Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին

Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, հայտարարել են, որ ավագանիում քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երեկ ուշ երեկոյան հայտարարել է․«․․․ Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Մենք դեռ ընտրություններից առաջ ասել էինք, որ հավակնում ենք առավելագույն ձայներին, բայց եթե այնպես ստացվի, որ եթե ընդդիմադիր որևէ այլ ուժ ստանա առավելագույն ձայներ, ապա պատրաստ ենք մեր քվեով՝ առանց կոալիցիոն որևէ բանակցությունների և աթոռակռվի մեջ մտնելու, սատարել այդ ուժին, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի։ Այժմ միայն «Մայր Հայաստանի» ձայները բավական չեն դրա համար, ուստի գնդակն այժմ ավագանի անցած ընդդիմադիր մյուս ուժերի դաշտում է։ Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս ուժերին վեր կանգնել անձնական ամբիցիաներից և սկսել երկխոսություն, մենք էլ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել և երաշխավորը դառնալ այն պայմանավորվածությունների, որոնք կարող են ձեռք բերվել»։
Հիշեցնենք, Մայր Հայաստանն, ըստ ԿՀԸ նախնական արդյունքների, ստացել է 2 844 ձայն, ընտրողների՝ 6,18%-ը։
Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ընդդիամդիր ուժը՝ «Իմ հզոր համայնք»-ը ստացել է 3 659 ձայն, ընտրողների՝ 7,94%-ը։
Այս ուժի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է․«․․․Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին»:
Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%-ը՝ 9 537 ձայն։
Ընդդիմադիր «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ստացել է 7 296 ձայն՝ 15,85%։
Իսկ ՔՊ-ն ստացել է 16 938 ձայն՝ 36,80%։
Ընդդիմադիր չորս ուժերը հաղթահարել են անցողիկ շեմը։ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարել է․«Ընդդիմությունից ով ինձանից շատ ձայն հավաքի, միանշանակ, միանալու ենք իրեն՝ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայն հավաքեմ, էդ նույն սկզբունքը պետք է կիրառել»։
Մարտուն Գրիգորյանն առայժմ հայտարարությունի չի արել՝ արդյոք կմիանա ընդդիմությանը և կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։