ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու նորընտիր ավագանու անդամների անունները

Այսօր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում հրապարակվեց Գյումրու ավագանու անդամների անունները։
Մինչ այդ հանձնաժողովն «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակի 3-րդ համարի թեկնածու Սուսաննա Մկրտչյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչեց, պարզ ասած՝ հաստատեց Մկրտչյանի ինքնաբացարկը։
Երեկ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաև «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովը նրա դիմումի հիման վրա ևս նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչեց։
Ապա հանժնաժողովի նախագահը ներկայացրեց Գյումրու ավագանու անդամներին՝
ՔՊ՝ Սարկի Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան, Լևոն Անանյան, Շավարշ Արամյան, Քնարիկ Հարությունյան, Հովհաննես Մանուկյան, Էդգար Բաղդասարյան, Գալյա Հայրապետյան, Անդրանիկ Հակոբյան, Նարեկ Բեգզադյան, Աստղիկ Բեյբուտյան, Վահան Դավթյան, Լուսինե Նազարյան։
Կոմունիստական կուսակցություն՝ Վարդան Ղուկասյան, Ավետիս Առաքելյան, Լուսինե Անանյան, Գևորգ Ղուկասյան, Սեդրակ Սահակյան, Նարինե Մեսրոպյան։
«Մեր քաղաքը»՝ Սվետլաննա Ադամյան, Հովհաննես Գևորգյան, Լիզա Գասպարյան, Կարեն Գրիգորյան, Կարեն Բադալյան, Վարդան Եդիգարյան։
«Իմ հզոր համայնք»՝ Ռուբեն Մխիթարյան, վահե Կիրակոսյան, ինքնաբացարկ հայտնած Սուսաննա Մկրտչյանի մանդատը փոխանցվեց հաջորդ կին թեկնածուին՝ Սուսաննա Մոսոյանին։
«Մայր Հայաստան»՝ Կարեն Սիմոյան, Աննա Մուրադյան։ Այս դեպքում ցուցակի երկրորդ համարի տղամարդ թեկնածուին՝ Դերենիկ Մալխասյանին չփոխանցվեց մանդատը, քանի որ ըստ օրենքի, այն պետք է փոխանցվի հաջորդ կին թեկնածուին։
Հանձնաժողովի նախագահն ասաց՝ եթե հետագայում մանդատից հրաժարվելու դեպքեր լինեն, ապա, ըստ օրենքի, դրանց վերաբերյալ դիմումները պետք է ներկայացվեն քաղաքապետին։ Սակայն, ըստ նրա, դեռ մեկ օր կա, վերջնաժամկետը վաղն է, կարող են վաղը ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել
Գյումրու նորընտիր ավագանու նիստը նախատեսված է ապրիլի 16-ին, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ։
Կումկուսով ընտրված Վարդան Ղուկասյանն ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու։ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ անհրաժեշտ քվե կտա, որպեսզի Ղուկասյանն ընտրվի։
ՔՊ-ն դեռ չի հայտարարել՝ արդյոք առաջադրելու է թեկնածու։ Միայն ՔՊ-ի ձայները բավարար չեն քաղաքապետ ընտրվելու համար։
Ըստ օրենքի, Գյումրու ավագանու առաջին նիստը պետք է վարի ավագանու անդամներից ամենատարեցը։ Հանձնաժողովի նախագահը սկզբում ասաց, որ դա «Մեր քաղաքը» դաշինքից Հովհաննես Գևորգյանն է, թեև անգիր չէր հիշում նրա և մյուսների ծննդյան տարեթվերը։ Ասաց՝ դեմքերին նայելով ոնց որ Հովհաննես Գևորգյանն է։
Հետո պարզվեց, որ Գևորգյանն ու Վարդան Ղուկասյանը հասակակիցներ են, բայց Ղուկասյանը մի քանի ամսով Հովհաննես Գևորգյանից մեծ է։
Այնպես որ, Գյումրու ավագանու առաջին նիստը, ըստ օրենքի, կվարի Վարդան Ղուկասյանը, իր առաջադրման մասին հայտարարությունն էր ինքը կհնչեցնի։