Մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած քաղաքացիների վիճակի մասին

Գյումրիում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածներից երկուսը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են տուն։ Այս մասին REGIONSTV-ին փոխանցեցին Գյումրու բժշկական կենտրոնից։
Ավտովթարի հետևանքով հինգ անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ ութամյա աղջիկ։
Վիրավորներից 1-ը՝ «Ford Transit»-ի վարորդը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Գյումրու ԲԿ մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ անչափահասը համապատասխան բուժօգնություն է ստացել Գյումրու ԲԿ Ավստրիական մանկական բաժանմունքում, ինչից հետո՝ ընտանիքի որոշմամբ, տեղափոխվել է Երևան՝ հետագա բուժման նպատակով։ Մեր ունեցած տեղեկություններով երեխան ունի կոտրվածքներ, վիճակը գնահատվում է կայուն-ծանր։
Մյուսները համեմատաբար քիչ են տուժել։
Հիվանդանոցից վստահեցրին՝ տուժած Հ. Զ.-ի մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածք և պոլիտրավման։ Նա ԲԿ է տեղափոխվել կլինիկական մահվան վիճակում, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ։
Մ. Զ.-ի մոտ արձանագրվել են գլխի և ականջի քերծվածքներ։ Չնայած բժշկի կողմից հոսպիտալացման առաջարկին՝ նա բուժօգնություն ստանալուց հետո սեփական դիմումի համաձայն վերադարձել է տուն։
Հ. Ս.-ի մոտ ախտորոշվել է կրծքային ողերի կոտրվածք։ Նա այս պահին շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն Գյումրու բժշկական կենտրոնում։
Ա. Մ.-ն հետազոտվել է, առաջարկվել է ամբուլատոր հսկողություն, սակայն հրաժարվել է, և վերադարձել է տուն։
Ինչ վերաբերում է անչափահաս աղջնակի առողջական վիճակին, ապա Երևանի «Սուրբ Աստվածածին» հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կոտրվածքներ, վիճակը կայուն ծանր է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ի սամաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում։ Մարզպետարանի շենքի մոտակայքում բախվել են «Kamaz», «Ford Transit», «Mercedes», «Opel» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի «Kamaz»-ը բախվել է «Ford Transit»-ին և կողաշրջվել։
Երեխան, որն այս պահին հիվանդանոցում է, մահացածի դուստրն է, նա ականատեսների պատմելով, հոր հետ եղել է Ford մակնիշի մեքենայում։ Մահացածը, որի մեքենան միրգ-բանջարեղենով էր բարձված եղել, գյուղմթերքի առևտրով էր զբաղվում դեպքի վայրից ոչ հեռու գտնվող հատվածում։ Նրա մեքենան հարվածի հետևանքով բախվել է լուսացույցի սյանը։
Նիկոլ Մարգարյան