«Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» հարցում․Էրդողան

Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցուղու» հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է․«… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն ուղի է, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս միջանցքի բացումը շատ կարճ ժամանակահատվածում նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը»։
Էրդողանն ասել է, որ «յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ և միջանցք կապահովի տնտեսական շահույթ և ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին»:
Թուրքիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ զարգացումներին, ասել է․«Մենք արդեն ուզում ենք խաղաղություն և անդորր տեսնել Հարավային Կովկասում: Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բոլորին օգուտ կբերի: Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից: Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում: Ձեռք բերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար: Մենք զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք Հայաստանի հետ: Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից: Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա»:
Հիշեցնենք, Ադրբեջանը ձգտում է Սյունիքով դեպի Նախիջևան անխոչընդոտ տեղաշարժվելու ճանապարհ ստանալ, որն, ըստ Բաքվի պահանջի, առանց մաքսային հսկողության կլինի։ Հայաստանը բազմիցս է հայտարարել՝ Բաքուն կարող է ստանալ ճանապահ միայն ՀՀ ինքիշխանության ներքո։