«Էս ամենի մեջ զգացի, որ երևի չեմ կարողանա էդ ներվային, խառնաշփոթի մեջ աշխատել, բայց առաջինը՝ առողջական խնդիրն է»․ Սուսաննա Մկրտչյանն՝ իր ինքնաբացարկի մասին

«Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարի թեկնածուն՝ նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը մամուլում շրջանառավող այն լուրերին, թե իբր նա չի ցանկացել Վարդան Ղուկասյանին միանալ, ասում է՝ «ես դրա մեջ ո՛չ խորացել եմ, ո՛չ քարոզարշավի եմ մասնակցել, ո՛չ որևէ բան»
ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը, ով Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ավագանու թեկնածու էր առաջադրվել պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակով, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
Նա REGIONS TV-ի հետ զրույցում հայտնեց, որ նման քայլի է դիմել առաջին հերթին այն պատճառով, որ օրեր առաջ սրտի հետ կապված առողջական խնդիր է ունեցել, ստացիոնար բուժում ստացել։
«Ինքնաբացարկ հայտնելուս առաջին պատճառը առողջական վիճակս էր․ և 2-րդը, գիտե՞ք, ես մարդ եմ, որ սիրում է խաղաղ միջավայրում աշխատել։ Իսկ Էս ամենի մեջ ես զգացի, որ երևի չեմ կարողանա էդ ներվային, խառնաշփոթի մեջ աշխատել։ Ավելի լավ է, ես իմ առողջությանը տեր կանգնեմ։ Դրա համար էլ, գնացի ինքնաբացարկ հայտնեցի, հրաժարվեցի»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը։
Նրա ներկայացմամբ՝ առաջադրվելիս չի էլ մտածել այն մասին, թե իր հավաքած ձայները հօգուտ ում են ուղղվելու։ Ասում է՝ ինքը մարդ է, ով բոլորի հետ էլ կարող է աշխատել։ Հիմնականում իր նպատակը մշակութային խնդիրների լուծումն էր, որովհետև, քաղաքը լինելով մշակութային, շատ գործեր, առաջարկներ կարելի էր անել։
79-ամյա Սուսաննա Մկրտչյանը Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր տնօրենն է, երկար տարիներ ղեկավարում է այս կառույցը։
«Ես 50 տարի աշխատում եմ, կոլեկտիվ եմ ղեկավարում, կյանքում որևէ բարձր ձայն մեզ մոտ չի եղել։ Բոլորի հետ էլ կաշխատեի, ճիշտն ասած, ինձ համար դա էդքան էլ նշանակություն չունի, ուղղակի մտածեցի, որ էս տարիքում ավելի լավ է, ես հանգիստ մնամ, չներվայնանամ։ Որովհետև ահագին լուրջ խնդիր էր ինձ մոտ, սրտի հետ կապված»,- նշեց Սուսաննա Մկրտչյանը։
Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե իբր Սուսաննա Մկրտչյանը չի ցանկացել Վարդան Ղուկասյանին միանալ, նկարչուհին նշեց հետևյալը․ «Ովքեր որ առաջադրվում են, իրենք, ամեն մարդ իր նպատակն ունի, տողատակն ունի։ Ես դրա մեջ ո՛չ խորացել եմ, ո՛չ քարոզարշավի եմ մասնակցել, ո՛չ որևէ բան։ Նախօրոք էլ, որ ինձ առաջարկեցին առաջադրվել, ասացի, որ ես քաղաքականության մեջ մտնող մարդ չեմ, որովհետև ամբողջ կյանքս ես մենակ արվեստով եմ զբաղվել։ Ես մենակ էն պայմանով համաձայնեցի ցուցակ ընդգրկվել, որ եթե անցնեմ, զբաղվեմ միայն քաղաքի մշակութային հարցերով։ Մնացածը, թե ով ինչ է մտածել, ես ի՞նչ իմանամ»,- նշեց Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ «Իմ հզոր համայնք»-ն արդեն հայտարարել է, որ քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ՝ եթե առաջիկայում ավագանու նիստ գումարվի։
Կարինե Կազարովա