Մալխաս Ամոյան․«Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ առաջին անգամ ինձ ավելի հեշտ տրվեց հաղթանակը, քան հիմա»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնություն․ հավաքականի մարզիչներն ու մրցանակակիրները ամփոփում են մրցաշարը
Ապրիլի 10-15-ը Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մրցարշարին մասնակցել է 10 հոգանոց կազմով։ Նվաճելով մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ մեր հավաքականը թիմային հաշվարկում գրավեց հինգերորդ հորիզոնականը։
Մալխաս Ամոյանն եզրափակչում 3։1 հաշվով հաղթել է վրացի Ռամազ Զոյձեին, իսկ Կարեն Ասլանյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Քամալին։
«Թիմը լավ մարզավիճակում էր։ Մալխաս Ամոյանը ապացուցեց, որ ինքն է երկրամասի ուժեղագույնը։ Կարեն Ասլանյանը ևս մի քիչ ավելացրել է՝ բրոնզը արծաթ դարձավ։ Հաջորդ մրցաշարում ոսկե մեդալ ենք ցանկանում»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացնելով թիմի մրցելույթներն ասաց հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը։
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն էլ ասաց՝ տարեց տարի չեմպիոն հռչակվելը ավելի է բարդանում, առանձնացրեց կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը, նշելով՝ այստեղ մրցակիցները ավելի փորձառու էին․«Զգացողություններս անբացատրելի են։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հռչակվել Եվրոպայի քառակի չեմպիոն։ Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ առաջին անգամ ինձ ավելի հեշտ տրվեց հաղթանակը, քան հիմա»։
Վերլուծելով իր ելույթները Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը պարտությունը համարեց լավ փորձ և սխալների շտկման հնարավորություն Աշխարհի գալիք առաջնությունում հաջողության հասնելու ճանապարհին։
Հայաստանի հունահռոմեական ոճի ընբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էլ վստահեցրեց, որ ֆիզիկական պատրաստության տեսանկյունից մեր ըմբիշները չեն զիջում որևէ մեկին, շատ հաճախ խնդիրը հոգեբանական է․«Շատ դեպքերում խնդիրը առաջանում է մրցման մեջ ունեցած լարվածությունից։ Օրինակները տարբեր են։ Մալխաս Ամոյանը Օլիմպիական խաղերում շատ հեշտ կարող էր հաղթել ճապոնացի ըմբիշին, բայց լարված էր, ինչն էլ բերեց պարտության։ Շանթ Խաչատրյանը ևս օլիմպիական չեմպիոնին հաղթում էր 6-0, կրկին լարվածության պատճառով պարտվեց։ Այնպես որ մեզ մոտ խնդիրը դա է»։
Անդրադառնալով Կարեն Ասլանյանի գոտեմարտին, ասաց․«Հենց սկզբում միավորների մեծ տարբերություն եղավ։ Բայց Կարենը չկոտրվեց, վեց րոպե ամեն ինչ արեց, ամեն ինչ տվեց, որ հաղթի։ Չկարողացավ, որովհետև դիմացինը ևս Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիր էր, հավասար տղաներ էին»։
Վերլուծեց նաև Արթուր Ալեքսանյանի մրցելույթները, ընդգծելով, որ խանգարող հանգամանքներից մեկը նրա մինչև մրցարշարը ստացած վնասվածքն էր․«Մրցումներից քսան օր առաջ պատռվեց Արթուրի ճակատը, մինչև ոսկորը։ Չորս, թե հինգ կար դրվեց, ու ինչ որ ժամանակահատված բաց թողեց։ Ամեն դեպքում հասցրեց վերականգնվել։ Ուղղակի «ծնկաչոք» վիճակում չկարողացավ «բռնվածքը» լավ իրականացնել, ու կատարել իր «զինանոցի» հիմնական հնարքը։ Լինում է նաև այդպես։ Անպարտելի մարդ չկա»։
Հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց նաև այն մտահոգություններին, որ թիմում անընդհատ նույն անուններն են։ Նշեց, որ հավաքականում սերնդափոխություն է սպասվում, մեկնարկում է նոր ցիկլ, և մոտ ապագայում սպասվող մրցաշարերում վստահաբար կտեսնենք նոր անուններ։
Նիկոլ Մարգարյան