«Իշխանությունը պարտավոր է ապահովել ՀՀ-ի և նրա բնակչության անվտանգությունը, այլ ոչ թե հոգալ, թե քանի հազար ադրբեջանցի պիտի գա Հայաստան»․Ալավերդյան | Region

«Իշխանությունը պարտավոր է ապահովել ՀՀ-ի և նրա բնակչության անվտանգությունը, այլ ոչ թե հոգալ, թե քանի հազար ադրբեջանցի պիտի գա Հայաստան»․Ալավերդյան

Մայիս 31,2025 14:40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեման տաք պահել։

Ալիևը հայտարարում է, որ ««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել»։ Բաքուն նախապայման է դնում՝ ««Արևմտյան ադրբեջանցիների» իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար»։

Ինչո՞ւ է Ալիևը «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի և ընդհանրապես արևմտյան Ադրբեջանի թեման ակտիվացրել։ Արդյոք սա արվում է՝ որպես հակընդեմ պատասխան Հայաստանին, երբ մենք խոսում ենք արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքներից։

«Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները բացարձակապես կապ չունեն արցախցիների կողմից վերադարձի հարցը բարձրացնելու հետ: Սա Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ մշակվող ռազմավարություն է, և այս հնարածին նարատիվները Ադրբեջանն իրականացնում է դեռ 1992 թվականից»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ»-ի գործադիր տնորեն Լարիսա Ալավերդյանը։

Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճապազրույցում ասել  է․ «Մենք էլ ենք տարածքային պահանջ անում, չէ՞, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ-որ նախագահ են ընտրում իրենց համար։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի արած քայլերն ասում ենք՝ տեսա՞ք ինչ արեց։ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «արեւմտյան Ադրբեջան» կհիմնադրեմ։ Ալիևը որոշել է, որ եթե մենք արդարացիորեն, բոլոր փաստերով ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի՝ արեւմտյան Ադրբեջան»։

Այս առնչությամբ տիկին Ալավերդյանը նշեց՝ թեմայի ակտիվացումը այս փուլում և դրա տարբեր հարթակներից բարձրաձայնումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իշխանությունները ևս շահագրգռված են իրադարձութունների նման ընթացքով, և այսկերպ ընձեռում են դրա հնարավորությունը.«Այս թիմը, որը իրեն կոչում է «Քաղաքացիական պայմանագիր», հանցավոր պայմանավորվածության արդյունքում հրաժարվեց Արցախից: Այս թիմը պատրաստ է ընդառաջել Ադրբեջանի բոլոր տարածքային պահանջներին։ Տեսնելով, որ Հայաստանը հնարավոր չէ զավթել դրսից, 2018 թվականին այն նենգորեն զավթել են ներսից: Իրադարձությունների նման զարգացումը օրինաչափ է, քանի որ մեր հասարակության զգալի հատվածը անտարբեր է ոչ միայն Արցախի, այլև հենց Հայաստանի ճակատագրի նկատմամբ»:

Ալեն Սիմոնյանը վերջերս նաև անդրադարձել է ադրբեջանական թեզին՝ «300 հազար ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան», Սիմոնյանն ասել է՝ «․․․երբ կլինի «խաղաղության պայմանագիր», հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ Հայաստանի տարածքում այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են։ Հիմա ոնց են հայերն ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ»։

Արդյոք նման բան հնարավո՞ր է։ Այս հարցին ի պատասխան Լարիսա Ալավերդյանը նախ ԱԺ նախագահի հայտարությունն անհիմն համարեց, ապա անհնար համարեց Սիմոնյանի առաջ քաշած տարբերակը։

«Ադրբեջանը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ տարբեր ժամանակներում, թե´ Սովետական ժամանակահատվածում, թե´ դրանից առաջ: Եթե խոսենք միայն  նոր ժամանակներից, ապա 1988 թվականից Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել հայերի հանդեպ, ոչ միայն Ադրբեջանում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերում: Նրանք ունեն միմիայն զավթողական նպատակներ, և նրանց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանին ամբողջությամբ տիրանալը: Նման մոտեցմամբ ներկա իշխանությունները նպաստում են այդ նպատակի ժամ առաջ իրագործմանը»:

Լարիսա Ալավերդյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին ի հակառակ նմանատիպ մոտեցումների, հնարավոր բոլոր ձևերով փորձել պայքարել Ադրբեջանի դեմ, այդկերպ ապահովելով նաև ՀՀ քաղաքացիների անվտանգությունը.«Նրանք պարտավոր են բոլոր քաղաքական հարթակներից հայտարարել, ու սկսել հետապնդումը թե´ հանցանք գործած առանձին անձանց,  և թե´ ամբողջ պետության հանդեպ, մասնավորապես 2020 թվականից հետո: Իրականությունը այն է, որ այս իշխանությունները պարտավոր են ըստ Սահմանադրության ապահովել ՀՀ-ի և նրա բնակչության անվտանգությունը, այլ ոչ թե հոգալ, թե քանի հազար ադրբեջանցի պիտի գա Հայաստան»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ