիտորդ» | Region

Գյումրիում քվեարկության արդյունքներն ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը․«Անկախ դիտորդ»

Ապրիլ 01,2025 17:45

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և Միացյալ նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի (GMF) ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար բացառապես պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտացոլի GMF-ի տեսակետները:

Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունների դիտարկումն «Անկախ դիտորդ» դաշինքն (այսուհետ՝ Դաշինք) սկսել էր դեռևս պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ և անդրադարձել էր նաև մինչև քվեարկության օրը տեղի ունեցած իրադարձություններին՝ հայտարարություններով և հաղորդումներով: Երկարաժամկետ դիտորդության ավելի մանրամասն վերլուծությունը, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների քարոզչությանը, նախընտրական հիմնադրամների և այլ ծախսերի վերաբերյալ եզրակացությունների, ինչպես նաև ընտրական վարչարարությանը վերաբերող գնահատականները ներկայացված կլինեն վերջնական զեկույցում:

Քվեարկության օրը Փարաքար համայնքում Դաշինքը դիտարկումն իրականացնում էր 3 շրջիկ խմբերի միջոցով, իսկ Գյումրի համայնքում՝ 6 շրջիկ խմբերի և արագ արձագանքման 2 խմբերի միջոցով։ Դիտարկվել են Փարաքարի բոլոր 16 և Գյումրու 82 տեղամասերից 81-ը: Դիտարկումներն արձանագրելու համար օգտագործվել է Commit Global կազմակերպության կողմից ստեղծված Vote Monitor հատուկ հավելվածը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի առավոտյան նիստերը (7:00-8:00) դիտարկվել են 13 տեղամասերում, իսկ քվեարկության ժամանակահատվածում դիտորդներն այցելել են 97 տեղամասեր, ընդ որում, ահազանգերով կամ իրավիճակի վերագնահատման նպատակով՝ 50 տեղամասերը դիտարկվել են 2 և ավել ավելի անգամ: Ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփման նիստը դիտարկվել է 9 տեղամասերում:

Փարաքար համայնքի ընտրություններն սպասարկող թիվ 14 ԸԸՀ-ում դիտարկվել է բոլոր 16 տեղամասերի, իսկ թիվ 31 ԸԸՀ-ում՝ 40 տեղամասերի արդյունքների հանձնումը:

Դիտարկման ժամանակահատվածում արձանագրվել է ընդհանուր առմամբ 61 խախտում 41 տեղամասերից։

Այս խախտումներում հիմնականում ներգրավված էին վստահված անձինք, հանձնաժողովի անդամները և ընտրողները:

Առանձնահատուկ անհրաժեշտ է նշել Գյումրիի 31/45 և 31/70 տեղամասերը, որոնք, համապատասխանաբար, կապված են Հայաստանի կոմունիստական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակները գլխավորող Վարդան Ղուկասյանի և Սարիկ Մինասյանի հետ: Այս տեղամասերն առանձնանում են ընտրողների առավել բարձր մասնակցություն տոկոսով, ինչպես նաև շարունակական խախտումներով:

Թեև ընդհանուր առմամբ Փարաքար համայնքում մասնակցությունն ավելի բարձր էր, էական ազդեցություն է ունեցել «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանի հաշվառման բնակավայրում՝ Մերձավանում մասնակցության բարձր տոկոսը։

Որպես օրինաչափություն՝ հարկ է արձանագրել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ցածր պատրաստվածության և տեղամասում կատարվող խախտումների ուղիղ հարաբերակցությունը: Նկատելի էր Փարաքարի տեղամասային ընտրական հանձնաժողովների պատրաստվածության ավելի բարձր մակարդակը:

Առանձին դեպքերում հենց հանձնաժողովների նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել էր ընտրողների քվեարկությունը, երբ, օրինակ, նախագահը չէր առարկում վստահված անձի կողմից իրականությանը չհամապատասխանող կարգավորման մեջբերման դեմ, խոչընդոտվում էր դիտորդների կողմից գրանցամատյանում գնահատականը գրանցելու իրավունքը, ֆիզիկական ներգործություն էր ցուցաբերվում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդի հանդեպ, որին չհիմնավորված կերպով հեռացնում էին տեղամասից:

Նույն կերպ՝ ցածր պատրաստվածության հետևանք էր մեկ այլ խնդիր, որը, չնայած չունի որևէ ազդեցություն բուն ընտրական գործընթացի վրա, ուղիղ առնչվում է Դաշինքին․ արձանագրվել են դեպքեր, երբ առաքելության դիտորդ չհանդիսացող անձինք ներկայացել են որպես «անկախ դիտորդ» և այդ անվան տակ գրանցվել հանձնաժողովների գրանցամատյաններում: Այսինքն, փաստացի տեղամասային ընտրական հանձնաժողովը չի ստուգել դիտորդների իրական հավատարմագրումը։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Գյումրու ընտրական տեղամասերում նկատվում էին առերևույթ քաղաքական հարում ունեցող դիտորդներ, որոնք ներկայանում էին որպես մասնակից կուսակցություններից կամ դաշինքներից մեկի վստահված անձ: Մասնավորապես, «Հայաքվեի» առանձին դիտորդներ հայտնում էին, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի, իսկ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի առանձին դիտորդներ՝ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք են:

Առհասարակ, այս ընտրություններում դիտորդական առաքելությունների կոմպետենտությունը, անաչառության և քաղաքական զսպվածության սկզբունքները կասկածի տակ էին դրվում հենց դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից, ինչի վերաբերյալ Դաշինքը նույնպես կներկայացնի իր դիրքորոշումը վերջնական զեկույցում: Բազմաթիվ դեպքերում լրատվական աղմուկի պատճառ դարձած միջադեպերը խախտում չեն պարունակել կամ ոչ ճշգրիտ են մեկնաբանվել։

Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում ամենաարտառոց դեպքն արձանագրվել է Գյումրու 31/77 տեղամասում, որտեղ քվեարկության մի քանի ծրարներից դուրս բերված քվեաթերթիկների վրա փակցված են եղել տեղամասային կենտրոնի համար չպարունակող, այսինքն՝ սահմանված նմուշի չհանդիսացող դրոշմանիշեր, որոնք համարվել են վավեր։ Նույն տեղամասում, անճշտությունները քողարկելու նպատակով, հանձնաժողովը փորձ է կատարել 2 ընտրողների փոխարեն կեղծ ստորագրել ընտրողների ցուցակում։ Այս հանգամանքներից ելնելով՝ կարծում ենք, որ արդյունքների վերահաշվարկ պետք է իրականացվի առնվազն 31/77 տեղամասում։

Այս համատեքստում հարկ է նաև նկատել, որ դրոշմանիշերի արտադրական խոտանի պատճառով 31/70 տեղամասին հատկացված դրոշմանիշերի քանակը ավել էր փաստաթղթավորված քանակից: Այս երկու դեպքերը վկայում են, որ դրոշմանիշերի արտադրության որակը և վստահելիությունը մտահոգիչ է (առաջին անգամ՝ 2017 թվականին դրանց ներդրումից հետո):

Մոտակա օրերի ընթացքում սպասվող ենթադրյալ վերահաշվարկները կարող են նաև բացահայտել Գյումրիում ընտրողների ուղղորդման կամ ճնշման հետևանքները՝ հաշվի առնելով համամասնական ընտրակարգով իրականացվող ընտրությունների համար անվավեր քվեաթերթիկների քանակի չափազանց բարձր՝ 1․3% լինելու հանգամանքը (համեմատության համար` Փարաքարում 0․2% էր) և, օրինակ, 31/77 տեղամասում միանման պատռված, անվավեր ճանաչված քվեաթերթիկների առկայությունը, ինչն արձանագրվել էր Դաշինքի կողմից:

Նշենք, որ նախընտրական փուլում Դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում՝ պաշտոնական դիրքի չարաշահման (ՔՕ հոդված 441), ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման (ՔՕ հոդված 221, երկու դեպք) ու քարոզարշավին մասնակցելուն պարտադրելու (ՔՕ հոդված 210, մաս 1) վերաբերյալ: Քվեարկության օրը ներկայացված հանցագործության մասին միակ հաղորդումը վերաբերել է դիտորդի գործունեության խոչընդոտմանը (ՔՕ հոդված 210, մաս 1, երկու դեպք) և քվեարկության գաղտնիության խախտմանը (ՔՕ հոդված 215, մաս 2): Նախընտրական քարոզչության փուլում Դաշինքը նաև ներկայացրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ դիմումներ՝ կապված նման իրավունք չունեցող անձի կողմից քարոզարշավին մասնակցելու (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 1), վարչական ռեսուրսի չարաշահման (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 2), քվեարկության նախորդ օրն ու քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն քարոզչություն իրականացնելու (ՎԻՎՕ հոդված 40.1), ինչպես նաև անձնական տվյալների մշակման կարգը խախտելու (ՎԻՎՕ հոդված 189.17, մաս 1) հետ:

Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ իրավապահ մարմիններն ընտրակաշառքի ու բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ քննվող գործերի սահմաններում մարտի 27-ին և 30-ին իրականացրել են ընտրական սուբյեկտ հանդիսացող անձանց ձերբակալություններ: Դաշինքը համարում է, որ իրավապահները պետք է պայքարեն ընտրական հանցագործությունների դեմ և ձգտեն դա անել այնպես, որ նվազագույն միջամտություն լինի ընտրական պրոցեսին, ինչպես նաև ընտրողական մոտեցում չցուցաբերվի քաղաքական ուժերի հանդեպ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ կարճաժամկետ դիտարկման արդյունքում «Անկախ դիտորդի» կողմից արձանագրված, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով հասանելի դարձած խախտումների բնույթն ու քանակը այնպիսին էին, որ «Անկախ դիտորդ» դաշինքը կարող է արձանագրել, որ քվեարկության արդյունքները Գյումրիում ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը: Այդուհանդերձ, Գյումրիում քվեարկության օրվան նախորդող փուլում ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության դեպքերը կրել են պարբերական բնույթ, և դրանց ազդեցության գնահատումն անհնարին է:

Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող էական հանգամանքներ «Անկախ դիտորդը» չի արձանագրել:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել նախընտրական փուլի և քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի թիմակիցների հանդեպ հարուցված քրեական վարույթների, «Անկախ դիտորդի» կողմից ներկայացված և դեռևս ընթացք չստացած հաղորդումների ընթացքին, ինչպես նաև վերահաշվարկների ընթացքին և արդյունքներին: Նախատեսվում է նաև զննության ենթարկել քաղաքական ուժերի հայտարարագրված և այլ կերպ նույնականացված ֆինանսավորումը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

     «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և

     «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի

     «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»,

Նորություններ