«Չեմ բացառում, որ Ադրբեջանը այս պահին Վրաստանի միջոցով գրոհում է մեր կոնյակագործության և խաղողագործության վրա»․Գագիկ Մակարյան | Region

«Չեմ բացառում, որ Ադրբեջանը այս պահին Վրաստանի միջոցով գրոհում է մեր կոնյակագործության և խաղողագործության վրա»․Գագիկ Մակարյան

Մայիս 21,2025 18:04

Կոնյակ արտահանողներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանց շրջանում բողոքի ալիք բարձրացավ, երբ հայկական կոնյակն արտահանելիս Վրաստանի տարածքում անհասկանալի խոչընդոտների է բախվում։ Նշում են, որ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում անհիմն լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը իր հերթին հանգեցնում է ուշացումների և ֆինանսական կորուստների։

Նրանք վստահեցնում են, որ իրենց բեռները 40 օրից ավելի է՝ կանգնած են Վրաստանի տարածքում, չնայած լաբորատոր փորձաքննությամբ շեղումներ չեն հայտնաբերվել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  ոլորտի ներկայացուցիչների հետ օրեր առաջ տեղի ուենցած հանդիպմանը հավաստիացրել էր, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։ Նա խոստացել էր անձամբ մեկնելու է Վրաստան այս հարցին լուծում տալու համար։ Վրաստանի դեսպանատնից ևս խոստացել էին պարզաանել իրավիճակն ու հստակ պատասխաններ տալ, սակայն քանի որ իրավիճակը չի փոխվում, կոնյակ արտահանողներն ու կոնյաագործները այսօր ևս հավաքվել էին իրավիճակը պարզաբանելու հույսով։

Բողոքի ցույցի մասնակիցները երկկողմանի փակել էին դեսպանատանը հարակից Ծարավ Աղբյուրի փողոցը։ Նրանց զարմացնում է Վրաստանի անցակետում աշխատակիցների  նմանատիպ վարքն այն պարագայում, երբ այդ ապրանքը Վրաստանի համար չէ, և այս պարագայում այն պարզապես տարանցիկ երկիր է։

«Եթե կա երրորդ կողմ, ով ուզում է խոչընդոտել հայ-վրացական դարերից եկած բարեկամությունը, այս դեպքում թող աշխատի և՛ Հայաստանի կողմը, և՛ Վրաստանի կոողմը, որպեսզի թույլ չտա խոչընդել մեր բարեկամությանը»,-նշեց ցույցի մասնակիցներից մեկ, որը Պռոշյանի գինու գործարանի աշխատակից է։

Ի դեպ, ոմանք նշում էին, որ գործատուներն իրենց ուղարկել են հարկադիր պարապուրդի, քանի որ արտադրամասերը նշված խնդիրների պատճառով չեն աշխատում։

«Արդեն հինգ օր է չենք աշխատում։ Խնդրում ենք ճանապարհը բացեն, ուրիշ բան չենք ուզում։ Մենք մեր աշխատավարձով կապրենք, միայն թող մեր քսան մեքենան գնա տեղ հասնի։ Ես աշխատում եմ արդեն 14-րդ սեզոնը, բայց նման բան երբեք չի եղել»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր գինեգործ Ալբերտ Ներսիսյանը ևս նշեց՝   արդեն 40 օր շարունակ մեքենաները սահմանի վրա կանգնեցնում են, ապրանքը ուղարկում են փորձաքննության՝ այդ ամենի համար չտալով որևէ պարզաբանում․«Այս պահին միայն մեր գործարանից 15-ից ավել մեքենաներ են կանգնած։ Շատ մեծ վնասներ ենք կրել, գլխավորը պատվիրատուներին կորցնելու վտանգն է։ Ռուսաստանում և Բելառուսում բոլորը պայմանագրերով է, մենք մատակարարման ժամկետների, շուկայից դուրս մնալու և մեծ տուգանքներ վճարելու խնդիր ունենք»։

Ցույցի մասնակիցներն ասացին, որ մի վարկած է շրջանառվում․ հայկական կոնյակի հետ այդպես են վարվում, քանի որ  Ադրբեջանի համար են ճանապարհ բացում, որպեսզի իրենց անորակ ու էժան ապրանքն արտահանեն այլ երկրներ։

Ցույցին զուգահեռ դեսպանատան ներկայացուցիչների հետ Շահնազարյան և Պռոշյան գործարանների մեկական աշխատակիցներ ներսում խնդիրն էին քննարկում։

Բողոքի ցույցի վայրում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության  նախագահ Գագիկ Մակարյանը։ Նա կարծիք հայտենց՝ Վրաստանի տնտեսությունը գտնվում է Թուրքիա-Ադրբեջան երկվորյակային զույգի ազդեցության տակ․«Բավական է ասել, որ Վրաստանի ներմուծման ծավալները 11 միլիարդի մեջ արտահանումը կազմում է ընդամենը 3-3,5 միլիարդ։ Այսինքն Վրաստանը վերածվում է թույլ տնտեսություն ունեցող երկրի, որտեղ արտահանումը չի անցնում 35 տոկոսից, ինչը շատ վատ ցուցանիշ է։ Առաջին գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են, միասին վերցրած 3 միլիարդ դոլարից ավել։ Հետևաբար, կարծում եմ, որ սա Թուրքիա-Ադրբեջան զույգին հաճոյանալու լավ առիթ է»։

Պարոն Մակարյանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ Վրաստանը ուսումնասիրում է նաև արտահանողների փաստաթղթերը, տեսնելով նաև կոմերցիոն գաղտնիները․«Իմ ենթադրությամբ ամբողջ ինֆորմացիան վաղը մյուս օրը փոխանցելու են իրենց կոնյակագործներին, և փորձելու են շուկան խաթարելով աստիճանաբար գրավել այն։ Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ։ Չեմ բացառում նաև, որ Ադրբեջանը այս պահին Վրաստանի միջոցով գրոհում է մեր կոնյակագործության և խաղողագործության վրա։ Կարծում եմ, որ այս հարցում Վրաստանի դեսպանատունը որևէ կոնկրետ քայլ չի անում, պետք է գործել երկու ճակատով՝ դիմել ԵԱՏՄ և Առևտրի համաշխարհային կազմակերպություն»։

Շուրջ երկու ժամ Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ

սակայն ցույցը չկայացավ, քանի որ կառավարությունից խոստացան շատ կարճ ժամանակում լուծել խնդիրը։

Ցույցի կազմակերպիչները նշեցին, որ եթե վաղը պատասխան չստանան,  ապա համապատասխան հայտարարությամբ հանդես կգան։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ