«Ես կողմ եմ, որ այդ թալանը վերադարձվի ժողովրդին»․Սամվել Շահրամանյան | Region

«Ես կողմ եմ, որ այդ թալանը վերադարձվի ժողովրդին»․Սամվել Շահրամանյան

Ապրիլ 18,2025 16:26

Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքված մի խումբ արցախցիներ այսօր բողոքի ցույց էին անում։

Հիշեցնենք, որ նրանք պահանջում էին հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան հետ: Սկզբում որոշում էր կայացվել հանդիպումը 10 հոգանոց խմբով անցակցնել Արցախի ներկայացուցչության շենքի ներսում, հետո վերջին պահին նախաձեռնող խումբը մտքափոխվեց՝ շարունակելով պահանջել, որպեսզի Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամայանը դուրս գա բոլորի հետ հանդիպի։

«Մենք պահանջում ենք ՀՀ Քնչական կոմիտեից, Արցախի ներկայացուցչությունից և բոլոր կուսակցության անդամներից, որոնք առանց մեր կարծիքը հաշվի առնելու մեր մասով որոշում են կայացնում: Մենք տեսել ենք այդ ամենը ու դրանց հետևանքները: Հետո «զիբիլից» հաց ենք հավաքելու: 30 տարի աղի հանքը հանդիսացել է Արկադի Ղուկասյանի սեփականությունը, ամիսը 30 միլիոնով տվել է պետությանը: Մենք ունենք այս ինֆորմացիան, եկեք չվախենանք ու բարձրաձայնենք: Չենք գնալու այստեղից, մինչև մեր հարցերի պատասխանը չլսենք»,-հայտարարում էին ցույցի մասնակիցները:

Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը հայտարարեց․«Արցախի ներդրումային հիմնադրամի փողերը, մենք գիտենք, որ գնացել են կոնկրետ ուժերի ներկայացուցիչների, ովքեր Շահրամանյանին բերել` դրել են այդ պաշտոնին։ Փաստաթղթերով է, այդ անունները լրիվ հրապարակված են»։ Լրագրողների՝ անուններ հնչեցնելու հորդորին ի պատասխան Օսիպյանն ասաց․«48 անուն-ազգանունը հատ-հատ չեմ ասելու, հիշում եմ, չեմ ասում։ Որ մեկի անունը տանք, մյուսինը չտանք, մեզ կմեղադրեն։ Դատախազությունը մեզնից լավ գիտի անուն-ազգանունները»։

Հիշեցնենք, որ ներդրումային հիմնադրամի գործը իրավապահնները քննում են։

Ապա լրագրողների այլ հարցերին ի պատասխան Օսիպյանն ասաց․«Ուզում եք ասեք, որ  Շահրամանյանից բան չկա՞ պահանջելու։ Թող գնա դատախազություն, որ արագացնեն գործընթացը։ Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում ենք, որ դատախազությունը ցուցակը հրապարակելու է, եւ ամենախոշորից սկսելու ենք։ Մենք նրա մասին չենք խոսում, ինչ հասել է հասարակ քաղաքացիներին, մենք խոսում ենք 467 մլն դոլարի մասին։ Այդ գումարով Արցախի առաջնագծի ամեն կմ-ին 2 մլն դոլար է հասնում։ Եվ այդ 467 մլն դոլարը 25 մլն դոլարով, 20 մլն դոլարով, 27 մլն դոլարով բաշխվել է, այ այսպիսի բաշխումներ են եղել»։

Ի վերջո Սամվել Շահրամանյանը դուրս եկավ հանդիպման: Նա խոսում էր ներկայացուցչության բակում՝ դարպասներից ներս, իսկ բողոքի ցույցի մասնակիցները դարպասից դուրս էին։ Շահրամանյանը հայտարարեց, որ այսօրվա ցույցի կազմակերպիչները մինչ այս իր հետ հանդիպելու հնարավորություններ ունեցել են, եղել են բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են խնդիրները, այդ թվում՝ հնարավոր թալանի հետ կապված:

«Եթե ձեր ակցիան իրոք նպատակ ունի վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին: Ես ուրախ եմ նման նախաձեռնության համար, և կողմ եմ, որ այդ թալանը վերադարձվի ժողովրդին»,-հայտարարեց Շահրամանյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ 2023 թվականի նոյեմբերի 8-ին այդ նպատակով համապատասխան գրություն է գրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, այդ գրության հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ինքը՝ Շահրամանյանը հրավիրվել է որպես վկա հարցաքննության, առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Նա հավելեց, որ հարցաքննվել են նաեւ Արցախի այլ պաշտոնյաներ,այդ թվում՝ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենը։ Նրա խոսքով՝ այս ամենի վերաբերյալ տեղեկատվական շտաբը վերջերս ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով իրավապահ մարմիններին ակտիվացնել այդ նպատակով իրականացվող գործողությունները:

Ինչ վերաբերում է արցախցիների այն հայտարարություններին, որ եթե Սամվել Շահրամանյանը չի կարողանում իրենց առաջնորդել, թող հեռանա, Շահրամանյանն այսպես արձագանքեց․ «Երբ դուք շեշտում եք՝ կամ մեզ առաջնորդիր, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետեւյալը՝ Արցախի Սահմանադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո, եւ այդ ձեր նշած անձը կարող է դիմել Ազգային ժողով, համապատասխան ձեւով գրանցվել եւ որպես նախագահի թեկնածու ներկայանալ։ Առաջնորդությունը չի լինում միայն փողոցային, ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը, եւ այսօր էլ ժողովրդի այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրդին դուրս բերելու համար, գոյություն չունի։ Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել Հակարիի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Եվ մեր նպատակը եղել է փրկել մեր զինծառայողներին, մեր ժողովրդին եւ հնարավորություն տալ խաղաղ ճանապարհով դուրս գալ այս իրավիճակից»։

Նա նաև ասաց, որ դեմ չէ արցախցիների հետ գնալ գլխավոր դատախազի մոտ, որին էլ ուղիղ հարցեր կարող են տալ ու ստանալ պատասխաններ։

Շահրամանյանը ասաց, որ սա քաղաքական ակցիա է, և իր ակցիային միանալու անհրաժեշտությունը նա չի տեսնում, ասաց՝ երկուշաբթի օրը սպասում եմ նախաձեռնող խմբին՝  խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու համար:

 Նիկոլ Մարգարայան

 

 

Նորություններ