Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման դեպքերով Արմավիրն ու Շիրակն աաջատարն են Երևանից հետո․դատախազությունը զեկույց է հրապարակել

«Թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառման մեջ է գտնվող անձանց թիվն ավելացել է, 2018-ին հաշվառված է եղել 6572 անձ, 2024-ին՝ 7772 անձ
2024 թվականին թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 3639՝ 2023 թվականին արձանագրված 5070 դեպքի դիմաց։ Այս մասին նշված է գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին զեկույցում։
Դատախազության այսօր հրապարակած ծավակուն զեկույցից առանձնացնում ենք թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մասին տվյալները։
Ըստ դատախազության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ 892-ով կամ 31.8%-ով պակաս է։
2024 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է, այն կազմել է 14.8%, իսկ 2023 թվականին՝ 15.6%։
Իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նույնպես մի փոքր նվազել է, անցած տարի այն կազմել է 8.3%, 2023 թվականին՝ 8.8%։
«Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների ընդհանուր թվի 28.2%- ով նվազումը պայմանավորված է նախ և առաջ այն հանգամանքով, որ 2023 թվականի ընթացքում ապօրինի պահվող թմրամիջոցների հայտնաբերման բոլոր դեպքերում քրեական վարույթները նախաձեռնվել են ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ 2024 թվականի ընթացքում, անձանց մոտ ապօրինի պահվող մանր չափի բուսական ծագում ունեցող թմրամիջոցների հայտնաբերման դեպքում, երբ բացակայել են նշված թմրամիջոցի ապօրինի իրացման առերևույթ դեպքի մասին փաստական տվյալներ, քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են իրավասու մարմնին՝ մանր չափերով թմրամիջոց ապօրինի պահելու կամ օգտագործելու համար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար»,-նշված է զեկույցում:
Դատախազության հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3047 հանցագործություն է արձանագրվել, որից 1633-ը՝ մարզերում, 1414-ը՝ Երևանում։ Ընդ որում, մարզերից «առաջատարները» Արմավիրն ու Շիրակն են, համապատասխանաբար՝ 565 և 385: Նույն տարում թմրամիջոցների իրացման նպատակով շրջանառության 1910 դեպք է արձանագրվել, որից 1066-ը՝ Երևանում, մարզերում՝ 844: Այս հանցագործության դեպքում էլ կրկին «առաջատարը» Արմավիրն է, ապա՝ Շիրակը, համապատասխանաբար՝ 262 և 248 դեպք։ Մանրամասն՝ տե՛ս լուսանկարում
Իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի 2023 և 2024 թվականների բացահայտման ցուցանիշները՝ տե՛ս լուսանկարում։
Դատախազությունը հայտնում է, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է ՀՀ գրեթե ողջ տարածքում։ Բացառություն են կազմում Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի մարզերը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 426 կգ 563 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2023 թվականի 202 կգ 60 գրամի դիմաց: Առգրավվել են նաև՝ 750.17 գրամ հոգեմետ նյութեր, 2023 թվականի 376.034 գրամի դիմաց: 2024 թվականի ընթացքում առգրավվել են 29.8 գրամ պրեկուրսորներ, 2023 թվականի 125.4 գրամի դիմաց:
2023 և 2024 թվականների ընթացքում ապօրինի շրջանառությունից հանված թմրամիջոցների՝ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված վիճակագրական համեմատական տվյալները տե՛ս լուսանկարում։
2023 թվականի համեմատությամբ աճել է ապօրինի շրջանառությունից հանված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող ինչպես սինթետիկ, այնպես էլ բուսական ծագման թմրամիջոցների քանակը:
Հաշվետու ժամանակաշրջանում աճել է ապօրինի շրջանառությունից հանված «Մեթամֆետամին» «Հերոին», «Մեֆեդրոն» «Մեթադոն» «Սփայս», «a-PVP» «Կոկաին», «Մարիխուանա», «Տետրահիդրոկաննաբինոլ պարունակող բուսական խառնուրդ» և նոր տեսակի՝ 4- CMC, 2C-B թմրամիջոցի և թմրամիջոցներ կրող զանգվածները, մինչդեռ 2023 թվականի ընթացքում արձանագրվել էր «Կանեփ», «Ափիոն», «Հաշիշ», «ԼՍԴ» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների աճ: Հատկանշական է, որ 2024 թվականի ընթացքում նվազել է «Ափիոն» (85.504 գր), «Կանեփ» (49 կգ 626.217 գր), «ՄԴՄԱ» (113.239 գր), «ԼՍԴ» (0.058 գր), «Հաշիշ» (227.22 գր) տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
«Միևնույն ժամանակ մտահոգիչ է այնպիսի թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճը, ինչպիսիք են «Հերոինը»՝ 17 կգ 442.181 գր, «Մեթամֆետամինը»՝ 13 կգ 495.761 գր, «Մեֆեդրոնը»՝ 4 կգ 115.41գր և «Սփայսը»՝ 2 կգ 82.655 գրամ»,-նշված է դատախազության զեկույցում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառման մեջ է գտնվել 7772 անձ, 2023 թվականին՝ 7612 անձ, 2022 թվականին՝ 7570 անձ, 2021 թվականին՝ 7392, 2020 թվականին՝ 7209, 2019 թվականին՝ 6951, 2018 թվականին՝ 6572։