Արցախցիների ներկայացրած պահանջներն իրատեսական են, ՀՀ պետբյուջեն ի վիճակի է կրելու այդ «ծանրությունը»․Մանե Թանդիլյան

«Խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ երբեք թույլ չտաք իշխանական քարոզչամեքենան ձեզ վրա աշխատի: Մենք բոլորս մեկ հայրենիքի տեր ենք, և եկեք մեկ մարդու նման լինենք մեր հայրենակիցների պահանջի կողքին, որովհետև նրանց պահանջը վերաբերում է նաև ՀՀ անվտանգությանը»,-այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո։
Թանդիլյանը իրատեսական է համարում արցախցիների կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված 12 կետից բաղկացած առաջարկի իրականացումը: Նրա խոսքով՝ ճիշտ թիրախային սահմաններ դնելով՝ խնդրի լուծումը լիովին իրատեսական է, ՀՀ պետական բյուջեն ի վիճակի է կրելու այդ «ծանրությունը»: Խոսելով Արցախ վերադառնալու արցախցիների պահանջից, Թանդիլյանն ասաց.«Դա ևս իրագործելի է, եթե արցախցիների ներկայությունը արժանապատվորեն կարողանանք ապահովել: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունները սարսափահար են լինում Արցախ բառից, կամ արցախցիների Արցախ վերադարձի իրավունքի իրացումից, որովհետև իրենք շարժվում են լրիվ այլ օրակարգով, որը ՀՀ քաղաքացու շահերից չի բխում: Այն պահից, երբ իրենք պետականամետ քաղաքականություն կվարեն, կհասկանան արցախցիների բարձրացրած հարցերի կարևորությունը, ռազմավարական նշանակությունն ու հեռահար նպատակները»:
Հիշեցնենք, որ սա այսօրվա ընթացքում խորհրդի անդամների և տարբեր քաղաքական ուժերի հետ կայացած երրորդ հանդիպումն էր: Նմանօրինակ քննարկումներ տեղի են ունենալու մինչև ապրիլի 15-ը, որից հետո արցախցիները պատրաստվում են մեծ հանրահավաք իրականացնել:
Մարտի 18-ից արցախցիները բողոքի գործողություն են իրականացնում Ազատության հրապարակում, նրանց բողոքը վերաբերում է կառավարության ընդունած հերթական նախագծին, որով ապրիլի 1-ից դադարեցվել է «40+10» աջակցության ծրագիրը: Նրանք պահանջում են չզրկել իրենց սոցիալական աջակցությունից այնքան ժամանակ, մինչև չապահովվեն բնակարաններով, ինչպես նաև կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձն ապահովելու համար։ Խորհրդի գործողությունների հիմնական նպատակը արցախցիների հավաքական վերադարձն է Արցախ, այս ուղղությամբ ևս կառավարությունից պահանջում են օրակարգից չբացառել այս հարցի քննարկումները։
Նիկոլ Մարգարյան