«Քաղաքակրթական պարտություն էր․անհեթեթություն է 21-րդ դարում կոմունիզմի վերադարձը նման կերպով։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը քայլ է ՀՀ-ի ինքնիշխանության դեմ»․Սեյրան Մարտիրոսյան | Region

«Քաղաքակրթական պարտություն էր․անհեթեթություն է 21-րդ դարում կոմունիզմի վերադարձը նման կերպով։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը քայլ է ՀՀ-ի ինքնիշխանության դեմ»․Սեյրան Մարտիրոսյան

Ապրիլ 18,2025 14:25

Վարդան Ղուկասյանի հայտարարությունը քայլ է ՀՀ-ի ինքնիշխանության դեմ։ Այս մասին Regions TV-ի հետ զրույցում ասաց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:

Ապրիլի 16-ին Գյումրիու ավագանու նիստում  Կումունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ: Նույն օրը, նիստից հետո լրագրողների հետ ճապազրույցում պատասխանելով հարցին՝ կողմ է արդյոք ՌԴ-ի հետ միութենական պետությանը, նա ասաց․«Կողմ եմ, բայց Բելառուսի օրինակով»։

Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով՝ նման հակասական մտքեր արտահայտելը բնորոշ է Վարդան Ղուկասյանին, և այս դեպքը նմանատիպ միակ օրինակը չէ.«Մեկ ուրիշ տեղ էլ ասում է, որ ինքը հայամետ է, հայրենիքը շատ սիրող անձնավորություն է, և կողմնակից է Հայաստանի անկախության և ինքնիշխանության պահպանմանը: Այստեղ խորը հակասություններ կան խոսքային տիրույթում: Ամեն դեպքում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը գերագույն արժեք է, և որևէ մեկի կողմից չի կարող կասկածի տակ դրվել: Ով դա ասել է, ինքն էլ հետագայում պետք է հիմնավորի իր նման կարծիքը»:

Արդյոք Վարդան Ղուկասյանի կարծիքը կիսում են գյումրեցիների մեծ մասը, Մարտիրոսյանն ասաց՝ դա դեռ պետք է պարզել։

Նա նաև կարևորեց, որ ավագանիում կոալիցիա չի ձևավորվել.

«Կոալիցիա Գյումրիում չկա, և Վարդան Ղուկասյանին միացող 3 ուժերն էլ  շեշտել են, որ քաղաքական գործընթացներում պատասխանատվություն չեն կրում: Այնպես որ, այս առումով շատ հետաքրքիր ժամանակներ են սպասվում, շատ եզակի իրավիճակ է: Այստեղ գաղափարների և ծրագրերի պայքար չկար: Կար անձերի, ընտանիքների կամ «կլանների» պայքար, ինչը շատ խոցելի է դարձնում ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այս ընտրություններում հաղթողներ չկան: Սա քաղաքակրթական պարտություն էր: Անհեթեթություն է 21-րդ դարում կոմունիզմի վերադարձը նման կերպով»,-ասաց իրավապաշտպանը։

Ի՞նչ ակնկալել Գյումրու այս կազմով իշխանությունից, կրկնվելո՞ւ են Վարդան Ղուկասյանի նախկին կառավարման տարիները, Մարտիրոսյանն այս առնչությամբ ասաց՝ իրավիճակները հիմա և 13 տարի առաջ լիովին տարբերվում են, մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, և այն խնդիրները, որոնք ունի Գյումրին ժամանակակից մոտեցումներ են պահանջում։

«Մինչև հիմա հնարավոր չէ ծանոթանալ ծրագրին, և հնարավոր չէ իմանալ, թե քաղաքի զարգացման  ինչ տեսլականներ կան, յուրաքանչյուր ուժից ի՞նչ բաղադրիչ է օգտագործվելու հնգամյա զարգացման ծրագրում: Պոպուլիստական բոլոր այն արտահայտությունները, որոնք հնչել են քարոզարշավի ժամանակ՝ բնորոշ են քարոզարշավին։ Ինչպես ասում են՝ երբեք այնքան շատ չեն ստում, որքան ընտրություններից առաջ»,-եզրափակեց Սեյրան Մարտիրոսյանը:

Նիկոլ Մարգարյան

 

 

 

 

Նորություններ