Կառավարությունը կոնյակագործների համար աջակցության ծրագիր է մշակում, նախարարը խոստանում է՝ կոնյակ արտադրողներին մենակ չեն թողնի

ՀՀ կառավարությունը կոնյակ արտադրողներին մենակ չի թողել եւ չի թողնի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւոգ Պապոյանն՝ անդրադառնալով Վրաստանի մաքսայինների կողմից հայկական կոնյակի անհարկի ստուգումներին։
Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակով բեռնված մեքենաները Վրաստանի տարածքում տևական ժամանակ է կանգնեցվում են, մեքենաներից հանվում են մաքսային կնիքները, նմուշառում են լաբորատոր փորձաքննության համար։ Կոնյակագործներն ասում են, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, և նման լաբորատոր փորձաքննության կամ ստուգումների իրավունք չունեն։ Ոլորտի ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անում, երեկ էլ ցույցը Վրաստանի դեսպանատան մոտ էր։
Էկոնոմիկայի նախարարը խոստացել էր խնդիրը քննարկելու համար մեկնել Վրաստան։ Նա այսօրվա ճեպազրույցում ասաց, որ չի մեկնել Թբիլիսի, սակայն ակտիվ քննարկումների մեջ են վրացական կողմի հետ։
Թե ի վերջո ինչպես է այս խնդիրը լուծվելու, հարցին նախարարը հստակ պատասխան չտվեց։
Նա ասաց, որ փակագծերը չի բացի, նաև հավելեց, որ կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար․«Դրանք կապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Մեր աջակցության ծրագիրը լինելու է մեր բիզնեսների մրցունակության պահպանման եւ խաղողի անխոչընդոտ եւ անխափան մթերումների մասին։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք կիրականացնեն խաղողի անխոչընդոտ մթերում, նրանք կստանան որոշակի աջակցություն։ Սա կօգնի խնդիրների լուծմանը»։