«Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի ներկայացուցիչները ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ»․Շահրամանյան

«Արցախի էջը չի կարելի համարել փակված՝ քանի դեռ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, և չունի հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»,-այս մասին այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ արցախցիներ բողոքի ցույց էին անում Արցախի ներկայացուցչության մոտ, նրանք Շահրամանյանից պահանջում էի հստակ պատասխանել իրենց հարցերին, Արցախի ժողովրդից թալանածը վերադարձնել կարիքավոր արցախցիներին։
Իր հասցեին մեղադրանքները, որ ինքն է լուծարել Արցախի Հանրապետությունը, լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան Շահրամանյանն ասաց․«Սենց որ նայում եք, Արցախի Հանրապետությունը լուծարվա՞՛ծ է»։ Ասաց, որ այդ պնդումներն ուղղակի շահարկում է ՀՀ իշխանությունը․«Ով ուզում է տեսնել Արցախի Հանրապետությունը, որևէ իրավական խնդիր չկա»։
Լուծարման հրամանագրի պատճառների մասին մանրամասներ չասաց։
ՀՀ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման փաստաթուղթը՝ Բաքվի հետ, նույն օրը, երբ կստորագրվի Խաղաղության պայմանագիրը։
Ինչպես նաև ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Արցախյան շարժումը չպիտի շարունակվի, Արցախի հարցը հանված է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից։
Շահրամանյանն այս առնչությամբ ասաց․«Դեմ ենք նաև Մինսկի խմբի լուծարմանը, որովհետև դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար: Ակնկալում եմ նաև այս մասով ՀՀ քաղաքացիների արձագանքը»։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունը քննադատում է Արցախի իշխանությանը, որ մերժել են մինչ լուծարման հրամանագիրն ու բռնի տեղահանումը հանդիպել Բաքվի ներկայացուցիչների հետ, Շահրամանյանը պատասխանեց․«Շատ է շահարկվում, իրականության հետ առնչություն չունի։ Ինչ է նշանակում՝ չեք գնացել Սոֆիա, Ադրբեջանը ձեր վրա հարձակվել է։ Ադրբեջանը նման իրավունք չուներ, որ մենք հանդիպման չգնայինք, իրենք հարձակվեին։ Այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը, մենք քննարկել ենք այդ հարցը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, տվել ենք դրական պատասխան, որ պատրաստ ենք գնալ։ Բացի դրանից, 15 օր անց՝ Սոֆիայի առաջարկից հետո եղել է հանդիպման առաջարկ Բրատիսլավայում, ընդունել ենք։ Մեր պատվիրակությունն արդեն տոմսեր էր գնել մեկնելու։ Ադրբեջանը հետո մերժել է»։
Նա ասաց, որ ՀՀ իշխանությունը փորձում է իր դիվանագիտական ձախողումները բարդել մեկ ուրիշի վրա․«Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի ներկայացուցիչները տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։ Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը ուղիղ բանալցել են։ ՀՀ իշխանությունը լավ տեղյակ է»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՀ-ում երկրորդ կառավարություն չի կարող լինել՝ նկատի ունենալով Արցախի կառավարությանը, ապա Շահրամանյանն ասաց՝ համաձայն ենք․«Կա մեկ՝ ՀՀ կառավարություն, մենք մեզ չենք համարում ՀՀ կառավարություն։ Մեր ճանապարհն է՝ ունենալ հայկական Արցախի, այդ ճանապարհը գնում է ուժեղ, անկախ Հայաստանի միջոցով»:
Ասաց, որ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ և ԱԺ ընդդիմության կողմից ստեղծված հանձնախումբը միջազգային լավ աշխատանք է իրականացնում․«Վերջսր Շվեցարիայի խորհրդարանը վերջերս ընդունել է բանաձև, որով նախատեսվում է խաղաղության կոնֆերանս իրականացնել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»:
Հաստատեց, որ արցախցիները բախվում են լուրջ սոցիալական խնդիրների, միևնույն ժամանակ ընդգծելով, որ ՀՀ Կառավարությունը լուրջ ֆինանսական միջոցներ է ուղղղում հարցի լուծման համար, որը սակայն բավարար չէ, որպեսզի արցախցիները կարողանան լիարժեք ինտեգրվել ու ապրել ՀՀ-ում:
Շահրամանյանը վստահեցրեց՝ չնայած եղած բազմաթիվ խնդիրներին, արցախցիները իրենց համարում են ՀՀ քաղաքացիներ, որովհետև ունեն համապատասխան փաստաթղթեր, և ոչնչով չեն տարբերվում ՀՀ քաղաքացիներից, բերելով կոնկրետ իր օրինակը.«Ես հանդիսանում եմ ՀՀ ԱԱԾ թոշակառու, ունեմ ՀՀ քաղաքացուն տրամադրվող ID քարտ, ես ունեցել եմ դիվանագիտական անձնագիր: Հիմա ասեք, ես ո՞նց կարող է լինեմ ոչ Հայաստանի քաղաքացի»:
Անդրադարձավ նաև օրերս խորհրդարանում տեղի ունեցած նիստին, որի ընթացքում օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որպեսզի մինչև համապետական ընտրություններ իրականացնելը գործի Արցախի նախագահի «ինստիտուտը»: Շահրամանյանը մեկնաբանեց իրավիճակը.«Դա պետական «ինստիտուտ» է, որը պետք է պահպանվի, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենանք լեգիտիմ ներկայացուցիչներ ունենալու՝ բանակցությունների, քննարկումների և շփումների համար»:
Նիկոլ Մարգարյան