Հրաժարվեք ձեր ծառայողական մեքենաներից, ես ձեզ կապահովեմ տրանսպորտի զեղչված փաթեթով․Սիսակ Գաբրիելյանը՝ Սեյրան Օհանյանին | Region

Հրաժարվեք ձեր ծառայողական մեքենաներից, ես ձեզ կապահովեմ տրանսպորտի զեղչված փաթեթով․Սիսակ Գաբրիելյանը՝ Սեյրան Օհանյանին

Ապրիլ 17,2025 14:09

ՔՊ-ական պատգամավորն այսօր խորհրդարանում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ գնաճի, մակարոնի թանկացման մասին քննադատություններին, ասաց՝ պատգամավորներն, այդ թվում՝ ընդդիմադիր, այսօր ստանում են 850,000 դրամ աշխատավարձ«․․․հրաժարվեք 450 հազար ավել աշխատավարձից, ես ձեզ կապահովեմ մակարանով»

Ազգային ժողովում Կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ գնաճի, գույքահարկի բարձրացման մասին քննադատություններին։

Ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ վերջին տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես՝ մակարոնի գինը էապես աճել է, Գաբրիելյանը հակադարձեց՝ եթե գները բարձրացել են, ապա պատգամավորների աշխատավարձերն էլ են աճել, այդ թվում՝ ընդդիմադիրների։

«Դուք ասում եք՝ մակարոնի գինը բարձրացել է, կարող է 50%-ով բարձրացել է,  բայց չեք ասում հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դուք այսօր ստանում եք 850,000 դրամ աշխատավարձ՝ ամեն ամիս։ Այսինքն, 450 հազար դրամ ավել աշխատավարձ եք ստանում։ «Հայաստան» խմբակցության ցանացած պատգամավոր եթե պատրաստ է ինձ տալ իր ավելացված 450 հազար դրամ ավել աշխատավարձը, ես երաշխավորում եմ, որ իրեն ու իր ընտանիքին կապահովեմ մակարոնով։ Համաձա՞յն եք, պե՞տք է, հետ կետչուպ էլ կտամ, պեստո էլ կառնեմ»,– հայտարարեց Գաբրիելյանը։

Նա հավելեց՝ միջին աշխատավարձը 170,000 դրամից դարձել է 270,000 դրամ․ «Այո, այստեղ կա արդարացում։ Եթե մարդը, որ նախկինում չէր աշխատում կամ չկարողացավ գումար վաստակել, ապա մակարոնի թանկացումը կարող է շատ ավելի ծանր լինել նրա համար։ Մենք էլ ենք ասում, որ սա պետք է հաղթահարվի աշխատանքով»։

Նա անդրադարձավ ընդդիմության՝ ծառայողական մեքենաների կրճատման անհրաժեշտության մասին հայտարարություններին, ընդդիմադիրներըգտնում են, որ ծառայողական մեքենաների թիվը շատ է, այս իշխանության քաղաքականությունը որակում են որպես պատադավատապետություն։ Գաբրիելյանը նշեց, որ իրենց հանձնաժողովն արդեն հրաժարվել է ծառայողական ավտոմեքենաներից, իսկ ընդդիմադիր խմբակցությունը շարունակում է օգտվել դրանցից․ «Այս տարվա հունվարի 1-ից մենք որպես հանձնաժողով այլևս մեքենա չունենք։ Ձեր ֆրակցիայի ղեկավարը, իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահից հրաժարվեք այդ մեքենայից, ես երաշխավորում եմ՝ կգնեմ տարեկան տրանսպորտի 90 հազար դրամանոց փաթեթը։ Դուք նաև նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության, մեր բարեփոխումների արդյունքում մի քիչ էլ զեղչով կառնենք։ Եկեք էստեղ կանգնեք, ասեք՝ ես հրաժարվում եմ պադավատից, մենք ձեզ կապահովենք։ Ես նորից ասում եմ՝ մենք այլևս չունենք, դուք ունեք։ Ձեր պատգամավորին ասեք, երբ խոսում է պադավատապետությունիցառայողական մեքենայից, թող ձեզ նայի»։

Գաբրիելյանը խոսեց նաև գույքահարկի շուրջ բարձրացած դժգոհություններից։ Նրա խոսքով՝ նոր հարկման կարգով բարձրացված վճարները հավասարության են բերում նախկինում անարդարացիորեն փոքր հարկ վճարած գույքի տերերին՝ շեշտելով, որ այդ քայլի արդյունքում հնարավոր է դարձել բարելավել համայնքային ենթակառուցվածքները։

Անդրադառնալով հանրային քննարկումների ենթարկված մշակութային կառույցների շուրջ որոշումներին՝ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց․ «Նաև ասում են՝ էս երկիրը ինքնության և երշիկի մասին ա։ Երբ ազգային ակադեմիական թատերոնի մոտով անցնում էիք և տեսնում, որ ներքնահարկը գիշերային ակումբի է վերածվել, այսինքն երշիկի մասին չէր, բայց ստրիպտիզի մասի՞ն էր հա էս պետությունը։ Եվ հետո գալ ու ասել, որ ազգային բառը հանում են թատրոնից, ազգայինը չենք հանում, ստրիպտիզն ենք հանում օպերայից։ Ծիծաղում ենք, բայց լացելու բան ա, 25 տարի օպերայի թատրոնի աշխատակիցները անգամ զուգարան չեն ունեցել, վերջերս եմ տեսել»։

Սիսակ Գաբրիելյանը անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ հասարակությանը պառակտելու, արցախցիների նկատմամբ ատելություն սերմանելու մասին հայտարարություններին, նշելով, որ նա մոլորության մեջ է։ Ասաց՝ քաղաքական պառակտում չկա, այդ հարցերը պետք է քննարկվեն՝ առանց դրանց քաղաքականացվելու․ «Ազնիվ չի, երբ մի գործարարից ուզում ես ասֆալտը գա քո տան դիմացը անի, հետո կկազմակերպի հանգիստդ, բայց երբ գործարարը հրաժարվում է ինչ-որ բան անելուց, դու գալիս ես ու ասում՝ տեսե՞լ եք նրա ապօրինի շինությունը։ Բայց երբ պետք է խոսեիր՝ չես խոսել, քանի որ այդ եկամուտներն էիր ստանում»։

Սյուզաննա Խառատյան

 

 

Նորություններ