«Մինսկի խմբի լուծարումից և տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա»․ Անթալիայում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը

Այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Ըստ ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն գրում են, որ Անթալյաում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է․«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա»։
Ադրբեջանի արտգործ նախարարը Մինսկի խումբն անվանել է «հակամարտության մնացուկ»։ Նա կրկին անգամ պնդել է Բաքվի պահանջը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։
Արարատ Միրզոյանն արձագանքելով Բայրամովին, ասել է՝ Մինսկի խումբը կողմերը կարող են լուծարել պայմանագրի ստորագրման հենց նույն օրը։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահամանդրությանը փոխելուն, ապա Միրզոյանն ասել է, որ Հայաստանի Սահմանադրությունում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում Անկախության հռչակագրին, որը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական նշանակություն չունի: